
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյան «Թեհրան, Իրան, աշխարհ» հաղորդմանը տւած հարցազրոյցում անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքականութեան վերջին մէկ տարւայ իրադարձութիւններին, մասնաւորապէս՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատելու կանոնակարգին եւ նշել, որ Գործակալութիւնը պէտք է իմանայ, որ նոր Իրանի հետ աշխատելու համար նրան պէտք են համապատասխանեցնել քայլերը նոր պայմանների եւ Իրանի որոշումների հետ:
Խորհրդարանի ընդունած որոշումն ու գործակալութեան հետ համագործակցութեան նոր շրջանակը
ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութիւնը դադարեցնելու մասին խորհրդարանի որոշման եւ գործակալութեան պատւիրակութեան սպասւող այցի վերաբերեալ ԱԳ նախարարը յիշեցրել է, որ խորհրդարանը փաստացի գործակալութեան հետ համագործակցութիւնը թողել է Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհրդի որոշմաը։ «Գործակալութիւնը պատերազմից առաջ ընդունած բանաձեւով ճանապարհ հարթեց պատերազմի համար։ Նոյնիսկ, երբ մեր միջուկային օբիեկտների վրայ անօրինական յարձակում իրականացւեց, Գործակալութիւնը, որի պարտաւորութիւնների մաս էր խաղաղ օբիեկտների պաշտպանումը, հրաժարւեց դատապարտել կատարւածը»,- ասել է նա՝ յաւելելով. «Հարցն այն է, թէ ինչպէ՞ս է Գործակալութիւնը ցանկանում ստուգել ռմբակոծւած ու աւերւած օբիեկտները։ Այս պայմանների համար ձեւաչափ գոյութիւն չունի: Հետեւաբար, պէտք է որոշւի աշխատանքային նոր շրջանակ»:
Արաղչին գլխաւոր տնօրէնի տեղակալի հնարաւոր ժամանման մասին նշել է. «Եթէ փոխըմբռնման հասնենք, բնական է, որ համագործակցութիւնը կը շարունակւի»։
Ռուսաստանի եւ Չինաստանի հետ յարաբերութիւնները
«Ռուսաստանը եւ Չինաստանը Անվտանգութեան խորհրդի երկու մշտական անդամներ են, որոնց հետ մենք խորացւած յարաբերութիւններ ունենք»,- նշել է Արաղչին եւ յաւելել. «Ընդամէնը երկու շաբաթ առաջ տեղի ունեցաւ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի եռակողմ գագաթնաժողով, եւ մենք շարունակում ենք խորհրդակցել միմեանց հետ: Իրանի դէմ յարձակումների հարցում երկու երկրների դիրքորոշումները շատ ամուր էին»։
Բանակցութիւններ ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերաբերեալ Արաղչին ընդգծել է. «Վերջնական որոշում չկայ բանակցութիւնների առումով, բայց շփումներ եղել են: Իսկ ապագայում անց է կացւելո՞ւ բանակցութիւնները, թէ՞ ոչ՝ կախւած է նրանից, թէ ազգային շահերն ինչ կը թելադրեն: Պատրաստ ենք պաշտպանւել այնտեղ, որտեղ պէտք է, եւ բանակցել այնտեղ, երբ անհրաժեշտ է»։
Նա յաւելել է, որ Իրանը չի բանակցելու այն բանի շուրջ, ինչը նրանք պատերազմում չեն ստացել: «Մենք աւելի ամուր դիրքերից ենք խօսում: Մեր կառոյցներն այո՛ վնասւել են, բայց մեր կամքը՝ ոչ։ Սակայն մենք պատրաստ ենք կառուցել այդ վստահութիւնը, մեր բնական իրաւունքները յարգւելու դէպքում: Պատժամիջոցները պէտք է վերացւեն, եւ հարստացումը պէտք է շարունակւի»,-ընդգծել է ԱԳ նախարարը։
Նշելով, որ մենք չպէտք է մոռանանք Գերագոյն առաջնորդի փայլուն դերը, Արաղչին յաւելել է. «Նա իր իմաստուն ղեկավարութեամբ, Մովսէսի գաւազանի օրինակով հարթեց ճանապարհը թէ՛ բանակցութիւններում, թէ՛ պաշտպանութեան ընթացքում եւ պատերազմի բռնկման ժամանակ կարճ ընթացքում վերականգնեց ամէն ինչ»։
Արաղչին նշել է նաեւ, որ դոկտ. Լարիջանիի հետ առաջ են շարժւելու այնպէս, ինչպէս նախկինում:
Փեզեշքիանը կայցելի Հայաստան
Արաղչին Եգիպտոսի եւ Յորդանանի հետ յարաբերութիւնների մասին նշել է, որ դրանք շատ աւելի բարձր են, քան սպասումները, եւ Եգիպտոսի հետ դեսպանատուն բացելու խնդիրը ժամանակի հարց է: ԱԳ նախարաը տեղեկացրել է նաեւ, որ Փեզեշքիանը մինչ օրս շրջակայ երկրներից այցելել է Իրաք, Պակիստան, Ադրբեջանի, Կատար եւ Օման, իսկ յաջորդ երկու շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան։
Snapback
Դոկտ. Արաղչին Միջուկային գործարքով ամրագրւած յետադարձ մեխանիզմի եւ տրոյկայի սպառնալիքների մասին նշել է. «Snapback-ը հասարակութեան աչքին ուռճացւած խանդիր է։ Միջուկային բանակցութիւնների ժամանակ հարց էր ծագել, թէ ինչ երաշխիքներ կան գործարքի իրականացման համար։ Վերջիվերջոյ, եկանք այն եզրակացութեան, որ համաձայնագրում պէտք է ներառենք մեխանիզմ, որը թոյլ կը տայ, որ եթէ կողմերից մէկը չկատարի իր պարտաւորութիւնները, միւս կողմը կը վերադառնայ այն վիճակին, ինչպիսին էր համաձայնագրից առաջ։ Snapback-ը երկկողմանի մեխանիզմ է։ Ասեմ նաեւ, որ մինչ այժմ Իրանը կիրառել է արագ արձագանքման քաղաքականութիւն, եւ համաձայնագրի 36-րդ յօդւածով նրանց կողմից պարտաւորութիւնները չկատարւելուց յետոյ մենք վերադարձանք համաձայնագրից առաջ եղած պայմաններին եւ վերսկսեցինք հարստացման աշխատանքները: Իսկ եւրոպացիները դա դեռ չեն արել»: Արաղչին նոյն կապակցութեամբ նշել է, որ այն ակտիւացնելու դէպքում տնտեսապէս աւելին չի տուժելու Իրանը, սակայն քաղաքականապէս՝ այո:
Արաղչին եզրափակելով զրոյցը յաւելել է. « Եթէ նրանք (տրոյկան) անցնեն այդ մեխանիզմի կիրառմանը, կը կորցնեն իրենց դերը Իրանի միջուկային բանակցութիւններում»: