ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ․ ութերորդ համարը

Ընթերցողին է ներկայացւում «Դրօշակ»-ի 2025 թւականի օգոստոսեան համարը։ Պաշտօնաթերթի այս համարի յօդւածների մեծ մասը նւիրւած է Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցութիւնների արդիւնքներին եւ ընդունւած փաստաթղթերին, որոնց առանցքում է, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Ամերիկեան ուսումնասիրութիւնների հայկական կենտրոնը, այս առիթով «Դրօշակ»-ին տրամադրած յօդւածում, անդրադառնում է հայութեան համար մի շարք կարեւոր հանգամանքների, որոնք բխում են վաշինգտոնեան հանդիպումից, ինչպէս եւ արտացոլւած են շրջանառութեան մէջ դրւած երկու փաստաթղթերից։

Մոսկւայի Սեւծովեան-Կասպիական տարածաշրջանի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սարգիս Սարգսեանը վերլուծում է հաւանական միջանցքի խնդիրը աշխարհաքաղաքական համատեքստում՝ անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, որոնք էլ բխում են դերակատար երկրների շահերից։

Ինչպէս վերեւում ակնարկեցինք նոյն թեմային անդրադարձ կայ նաեւ «Դրօշակ»-ում հրապարակւած միւս յօդւածներում, որոնց ասելիքը գլխաւորապէս Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական եւ ոչ միայն քաղաքական խիստ տագնապալի իրողութիւններն են՝ հակազգային իշխանութիւնների արկածախնդրական գործունէութեամբ պայմանաւորւած։ Մասնաւորապէս «Առաջնորդողում» խօսւում է այն մասին, որ երկիրը ներքաշելով ճակատագրական գործընթացների մէջ օրւայ իշխանութիւնները, առաջնորդւելով սոսկ սեփական իշխանութեան վերարտադրութեան նպատակով, փորձում են պղտոր գործընթացներից, աճպարարի պէս, դուրս բերել Խաղաղութեան հասնելու կեղծ պատկերը առաջիկայ ընտրութիւններում հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու համար։

Պատմաբան Անի Մելքոնեանը անդրադարձել է օգոստոս ամսին հայ ժողովրդի համար տեղի ունեցած պատմական կարեւորութեան երկու իրադարձութիւնների՝ 1920 թ․օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագրի ստորագրմանը եւ 1990 թ․օգոստոսի 23-ին ՀՀ խորհրդարանի կողմից Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի ընդունմանը։ Այս յօդւածի խորագիրը յուշում է, թէ որն է հրապարակման ասելիքը՝ «Սեւրի սինդրոմը կամ հայոց պահանջատիրութեան ուրացման փաշինեանական քաղաքականութիւնը»։

 «Դրօշակ»-ն իր ընթերցողի ուշադրութեանն է ներկայացնում քաղաքական եւ այլ բնոյթի մի շարք այլ յօդւածներ, որոնք, կարծում ենք, կընթերցւեն հետաքրքրութեամբ։

«Դրօշակ»-ի 2025 թ. ութերորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 8, 2025 թ.

Related Articles

Back to top button