Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2023 թ. 3-րդ համարը
ԱԶԴ
Էլեկտրոնային տարբերակով արդէն հասանելի է «Վէմ» համահայկական հանդէսի 2023 թ. 3-րդ համարը, որի տպագիր օրինակներն ընթերցողներին կառաքւեն առաջիկայ օրերին։
Մի քանի օրից լոյս է տեսնելու նաեւ մշակութաբան Արմինէ Տիգրանեանի անգլերէն մենագրութիւնը՝ «MECHANISMS FOR PROTECTION OF THE ARMENIAN CULTURAL HERITAGE OF ARTSAKH in the international system for preservation of heritage»՝ որպէս «Վէմ» մատենաշարի 6-րդ հատոր։
«Վէմ» հանդէսի 2023 թ. 3-րդ համարի հրապարակումները մեր ազգային կեանքում իրար յաջորդող ողբերգութիւնների նախնական արձագանգն են։
Խմբագրականը Արցախի հայաթափման փաստի սեփական գնահատականը տալու, նոր կորուստներից խուսափելու համար մեր ազգային մտքի մեռեալ վիճակը յաղթահարելու եւ ապագայի որոշակի հեռանկար ուրւագծելու փորձ է։
«Վէմ»-ի փոխխմբագիր Ռուբինա Փիրումեանը մէկ այլ ցաւալի կորստի կապակցութեամբ ամփոփ ներկայացրել է ականաւոր պատմաբան ու հայագիտութեան երախտաւոր Ռիչարդ Յովհաննիսեանի գիտական վաստակի ու Հայ Դատի պայքարում նրա ներդրումի գնահատականը։
Մեր ազգային միտքը ցնցելու նպատակով հարկ ենք համարել հրապարակել նաեւ ՀՅԴ հիմնադիր Քր. Միքայէլեանի 1885 թ. գրած առաջին քաղաքական թռուցիկի ամբողջական տեքստը, որի բնագիրը Հայաստանի ազգային արխիւում գտել ու համապատասխան ծանօթագրութիւններով ընթերցողին է ներկայացնում պատմաբան Գոհար Աւագեանը։ Ուշադիր ընթերցողը կը հասկանայ, որ «Հայ եղբայրներ եւ հայ քոյրեր» վերտառութիւնը կրող՝ դաշնակցական մտքի այդ առաջին արգասիքը կարծես մեր օրերի համար է գրւած։
«Վէմ»-ի հիմնական բաժիններում հրապարակւած հիմնարար ուսումնասիրութիւնների կողքին 2023 թ. 3-րդ համարում կարեւոր տեղ է յատկացւել հայ ազատագրական շարժման ռահվիրայ Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գործունէութեան վերաբերեալ նորայայտ նիւթերի փաթեթին:
Ներկայացնում ենք «Վէմ» հանդէսի 2023 թ. 3-րդ համարի խմբագրականը։
Խմբ.
___________________________________________
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Ռուբինա Բ. Փիրումեան (Լոս Անջելէս)
ՌԻՉԸՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (ՆՈՅԵՄԲԵՐ 9, 1932 – ՅՈՒԼԻՍ 9, 2023)
Յարգանքի տուրք եւ փորձ՝ ուրւագրելու նրա կեանքն ու գործը (անգլերէն)
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Վարդան Ա. Ալեքսանեան
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՒԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱՆԱՆԻԱ ՄՈԿԱՑՈՒ ՕՐՕՔ (943-965)
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Աշոտ Ն. Հայրունի
ՐԱՖՖՈՒ ԳՐԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ
ԼԵԶՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Դաւիթ Ս. Գիւրջինեան
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՒԱՆՈՒՆՆԵՐԸ
Վազգէն Գ. Համբարձումեան
ՀՆԴԵՒՐՈՊԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՕՍՔԻ ԵՐԿԱՏՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ (ցեղակից լեզուների հետ առնչութիւնների համատեքստում)
ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Աշոտ Գ. Մանուչարեան
8-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԻՄԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ
ՄՇԱԿՈՅԹ
Աշխէն Դ. Ենոքեան
ՍԻՐԱՄԱՐԳԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐՒԵՍՏՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Սարգիս Գ. Պետրոսեան (Գիւմրի)
ԷԲԼԱՅԵՐԷՆ ԵՒ ԱՔՔԱԴԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԻ ԵՒ ԻՐ ԵՐԿՈՒ ՏՈՀՄԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Համլետ Կ. Դաւթեան
ԴԱՒԻԹ ԱՆՒԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Արարատ Մ. Յակոբեան
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍԵԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ
Ալեքսանդր Խատիսեան. անտիպ գործեր, նամակներ, նիւթեր եւ փաստաթղթեր, աշխ.՝ Վլադիմիր Յարութիւնեանի
ԱՐԽԻՒ
Գոհար Գ. Աւագեան
ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԹՌՈՒՑԻԿԸ
1885 թ. փետրւարին հայկական դպրոցների փակման կապակցութեամբ
ՅԱՒԵԼՒԱԾ
Սիրանուշ Մ. Ֆահրադեան
ՅԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ԿԱԼՒԱԾԱԳԻՐԸ՝
Կնիքների քննութեամբ եւ Նախեդուռ գիւղի առնչութեամբ
Զինա Ա. Աւետիսեան
ՅԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ՎԱՆԱՆԴԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ
Բանալի բառեր – առաքելութիւն, հնարաւորութիւն, ռուսական հարց, թուրքական հարց, կրեատիւութիւն, տապանի խորհուրդ, նոր Ուկրաինա, թթխմոր։
Իրար յաջորդող ողբերգական իրադարձութիւնները մեզ ստիպում են կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրայ՝ անտեսելով գլոբալ քաղաքականութեան հիմնական թրենդի յստակեցման փաստը, որը տարածաշրջանի կտրւածքով մեծ առաքելութիւն է դնում մեր տառապած ուսերին։
Արցախի զաւթման հարցում միջազգային կոնսենսուսի առկայութեան պայմաններում տեղի ունեցած մեծ ողբերգութիւնը կարող էր կանխել միայն սեփական ուժերին ապաւինած Հայաստանը, որը պէտք է կառուցէինք անցած երեսուն տարիների ընթացքում։ Վերջնիս բացակայութեան պայմաններում միմեանց մեղադրողներին յիշեցնում ենք մեր նախորդ վերլուծականների՝ այդպէս էլ հակափաստարկի չարժանացած հիմնական դրոյթը։ Մենք 1990-ականների ղարաբաղեան յաղթանակը պահելու ընդամէնը մէկ հնարաւորութիւն ունէինք. դա իր էներգակիրների ու մարդուժի շնորհիւ մեզ գերազանցող Ադրբեջանի քանակական առաւելութիւնները որակական ռեսուրսների՝ մարդկային մտքի ու նորագոյն տեխնոլոգիաների միջոցով չէզոքացնելն էր։ 1990-ական թւականներին ունեցել ենք նման խնդրի լուծման գիտատեխնոլոգիական ներուժ-կարողականութիւն, բայց անցած երեսուն տարիներին այն չիրացնելու պատճառով վաղ թէ ուշ պարտւելու էինք, մանաւանդ որ այդ ընթացքում մեր կառուցած «անկախ պետականութեան» ուժային լծակները մեզ չէին էլ ենթարկւում։ Իսկ ԽՍՀՄ-ից ժառանգած մեր մտաւոր ու տեխնոլոգիական առաւելութիւնների բազմապատկումն ու իրացումը հնարաւոր էր միայն Հայաստանում անկախ քաղաքական արեւելքում ունեցող էլիտայի առկայութեան պարագայում։ Բայց մեր յաղթանակը պահելու այդ միակ հնարաւորութիւնը մինչ օրս հաւասարապէս անտեսւել ու անտեսւում է Հայաստանի թէ՛ «պարտւողական» (Լ. Տէր-Պետրոսեան, Ն. Փաշինեան), թէ՛ «յաղթողական» (Ռ. Քոչարեան, Ս. Սարգսեան) էլիտաների կողմից, որոնց կեղծ դիմակայութիւնը եղել եւ այսօր էլ է մեր պատանդառման՝ ելցինեան եւ զոհաբերման՝ պուտինեան կայսերախաղերի սպասարկման մարտավարական հերթափոխը։ Ուստի բնական է, որ դրանց վերջին ու ամենակատարելագործւած սպասարկուն՝ 2018 թւականին սեփական կամքով դաւաճան նշանակւած Հայաստանի գործող վարչապետը, ինչպէս 2020 թ. 44-օրեայ պատերազմից առաջ, այնպէս էլ 2023 թ. սեպտեմբերեան ցեղասպանական գործողութեան նախօրէին Ռուսաստանին հակադրւելու կեղծ տպաւորութիւն էր ստեղծելու՝ 2020 թւականին Արցախի զգալի մասի յանձնումն ապահովելու, իսկ 2023 թւականին այն ամբողջովին հայաթափելու համար։ Որովհետեւ ներկայումս Ռուսաստանի կայսերական եւ Թուրքիայի համաթուրանական ծրագրերը համընկնում են Հայաստանը քաղաքականապէս չէզոքացնելու հարցում։ Նման վտանգի նւազեցման ընթացիկ-քաղաքական ու ռազմական լծակները կարճաժամկէտ հեռանկարում կարող են ձգձգել Հայաստանի յանձնման գործընթացը։ Բայց ռազմավարական առումով այն հնարաւոր է կասեցնել միայն նոր աշխարհակարգում որոշակի քաղաքական գործօն դառնալու եւ յստակ գործառոյթներ իրականացնելու պարագայում։ Դրա համար հայ ազգը պէտք է ունենայ ոչ միայն իր շուրջը ծաւալւող գործընթացների ճշգրիտ գնահատականը, այլեւ դրանցում սեփական դերի, իսկ միգուցէ նաեւ առաքելութեան ընկալումը։
Եթէ 19-րդ դարը ազգ-պետութիւնների ձեւաւորման հանգրւանն էր, իսկ 20-րդ դարը՝ յետվերսալեան ցեղապաշտութեան վերելքը կասեցրած երկբեւեռ աշխարհակարգի շրջանը, ապա 21-րդ դարը համաշխարհային տնտեսութեան ռացիոնալացման արգելքները վերացնող գլոբալ յեղափոխութեան դարաշրջանն է, որն անխուսափելի է դարձնում մարդկայնութեան սկզբունքների ու ցեղապաշտութեան նոր բախումը, այս անգամ՝ գլոբալ մակարդակի վրայ։ Մեր տարածաշրջանի կտրւածքով գլոբալ յեղափոխութեան առաջնահերթութիւններն են յետկայսերական իրողութիւնների ապամոնտաժումն ու նէոկայսերական նկրտումների չէզոքացումը, որն արդէն տեղապտոյտ ապրող ռուսական հարցին զուգահեռ ենթադրում է նաեւ թուրքական հարցի ծնունդը։ Ռուսաստանի ուկրաինական ռազմարշաւի ձախողումից յետոյ ռուսական հարցի հետագայ խաղարկման նպատակը ռուսին ժողովրդավար դարձնելու բարդ խնդրի լուծումն է, իսկ առայժմ ադրբեջանական կերպարանքով հանդէս եկող թուրքական հարցի վերաբացման նպատակը՝ թուրքին «մարդ դարձնելը», այսինքն՝ գլոբալ յեղափոխութեանն անհրաժեշտ մարդկայնութեան սկզբունքներին համապատասխանեցնելը։ Եւ քանի որ դրա լուծման գիւլէնական բնորդը մերժած Թուրքիան՝ ի դէմս իր էրդողանեան ցեղապաշտ ղեկավարութեան, որդեգրել է միմեանց հանդէպ ատելութեան վրայ հիմնւած եւս մէկ կայսերական համակարգ՝ Մեծ Թուրան ստեղծելու ծրագիրը, նման հեռանկարին հակազդելու համատեքստում բոլորին էլ ձեռնտու էր Հայկական Հարցի վերաբացման ողբերգական սկիզբը։
Ուստի որպէսզի հասկանանք, թէ ինչու է սկսւել մեր գոյութեան վրայ կախւած վտանգների գիտակցւած խաղարկումը, նախ պէտք է բացայայտենք գլոբալ յեղափոխութեան իմաստն ու առաքելութիւնը։ Ներկայումս աշխարհը թեւակոխել է քաոս յիշեցնող խորքային հիմնափոխման առաջին հանգրւանը, երբ նախ հարկաւոր է ուղղորդել նրա հիմնատարրերի անխուսափելի բախումները։ Պատճառն այն է, որ մօտ երկու տասնամեակ յետոյ մարդկութիւնն այլեւս ի վիճակի չի լինելու կանխելու Երկիր մոլորակն ինքնաոչնչացման տանող աւելի մեծ վտանգները։ Ըստ համաշխարհային համբաւ ունեցող գիտնականների կողմից պարբերաբար հնչեցւող ահազանգերի՝ մարդկութեանը մօտաւորապէս 15-20 տարի է մնացել կանխարգելիչ քայլերի անցնելու համար։ Որովհետեւ աշխարհն այլեւս չի կարող տեղաւորւել միմեանց հանդէպ ատելութեան վրայ հիմնւած կայսերական համակարգերի կողմից պարտադրւող քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ այլ չափորոշիչերի շրջանակներում։ Իսկ համաշխարհային տնտեսութեան ռացիոնալացման նախապայմանը մարդկայնութեան նախնական չափորոշիչների վրայ հիմնւած նոր հասարակութեան ձեւաւորումն է, որի ընտրախաւերի կրեատիւութիւնը պէտք է գերազանցի առկայ ռեսուրսների վատնումի չափերն ու տեմպերը։
Մարդկայնութեան նախնական չափորոշիչների վերականգնման համար գլոբալացող աշխարհին անհրաժեշտ է մի այնպիսի նախօրինակ կամ բնորդ, որը, կանգնած լինելով քաղաքակրթութեան ակունքներում, մարմնաւորում է նրա անցած տառապալից ուղին՝ իր պատերազմներով ու ցեղասպանութիւններով։ Այդ տառապած երկիրն ու նահատակ ժողովուրդը պէտք է լինեն մարդկութեան փրկութեան նախորդ փորձի՝ տապանի խորհրդի անմիջական կրողը։ Մարդկայնութեան յաղթանակն ապահովելու համար հարկաւոր է գլոբալ յեղափոխութեան նման թթխմորն անցկացնել մի նոր ողբերգութեան միջով, որպէսզի ահազանգ հնչեցւի ողջ մարդկութեանը, եւ ստեղծւի չարի հանդէպ բարու յաղթանակն ապահովելու գլոբալ պահանջ։
Քաղաքակրթութեան ակունքներում կանգնած նման նախնական բնորդը՝ հայը, ազգ դառնալուց առաջ եւ ազգ լինելուց առաւել մարդկային տեսակ է՝ մարդկայնութեան առաջին յաղթանակի՝ Նէոլիթեան յեղափոխութեան արժէքների կրողը։ Մեր կամքից անկախ՝ մեզ արդէն ընտրել են որպէս մարդկային քաղաքակրթութեան որակական տեղաշարժի նախնական չափորոշիչները կրող հիմնատարր, որին տանջելու են այնքան ժամանակ, քանի դեռ վերակենդանանալու նշաններ ցոյց չի տւել։ Ուստի թոյլատրելով Հայաստանի փոքր բնորդը՝ հերոսական Արցախը դնել քաղաքակրթութեան զոհասեղանին՝ միանգամայն գիտակցւած կերպով բեմականացւեց Հայոց Ցեղասպանութեան արդիականացւած տարբերակը։ Այդ ճանապարհով վարկաբեկւեցին ոչ միայն նախապէս միմեանց միջեւ «փորձի փոխանակում» իրականացրած ցեղասպաններ Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաեւ նրանց յանցակից Ռուսաստանի ղեկավարութիւնը։ Ուստի Արցախի հետ տեղի ունեցած ողբերգութիւնից յետոյ Հայաստանի սուվերենութեան ու տարածքային ամբողջականութեան պահպանման խնդիրը տեղափոխւեց գլոբալ քաղաքականութեան օրակարգ՝ իր անվտանգային բաղադրիչով ձեւականօրէն կապւած մնալով ռուսական հարցին, իսկ միջազգայնացման հեռանկարներով լծորդւելով թուրքական հարցին։
