Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտի սթափեցնող յօդւածը. «Պարսից Ծոց»-ից «Կասպից ծով» ո՞վ եւ ինչո՞ւ է փորձում խեղաթիւրել պատմական անւանումները
Կամ՝ որտեղից ծագեց «Խազար» բարբարոսածին անւանումը
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ապրիլ ամսւայ ընթացքում տեղի ունեցաւ Իրանի նախկին նախագահի այցը Մազանդարան նահանգ: Այսօրինակ այցերն իրենց յատուկ ձեռքբերումների կողքին, յաճախ ունենում են լուսանցքային խնդիրներ նաեւ, որոնցից մէկին ժամանակին իր յօդւածում անդրադարձել է Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին, սակայն նախագահ Ռէյիսիի մահւան հետ կապւած զարգացումների ստւերում մնալով, լուսաբանւելու կամ հանրութեանն ինչպէս հարկն է ներկայացւելու առիթ չունեցաւ փորձագէտի բարձրաձայնած խնդիրը:
Եւրասիական աւագ գիտաշխատող եւ միջազգային իրաւունքի գիտութիւնների թեկնածուն իր կայքէջում տեղադրած յօդւածում անդրադարձել է Մազանդարան պատմական անւանումին, որտեղ կատարւած այցի ընթացքում նախագահ Ռէյսիին առաջարկւել է մտածել եւս մէկ նահանգի՝ Խազար անունով մարզի ստեղծման մասին:
Այս կապակցութեամբ դոկտ. Քազեմին նշել է, որ նման քննարկումներն իրանական-իսլամական ինքնութեանը հակասող թեմաներ են եւ լսարանի ուշադրութիւնն է հրաւիրել հետեւեալ խնդիրների վրայ.
««Դեհխոդա» հանրագիտական բառարանում «Խազար» անւան մասին ասւած է. «Խազարը շրջան է թուրքեստանում, որը նաեւ Դաշտէ Քափչաղ է կոչւում (Նազեմ ալ-Աթբայ) (Ֆարհանգէ Ջահանգիրի) (Ղիաթ ալ-Լողաթ)։ Այս անւան սահմանման հարցում Եաղութ Համաւին այսպէս է պարզաբանում՝ Խազարը թուրքական ցեղերի հողի անւանում է, եւ այն գտնւում է Բաբ ալ-Աբւաբի հետեւում, որը յայտնի է որպէս Դարբանդ եւ գտնւում է Զիլ-Ղարնաին ամբարտակի մօտ։ Ահմադ բին Ֆազլանն իր դիտարկումները Կասպից ծովի տարածաշրջանի մասին գրել է իր գիտական հետազօտութեան մէջ: Կասպիանը Աթել կոչւող քաղաքային շրջանն է, իսկ Աթելը գետի անուն է, որը հոսում է Ռուսաստանից եւ Բուլղարիայից դէպի Կասպից ծով: «Սահեբէ Անջոմանէ Արայէ Նասերին» էլ իր հերթին արձանագրել է, որ Մազանդարան ծովը կոչւում է նաեւ Կասպից ծով՝ այդ նահանգին մօտ լինելու պատճառով։
Ապա նա նշել է, որ համաձայն Դեհխոդայի հանրագիտական բառարանի եւ այլ պատմական փաստաթղթագրւած արձանագրութիւնների, Կասպից բառի բնութագրերի եւ անւանման վերաբերեալ պէտք է բարձրաձայնել երեք կարեւոր կէտի մասին.
