Իշխան Սաղաթէլեանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը

Բրիւսէլում գտնւող Իշխան Սաղաթէլեանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Թագաւորութեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան գլխաւր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլէյի եւ Բելգիայի Ֆրանսախօս ամենամեծ կուսակցութիւն MR-ի խմբակցութեան ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը հանդիպումների ընթացքում անդրադարձ են կատարել
. արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման հրամայականին,
. Ադրբեջանի վրայ միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտութեանը եւ հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման խնդրին,
. Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակւող ագրեսիային եւ Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին,
. Բաքւում անցկացւելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրութեան օբիեկտիւ կեցւածքի դրսեւորման կարեւորութեանը,
. հայաստանեան ներքաղաքական իրավիճակին առնչւող հարցերին եւ ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնւող դէպքերին:
Յանեկ Պոլէյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակւել տարբեր ոլորտներում ԵՍԿ եւ ՀՅԴ գործակցութեան սերտացման, միջկուսակցական յարաբերութիւնների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժէքային համակարգի առաջմղման վերաբերեալ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ
22.07.2024 թ.