Հարց է առաջանում՝ արդեօք սա չի՞ նշանակում, որ մեզ ցանկանում են դարձնել մի նոր Ուկրաինա՝ դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ։ Ե՛ւ այո, ե՛ւ ոչ, քանզի Ուկրաինան սոսկ կասեցրել է Ռուսական կայսրութեան վերականգնումը, բայց չի վերացրել Ռուսաստանի՝ որպէս պետութեան հաւասարակշռող դերը Եւրասիայում, որի կարիքն ունի նաեւ գլոբալ յեղափոխութիւնը։ Բայց Մեծ քսանեակի Դելլհիի գագաթնաժողովից յետոյ, երբ մեր փոքրիկ տարածաշրջանը սկսել է վերադասաւորւել ասիա-խաղաղովկիանոսեան մեծ տարածաշրջան տեղափոխւող՝ ԱՄՆ-Չինաստան մրցակցութեան առանցքի շուրջը, Ռուսաստանի ու Թուրքիայի «հնաբոյր» ընտրախաւերը դեռեւս համակարծիք են տապանի խորհուրդը մարմնաւորող երկրին՝ Հայաստանին չէզոքացնելու հարցում։ Քանզի Ռուսական կայսրութեան վերականգնումը կասեցրած Ուկրաինան արդէն կատարել է իր գործառոյթը, իսկ ահա էրդողան-ալիեւեան ցեղապաշտութեանը հակազդելու եւ մարդկայնութեան յաղթանակն ապահովելու հիմնախնդիրը դեռ նոր է բացւում։
Գլոբալ յեղափոխութիւնը եւ նրա թիկունքին կանգնած համաշխարհային կապիտալը, սակայն, մէկ կայսրութիւնը միւսով փոխարինելու խնդիր չունեն։ Նման նպատակներ ունեն միայն բնական պաշարների թալանով զբաղւող բոլոր ռեգիոնալիստները՝ Մոսկւայից ու Անկարայից սկսած մինչեւ Լոնդոնի Սիտի։ Ուստի 2018 թւականին Հայաստանում իշխանութեան բերւած իրենց «արեւմտամէտ» ծաղրածուի միջոցով Արցախի կլանումն ապահովելուց յետոյ նրանք զգուշօրէն փորձում են իր աւարտին հասցնել նաեւ Սիւնիքի միջանցքայնացման ռուս-թուրքական ծրագիրը։ Բայց ներկայումս Հայաստանի վրայ մեծ խաղադրոյք է դրւած, որն առաջ է բերել նրան նորագոյն զինատեսակներով զինելու գլոբալ պահանջ։ Մեր երկրի միջանցքայնացման խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի դէպքում անգամ Սիւնիքը կանգուն է մնալու, որովհետեւ նման վտանգը միաւորելու է հայերին գլոբալ յեղափոխութեամբ թելադրւող ազգային օրակարգի ու սեփական առաքելութեան շուրջը։ Ուստի ներկայումս Սիւնիքի միջանցքայնացման ռուս-թուրքական ծրագիրն իրականութիւն դարձնելու միակ հնարաւորութիւնը 2020 թ. 44-օրեայ պատերազմից յետոյ մեր երկիրը ծուղակի մէջ ներքաշած ներքաղաքական կեղծ դիմակայութեան օգտագործումն է։ Աւելին՝ մեր անտարբերութեան պարագայում Սիւնիքի յանձնման հարցում էլ կարող է ձեւաւորւել ներէլիտային կոնսենսուս Հայաստանի՝ վերջին 30 տարիների բոլոր կառավարիչների միջեւ, որոնք նոյն «մեծ տան զաւակներն» են։
Նման դաւաճանական գործարքը կը նշանակի Հայաստանի լիակատար չէզոքացում ու դանդաղ մահ տարածաշրջանային զոհասեղանին, որը շրջելու պատիւը հէնց մեզ է վերապահւած։ Ուրեմն կա՛մ ստանձնում ենք մեր առաքելութիւնը գլոբալ յեղափոխութեանն անհրաժեշտ մարդկայնութեան սկզբունքների վերականգնման գործում, կա՛մ դանդաղօրէն ու տանջալից կերպով մորթւում ենք տարածաշրջանային զոհասեղանի վրայ, անշուշտ, վերջում որպէս «հայի վերջին խելք» ըմբռնելով այն իրողութիւնը, որ գլոբալ յեղափոխութիւնը մեզ բաժին ընկած զոհասեղանը նախատեսել էր «մարդ դառնալու» հարցում լիովին անպիտան թուրքի համար։
Խմբ.