«Նախ. Խազարը՝ որպէս տարածաշրջանի անուն, այն թուրքախօս շրջանի անունն է Կասպից ծովի հիւսիսում գտնւող Ղբչաղի հարթավայրի: Այստեղ նկատի ունենք փոքր Ասիայի Ուղուզներին, որոնք չունեն ազգակցական կապ Իրանի հպարտ ատրպատականցիների հետ։
Երկրորդ. Խազար բառը որպէս ժողովրդի անուն: Խազարները հրէադաւան ցեղախումբ էին, որոնց վայրագութիւններն ու այլոց տարածքների վրայ յարձակումների մասին յիշատակւել են պատմական աղբիւրներում, այնպէս որ Սասանեանների ժամանակաշրջանում Դարբանդի պարիսպը կառուցւել էր հէնց նրանց առաջն առնելու համար։
Երրորդ. Հրէադաւան խազարական թուրքերի՝ հակաիրանական պահւածքն ու մօետեցումն է, մերթ միայնակ, մերթ դաշնակցելով հռոմէացիների հետ, ապա՝ սլաւոնների հետ, խոչընդոտ հանդիսացաւ Հիւսիսային Կովկասում Իրանի ներկայութիւնն ամրագրելու հարցում:
Հետեւաբար, խազարները հակաիրանական հրեայ օղուզ ցեղախմբերի միաւորում էր, որոնք ապրում էին համանուն տարածքում»:
Փորձագէտն անդրադառնալով այն փաստին, որ վերջին տասնամեակների ընթացքում պաշտօնական աղբիւրներում Խազար անւանմանը վերաբերւել են մատների արանքից, նշել է, որ այն շարունակւում է անփութօրէն կիրառւել, եւ ինչ-որ տեղ նաեւ տարածւել, չնայած հանրային լեզւում այն դեռ չի հասցրել լայն տարածում գտնել:
«Որպէս երեք տասնամեայ գործընթացի շարունակութիւն՝ 2020 թւականից ի վեր երկու ռազմավարական իրադարձութիւն է տեղի ունենում՝ ի դէմս Եւրասիայում սիոնիզմի եւ պանթուրքիզմի միութեանը՝ անգլօ-սաքսոնական կարգի տեսքով, նպատակային ուղղւածութեամբ փորձ է արւում Խազար անւանումն օգտագործել Կասպիցի փոխարէն»,- նշել է նա:
Այդ առանցքի շուրջ համախմբւած կողմերը հետեւում են Ադրբեջանի Հանրապետութիւնը յուդայականացնելու սիոնիզմի փորձին. «Այդ են վկայում իբր «պատմական հրէական Խազարական կայսրութեան» գոյութեան մասին պնդումները: Սիոնիստական շրջանակները մի կողմից պնդում են Խազրան կոչւող հնագոյն հրէական կայսրութեան գոյութեան մասին, իսկ միւս կողմից՝ իրականացնելով Ադրբեջանում հրեաների բնակեցման ծրագիր փորձում են վերափոխել այդ երկիրը, դարձնելով այն սիոնիզմի տարածաշրջանային բազա: Իսկ Խազար անւանման շուրջ պտտւելը կարող է համընթաց լինել նրանց ծրագրի հետ»,- գրել է փորձագէտը:
Դոկտ. Քազեմին յիշեցնելով, որ նրանք Խազար անւանումն ու դրա հետ կապւած իւրաքանչիւր գործօն շրջանառութեան մէջ պահելը համատեղելի են համարում թուրանեան աշխարհի ստեղծման գաղափարի հետ, յաւելել է. «Եբրայա-լոնդոնեան առանցքը փորձում է թուրանացնել Ադրբեջանի Հանրապետութիւնը, որպէսզի ստեղծւի այսպէս կոչւած թուրքական աշխարհ՝ ՆԱՏՕ-ի Թուրանեան միջանցքի առանցքի շուրջ: Դաւը Իրանի վրայ տարածելու նպատակ է հետապնդում նաեւ»:
Փորձագէտը վերադառնալով անվտանգային հարցերում տեղանունների կարեւորութեանը նշել է, որ Գորգանի ծովը կամ Վարկանէ ծովը Իրանի հիւսիսային ծովի ամենահին անունն է, որը յիշատակւել է նաեւ Աքեմենեան եւ Պարթեւական արձանագրութիւններում: «Իրանի պատմական քարտէզներում օգտագործւել է Գորգան ծովի անւանումը, Թաբարեսթանի, Դէյլամի, Հիրքանի, Գիլանի, Մազանդարանի եւ Կասպից ծովի անւանումները եւս հերթաբար նշւել են տարբեր ժամանակաշրջաններում: Իսկ միջազգային քարտէզներում եւ նամակագրութեան մէջ այս ծովի համար օգտագործւում է Կասպից ծով անւանումը միայն»,- նշել է փորձագէտը։
«Նկատի ունենալով Խազար անւանման հակաիրանական ենթատեքստը՝ կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ այս բառի գործածութիւնը վերանայման ենթակայ չի եղել։ Ո՞ր շրջանակներն են ձգտում զարգացնել եւ առաջ մղել իսլամական Իրանի մշակութային ինքնութեան հետ անհամատեղելի այս բառը՝ այս անգամ երկրի հիւսիսում նոր նահանգի ստեղծման քննարկումների տեսքով։ Ո՞րն է թուրքական եւ անգլօ-սաքսոնական լաբբիի դերն այս հարցում»,- գրել է փորձագէտը, ապա նշել, որ 2002 թւականին Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սաադ Աբադ պալատում, Իրանի ժամանակի նախագահ Խաթամին օգտագործեց Մազանդարան ծով բառը, որն անմիջապէս հանդիպեց Հէյդար Ալիեւի արձագանգին, որն ընդհատեց Խաթամիի ելոյթը:
«Մերժելով Մազանդարան ծով անւանումը՝ Հէյդար Ալիեւը ընդգծւած կերպով այս ծովն անւանեց Խազար: Իհարկէ, Խազարը հասկանալի պատճառներով գուցէ Ադրբեջանի Հանրապետութիւնում տարածւած բառ է՝ թուրքական, օղուզական, հրէական էթնիկ գծերով։ Թուրքական քաղաքականութիւնը քարոզող այդ երկրի հեռուստաալիքներից մէկը նոյնիսկ կոչւում է «Խազար»: Այս դէպքից անմիջապէս յետոյ, այն ժամանակւայ առաջին փոխնախագահի կողմից հաստատութիւններին ուղղւած շրջաբերականում, բոլոր կառոյցները պարտաւորւեցին օգտագործել Խազար անւանումը՝ այլ անւանումների փոխարէն»,- յիշեցրել է փորձագէտը:
«Անհասկանալի է, թէ ինչո՞ւ մինչ այժմ չի վերանայւել այս չհիմնաւորւած որոշումը։ Իսկ ինչո՞ւ է այժմ Կասպից ծովի ափին նոր նահանգի ստեղծման համար նման անփութութիւններին առիթ տրւում: Ովքե՞ր են այդ լաբբիները, կամ ի՞նչ շրջանակներից հասած սխալ խորհուրդների հետեւանք են դրանք»,- հարց է տւել դոկտ. Ահմադ Քազեմին:
«Սա Իրանի թշնամիների ծրագրերի շարքից է, որոնք մեր երկրի դէմ ահաբեկչական գործողութիւններին եւ տնտեսական պատերազմին զուգահեռ փորձում են օգտագործել խնդիրներով տարւած մեր կառավարութեան զբաղւածութիւնը՝ մշակութային եւ ինքնութեան բաղադրիչների դէմ առիթաւորւելու համար։ Իսկ ինքնութեան դէմ յարձակումների հետեւանքները շատ աւելի մեծ են, քան տնտեսութեան դէմ ծրագրերը»,- նշել է նա:
Վերջում Եւրասիական աւագ գիտաշխատող եւ միջազգային իրաւունքի գիտութիւնների թեկնածուն եզրակացրել է, որ իսլամական Իրանի ինքնութեան հիմքերի պաշտպանութիւնը Գերագոյն առաջնորդի դիրքորոշման սկզբունքներից մէկն է: Նման իրավիճակում ակնկալւում է, որ 14-րդ կառավարութիւնն ուշադրութիւն է դարձնելու Գերագոյն առաջնորդի պահանջներին, այս առումով եւս ճիշտ եւ բեկումնային որոշում կը կայացնի եւ որպէս առաջին քայլը Իրանի Հիւսիսային ծովի անունը կը վերադարձնի իր իսկական ինքնութեանը: