ՀՅԴ Մամուլ

Վերածնունդ լինելու է

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացւած ցեղասպանութիւնը հայաշատ Սումգայիթ քաղաքում՝ ուղղակի 88-ի Շարժումը ճնշելու, հայերիս համար ցաւալի եւ դառնագին, սակայն անյաջող փորձ էր։ 37 տարի առաջ՝ 1988 թւականի փետրւարի 27-29-ը ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան նկատմամբ իրականացւեց ցեղասպանութիւն։ Ադրբեջանի իշխանութիւնների նպատակաուղղւած եւ ծրագրւած գործողութիւնների արդիւնքում եւ ԽՍՀՄ իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ, իրականացւեցին հայերի զանգւածային ջարդեր, մարդկութեան դէմ ծանր յանցագործութիւններ։

Նմանօրինակ առանձնակի դաժանութեամբ յանցանքներ գործած Ադրբեջանը մնաց անպատիժ, աւելին՝ այդ անպատժելիութիւնը ծնեց նոր ոճիրներ՝ 2020-ին, 2023-ին կրկին ցեղասպանութեան ենթարկւեց Արցախի ժողովուրդը, Բաքւի բանտերում յայտնւեցին նրա ռազմական եւ քաղաքական գործիչները, որոնք այսօր էլ ենթարկւում են բռնութեան եւ խոշտանգումների, շարունակւում է իւրացւել եւ ոչնչացւել Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը, աւերւում են գիւղեր եւ քաղաքներ, Արցախում վերացւում է հայկակական հետքը։

Ադրբեջանում հայ պատանդների կեղծ դատավարութիւններն ու նրանց խոշտանգումները միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է։ Անպատիժ մնալով Ադրբեջանը կրկին իր հայատեաց քաղաքականութեամբ շարունակում է խոշտանգումների ենթարկել իրենց սեփական հայրենիքում ապրելու իրաւունքի համար պայքարող ժողովրդին։ Իսկ Հայաստանը՝ որպէս երաշխաւոր Արցախի ժողովրդի, խուսափում է նրանց իրաւունքների լիարժէք պաշտպանութիւնից։

Պատմութիւնը ցոյց տւեց, որ երբ համախմբում կայ ազգային նպատակների շուրջ՝ վերածնունդ հնարաւոր է։ Այսպէս էր 88-ին, երբ թւում էր, թէ ելք չկայ, երբ ծառացած մարտահրաւէրներն անյաղաթահարելի էին, այդ համախմբան ուժը դարձաւ վահան՝ մեր ժողովրդի եւ մեր ազգային արժանապատւութեան վերականգնման։ Այսօր հրամայական է ազգային խնդիրների շուրջ համահայկական համախմբումը։

Պէտք է համահայկական ուժերով ճնշում գործադրել՝ հասնելու համար միջազգային արդարատադութեան։ Նոր կառուցւող աշխարհում, եթէ չյարգւեն մարդկանց իրաւունքներն ու չգործեն օրէնքները՝ կրկին քաոսի ու անորոշութեան կը մատւեն ազգերը։ Կայուն խաղաղութիւն հնարաւոր է միայն փոխադարձ իրաւունքների ճանաչման եւ ընդունման պայմաններում։ Այսօր տրւել «խաղաղութեան» կեղծ օրակարգին, հրաժարւել ազգային առաջնահերթութիւններից, տէր չկանգնել սեփական երկրին եւ ժողովրդին, երբ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, բռնազաւթել հայկական տարածքները, Բաքւի բանտերում պահել մեր հայրենակիցներին, խօսել խաղաղութեան մասին՝ ոչ այլ ինչ է, քան դաւաճանութիւն սեփական երկրի ու ժողովրդի հանդէպ։

Ադրբեջանը պէտք է պատասխան տայ հայերի հանդէպ Շուշիում, Սումգայիթում, Մարաղայում իրականացրած ոճրագործութիւնների համար, Բաքւին պէտք է պատասխանատւութեան ենթարկել խաղաղ բնակչութեան հանդէպ իրականացւած էթնիկ զտման եւ այսօր էլ շարունակւող ոճրագործութիւնների համար։ Միջազգային օրէնքներն ու ժողովուրդների իրաւունքների յարգումը լոկ ձեւակերպումներ չեն, դրանք պէտք է գործեն կանխելու համար նոր աղէտներն ու բռնութիւնները խաղաղ ժողովուրդների հանդէպ։ Եւ Հայաստանը որպէս պետութիւն պէտք է տէր կանգնի եւ պահանջի միջազգային հանրութիւնից յարգել եւ ճանաչել Արցախի ժողովրդի՝ իրենց հողում ազատ ապրելու անքակտելի իրաւունքը։

«Ապառաժ»-ի խմբագրական

28.2.2025 թ.

Related Articles

Back to top button