ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԽԱՂԱՂՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔ

Որն է լինելու վաշինգտոնեան բանակցութիւնների հնարաւոր արդիւնքը

Վաշինգտոնում սպասւող Թրամփ-Փաշինեան-Ալիեւ հանդիպման հնարաւոր արդիւնքները նոր շրջադարձային կէտ են կարող դառնալ Հարաւային Կովկասի բարդ եւ փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակում։ Մինչ պաշտօնական աղբիւրները շարունակում են պահպանել զսպւածութիւն, մի բան, սակայն, ակնյայտ է. եթէ ԱՄՆ-ի միջնորդութեամբ ստորագրւի որեւէ փաստաթուղթ, այն միանշանակօրէն կարող է լրջագոյն կերպով փոխել ոչ միայն Հարաւային Կովկասի անվտանգային մթնոլորտը, այլեւ վերաբանաձեւել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային հիմնական խաղացողների շահերն ու դերը տարածաշրջանում։

Այս համատեքստում անհրաժեշտ է հաշւի առնել մի քանի կարեւոր հանգամանքներ.

ա. Պաշտօնական Բաքւի կողմից վերջին ամիսների ընթացքում հնչող ուղերձները խիստ հակասական են, որոնք անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի հեռահար նպատակների եւ ծրագրերի ֆոնին:

Մինչ ադրբեջանական կողմը փորձում է հանդէս գալ որպէս «կառուցողական» եւ «խաղաղութեան» ձգտող կողմ, այդուհանդերձ, 44-օրեայ պատերազմին եւ Արցախի հայաթափմանը հետեւած նրանց բոլոր գործողութիւնները վկայում են այն մասին, որ Բաքւի առաջ քաշած պայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, «Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչումը, Սահմանադրութեան փոփոխութիւնը, Հայաստանի ապառազմականացումը, Մեծամօրի ատոմակայանի փակումը եւ այսպէս կոչւած շուրջ 300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձը կոչւած են բացառապէս տեսանելի ապագայում հայկական պետականութեան վերջնական եւ անվերադարձ լուծարմանը:

Աներկբայ է, որ նման հանդիպումները եւ բանակցութիւնները ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի կողմից հնարամիտ եւ հաշւարկւած քայլեր՝ յաւելեալ ժամանակ շահելու, Հայաստանի վրայ ճնշումն աւելացնելու եւ, ինչպէս նախորդ բոլոր դէպքերում, հերթական զիջման մասին Փաշինեանից խոստում կորզելու համար:

բ. Ակնյայտ է, որ Ալիեւը հմուտ կերպով փորձում է առաւելագոյնս օգտագործել Եւրասիական տարածաշրջանում ստեղծւած աշխարհաքաղաքական անկայուն պայմանները եւ մանեւրել հիմնական խաղացողների միջեւ՝ շահարկելով առկայ խզումները եւ նրանց հակասութիւնները:

Հաշւի առնելով վերը նշւած հանգամանքը, կարելի է ենթադրել, որ վաշինգտոնեան հնարաւոր փաստաթուղթը կարող է նրան հերթական հնարաւորութիւնն ընձեռել՝ առանց որեւէ կրակոցի անշրջելիօրէն ամրագրելու մինչ այժմ գրանցած ձեռքբերումները, Ռուսաստանի եւ Իրանի հետ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հակամարտութեան ֆոնին ամրապնդելու իր դիրքերը որպէս ԱՄՆ-ի եւ Իսրայէլի տարածաշրջանային ռազմավարական գործընկերի, եւ սպասելու ապագայ հնարաւոր իրավիճակային փոփոխութիւններին՝ առաջ շարժւելու համար:

գ. Երկու կարծիք լինել չի կարող. եթէ տարածաշրջանին վերաբերող որեւէ փաստաթուղթ ստորագրւի առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցութեան, հաւանութեան եւ երաշխաւորութեան, այն միանշանակօրէն կը դառնայ ինչ-որ թղթի կտոր՝ վերածւելով Հարաւային Կովկասում էսկալացիայի կտրուկ թէժացման աղբիւրի, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ Հայաստանի առանց այն էլ խիստ վտանգւած անվտանգային մթնոլորտի եւ խարխլւած ինքնիշխանութեան համար:

Կարել է ենթադրել, որ Մոսկւայի եւ Թեհարնի արձագանքն աներկբաօրէն լինելու է կոշտ եւ իրավիճակին համարժէք ու համաչափ: Նրանք ձգտելու են ցոյց տալ, որ առանց իրենց անմիջական մասնակցութեան որեւէ պայմանաւորւածութիւն տարածաշրջանում չի կարող լինել կենսունակ։

Իսկ ինչ վերաբերում է որոշակիօրէն Իրանին, ապա վերջին շրջանում պաշտօնական Թեհրանն ամենատարբեր մակարդակներով յստակ հասկացնել է տւել, որ Սիւնիքի կարգավիճակը, որեւէ ձեւաչափով միջանցքի կեանքի կոչումը եւ դրա ռազմական, քաղաքական ու տնտեսական վերահսկողութիւնը Իրանի համար շարունակում է համարւել կենսական նշանակութեան կարմիր գիծ, եւ որեւէ կերպ թոյլ չի տայ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Իսրայէլի հովանաւորութեամբ, խզեն իր կապը Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ, դառնան տարածաշրջանի դոմինանտ ուժերը՝ վերածւելով լրջագոյն մարտահրաւէրի՝ իր ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար:

Այս բոլոր հանգամանքների հանրագումարից ելնելով, մենք պարտաւոր ենք ահազանգել, որ վաշինգտոնեան հանդիպումն իրօք կարող է պատմական եւ շրջադարձային դառնալ, բայց ոչ պարտադի՝ դրական իմաստով: Մտահոգութիւնը չափազանց մեծ է, իրավիճակային հնարաւոր զարգացումները յղի են անսրբագրելի հետեւանքներով եւ կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի Հանրապետութեան համար, որի գլխին կախւած գոյութենական բնոյթի վտանգը հեռացնելու փոխարէն, ընդհակառակը, այն կարող են տանել դէպի վերջնական կազմաքանդում եւ լուծարում:

Եթէ պարոն պրեզիդենտի՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն ինքնին արդիւնք եւ ձեռքբերում համարւի (որն ըստ երեւոյթի այդպիսին է ՀՀ գործող իշխանութիւնների համար), ապա նման քաղաքականութեամբ հեռուն գնալ հնարաւոր չէ, մանաւանդ, երբ տարածաշրջանային միւս կարեւոր խաղացողները յստակ հասկացնել են տւել, որ տարածաշրջանային խնդիրները Ատլանտեան ովկիանոսից այն կողմ լուծւել չեն կարող:

Ընտրութիւնը հիմա ՀՀ գործող իշխանութիւններին է՝ աշխարհաքաղաքական այս բարդ խաղում լինել օբիե՞կտ, թէ՞ սուբիեկտ: Վերջին տարիների նրանց վարքագիծը, ցաւօք, ցոյց է տալիս, որ նրանք ընտրել են առաջին տարբերակը:

Related Articles

Back to top button