«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռնող, չգնալ թելադրւած օրակարգերի յետեւից

Հայ մարդու համար այլեւս զարմանալի չէ, որ իւրաքանչիւր օր լսելու է երկրի վարչապետի հերթական արտառոց մտքերը։ Եթէ իր կարգավիճակը եւ խօսքի արժէքը հասկացող երկրի ղեկավարը ձգտում է մշտապէս հանգստութեան եւ կայունութեան զգացողութիւն ներշնչել հասարակութեանը, ապա հոգեպէս անհաւասարակշիռ հայ ղեկավարը կարծես նպատակադրւած է երկիրը պահելու անվերջանալի ջղագրգռութեան եւ տագնապի մէջ։ Երկրի ղեկավարի ակնյայտօրէն անհաւասարակշիռ պահւածքն առաւել սրւել է վերջին ամիսներին՝ յատկապէս Գիւմրու եւ Փարաքարի աւագանու ընտրութիւններից, ինչպէս եւ հրապարակային միջոցառումներից յետոյ՝ ի պաշտպանութիւն արցախահայութեան իրաւունքների, եւ ի տես ժողովրդի մեծամասնութեան մէջ ազգային տրամադրութիւնների վերարթնացման։
Փաշինեանը հասկացաւ, որ տարիներ շարունակ գործադրած իր բոլոր քարոզչական ջանքերն ու աճպարարութիւնները, վերազգային անհեթեթ գաղափարների տարածման փորձերը զուր են անցել։ Բայց նրա համար շատ աւելի սարսափելի է այն բանի գիտակցումը, որ իրադարձութիւնների ընթացիկ հունով զարգացման պարագայում հին ու նոր բոլոր տեսակի ընտրակեղծարարութիւնների գործադրման դէպքում էլ չի կարողանալու գալիք ընտրութիւններում մօտենալ յաղթանակի անհրաժեշտ շեմին։ Այս հարցում, որպէս դաշնակիցներ սեփական քւէով չեն կարող աջակցել տարիներ շարունակ ձեռքի տակ փայփայած անձնական օգտագործման քաղաքական խմբակները։ Աւագանիների վերոյիշեալ ընտրութիւններից յետոյ, երկրի վարչապետն ու իր թիմը մտնելով ընդդիմադիր դերի մէջ, դարձան շատ աւելի ագրեսիւ ու սադրիչ։
Որպէս այս շրջանի յատկանշական իրադարձութիւններ յիշենք կտրուկ եւ կոպիտ ոտնձգութիւնները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, չդադարող բախումնային իրավիճակները խորհրդարանում, գործարար եւ բարեգործ Սամուէլ Կարապետյանի ինչպէս եւ մի շարք ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւնները, մասնաւորապէս եւ դաշնակցական գործիչների դէմ ձեռնարկւող հետապնդումները։ Դեռ որ վերջին պետական ու ազգային մասշտաբի խայտառակութիւնը ուժային կառոյցների գրոհն էր հոգեւոր կենտրոն Էջմիածնի վեհարանի վրայ, ինչպէս եւ երկու սրբազանների ձերբակալութիւնը։ Այս իշխանութեան նախայարձակ եւ սադրիչ գործողութիւնները մտածել են տալիս, որ իրադարձութիւնների օրինաչափ զարգացումից վախեցած աւտորիտար ղեկավարը փորձում է, այսպէս ասած, ոչ միայն քարտերը խառնել, այլեւ խաղասեղանը շուռ տալ, ստեղծելով ոչ բնական իրավիճակ, երբ կարող է իրադարձութիւնների վրայ ազդել իր սիրած մեթոդով՝ ուժային եւ պետական այլ լծակների անօրինական գործադրմամբ։ Ասւածի փաստացի դրսեւորումն է մտացածին յեղաշրջման հեքիաթը։ Ինչպէս անցած 7 տարիներին է բազմիցս կրկնւել աղմկոտ ձերբակալութիւններից ու ամպագոռգոռ մեղադրանքներից ինչ որ ժամանակ անց ամբաստանւած մարդիկ սուսուփուս ազատ կարձակւեն, սակայն Փաշինեանն այդ ընթացքում հասած կը լինի իր հետապնդած կոնկրետ խնդիրների իրականացմանը։
Նիկոլ Փաշինեանը լաւ է հասկանում, որ բոլորի համար էլ, վաղ թէ ուշ, իշխանութեան շրջանն աւարտւում է՝ եթէ իհարկէ միապետական դինաստիայի ժառանգորդ չէ։
Համատարած հիասթափութեան եւ ատելութեան պայմաններում իր քաղաքական եւ բարոյական ժամանակը նոյնպէս սպառւել է։ Ճիշտ է որ Արեւմտեան կառոյցները, իրենց վարկաբեկման գնով, անցնող տարիներին հովանաւորել են Հայաստանի ղեկավարին՝ աչք փակելով այս իշխանութեան բռնապետական, հակաժողովրդավարական, անօրինական եւ կոռումպացւած բնոյթի վրայ։ Մեծ ցանկութեան դէպքում էլ այսուհետ նրանց համար դժւար է լինելու հանրութեան աչքին խայտառակւած ղեկավարի ինքնավերարտադրութիւնը հովանաւորելը։ Պատահական չէ որ օտարերկրեայ մի շարք լրատւամիջոցներ, որոնք ժամանակին թիկունք եղան Նիկոլ Փաշինեանին, այժմ քննադատում են նրան։
Փաշինեանը փորձում է ապացուցել, որ դեռ տիրապետում է իրավիճակին եւ պատրաստ է բաւարարել արտաքին հովանաւորների պահանջները։ Նրա բիրտ պահւածքը, ուժային կառոյցների միջոցով հարցեր լուծելը նպատակ ունեն համոզելու ներսի ու դրսի լսարաններին, որ Հայաստանի միաձոյլ իշխանութիւնն ամբողջովին ենթարկւում է իրեն եւ պատրաստ է կատարելու իր բոլոր քմահաճոյքները։ Նա բացայայտօրէն խորացնում է Ռուսաստանի հետ դէպի խզում գնացող յարաբերութիւնները, իբրեւ թէ Ռուսաստանի հաւանական դաւադրութիւնից փրկելով դէպի Արեւմուտք նաւարկող Հայաստանը։ Փաշինեանի համար առանձնայատուկ պայքարի ճակատ է Հայ Առաքելական եկեղեցին։ Եկեղեցու դէմ նրա պայքարը սկսւեց իշխանութեան գալու օրերից, ««Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» կարգախօսի ներքոյ»։ Եկեղեցու դէմ ձեռնարկած ոտնձգութիւնները, սակայն, մշտապէս հանդիպում են ժողովրդի բուռն հակազդեցութեանը։ Նոր իշխանութիւնը ի սկզբանէ խրւեց ներքաղաքական եւ սրա կողքին բարդացող արտաքին քաղաքական գործընթացների մէջ եւ ստիպւած եղաւ շեղւել ազգային եկեղեցու դէմ ծրագրած պայքարի «կարեւոր» ուղղութիւնից։ Հիմա, սակայն, երբ ներսում ու դրսում շատ բան նա կորցրել է, իր համար սկզբունքային հարց է դարձել «յաղթանակ» տանելը ժողովրդի մօտ մեծ հեղինակութիւն վայելող եւ ազգին համախմբելու ունակ Մայր եկեղեցու նկատմամբ։
Յաջողութեան դէպքում դրածոների ձեռքը յանձնելով ազգի դարաւոր աւանդոյթների հոգեւոր հիմքը հանդիսացող եկեղեցու առաջնորդութիւնը, նա կը կարողանայ խարխլման տանել ազգային միասնականութիւնն ապահովող հայոց հոգեղէն պատեանը, տիրող աշխարհայեացքը փոխարինել իր քարոզած գլոբալիստական դատարկաբանութեամբ, սահմանադրական ճանապարհով վերացնել Հայ եկեղեցու գերակայ կարգավիճակը, ինչպէս նաեւ ձեռք բերել աղանդների բարեհաճութիւնը՝ յաջորդ ընտրութիւններում կրկին նիկոլականներին ձայն տալու համար։
Քաղաքական իշխող խմբի ղեկավարն այլեւս չի կարողանում քօղարկել, որ երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին բազում ճակատագրական մարտահրաւէրների պայմաններում իրեն մտահոգող գլխաւոր հարցը իշխանութիւնը չկորցնելն է։ Տագնապալի մի քանի օրեր, ողջ հայ ժողովուրդը շունչը պահած յետեւում էր Իրան-Իսրայէլ պատերազմի ընթացքին, շատ լաւ գիտակցելով, որ եթէ բարեկամ երկրում իշխանութեան ճգնաժամ առաջանայ, Ադրբեջանն օգտւելու է առիթից ներխուժելու համար Սիւնիք։ Ի՞նչ պէտք է անէր Հայաստանի նորմալ ղեկավարը այս պարագայում՝ ձեռք առնէր համապատասխան ներքին միջոցառումներ եւ խօսէր այդ մասին ժողովրդի հետ, մեկնէր ռազմաքաղաքական դաշնակից երկիր եւ փորձեր երաշխիքներ ստանալ Հայաստանի դէմ հնարաւոր ագրեսիան կանխելու եւ տարբեր բնոյթի ու մակարդակի աջակցութիւններ ստանալու վերաբերեալ։ Գուցէ նոյնիսկ հնարաւոր լինէր հէնց Սիւնիքի սահմանամերձ տարածքներում դաշնակից երկրի հետ անցկացնել զօրավարժութիւններ (այս դէպքում կարեւորը կը լինէր ոչ թէ դրանց մասշտաբը այլ ինքը երեւոյթը որպէս նախազգուշական եւ զսպող գործօն)։
Գուցէ եւ ուրիշ բաներ, բայց կարեւորը որ ղեկավարը լինէր իր ժողովրդի հետ, այլապէս ում ինչին է պէտք ղեկավարը։ Իսկ Հայաստանի վարչապետն արեց ճիշտ հակառակը՝ այն պայմաններում երբ Ադրբեջանն Իրանի դէմ Իսրայէլին էր աջակցում, նա շարունակեց յարձակումները եկեղեցու դէմ, ձերբակալեց Սամուէլ Կարապետեանին եւ բազմաթիւ ընդդիմադիր գործիչների, մեկնեց Թուրքիա եւ անձնական աջակցութեան դիմաց թէ ինչեր խոստացաւ Հայաստանի կործանմանը ձգտող դարաւոր թշնամու ագրեսիւ ղեկավարին՝ մնում է անյայտ, ինչպէս, որ գաղտնի են մնացել Փաշինեանի իշխանութեան իրականացրած բոլոր բանակցութիւնները։ Այս օրերին Եկեղեցու դէմ սանձազերծած փոթորիկը հաւանաբար նաեւ նպատակ էր հետապնդում շեղելու մարդկանց ուշադրութիւնը Թուրքիա կատարած այցելութիւնից եւ ձեռքբերւած դաւադիր համաձայնութիւններից։ Միւս կողմից ակնյայտ են ճակատագրական այն պահանջները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է Հայաստանի իշխանութիւններին։ Ուշադրութիւն դարձնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մութ գործարքների մէջ խորանալուն զուգահեռ այսօրւայ իշխանութիւնը, ի դէմս իր միանձնեայ ղեկավարի, թուլացնում եւ մկրատում է Ռուսաստանի հետ առկայ փոխյարաբերութիւններն ու կապերը։ Հայկական էլեկտրացանցերի եւ գազամատակարարման համակարգի շուրջ շրջանառւող խօսակցութիւնները հէնց այդ նպատակն են հետապնդում։ Խելահեղութիւն են թւում պատմութեան ճակատագրական պահի առջեւ յայտնւած երկրի ղեկավարութեան բացայայտ յարձակումներն ու սադրիչ քայլերը Ռուսաստանի նկատմամբ։
Դժւար է մտածելը նոյնիսկ, թէ ինչ կը պատահի Հայաստանի հետ, եթէ իր հերթին Ռուսաստանը դիմի հակաքայլերի։ Թէեւ այդ միջոցառումների թոյլ ազդանշաններն արդէն առկայ են ռուսական շուկայ հայկական ապրանքների մուտքը դժւարացնելու ձեւով։ Միւս կողմից, յունիսի 27-ին ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական հաւաքին, որին Նիկոլ Փաշինեանը մասնակցեց տեսակապով, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսէյ Օւերչուկը կրկին անդրադարձաւ Եւրամիութեան ուղղութեամբ մեր երկրի ղեկավարութեան ձեռնարկած քայլերին եւ կրկին շեշտեց. «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թէ՛ ԵԱՏՄ, եւ թէ՛ ԵՄ անդամ», «Դա կը նշանակի, որ Եւրասիական տնտեսական միութեան ներքին շուկայում կը յայտնւեն ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Այս հարցը մենք ներառել ենք Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի օրակարգում»։ Ռուսաստանցի պաշտօնեայի խօսքով՝ ինքը պատրաստւում է այս խնդրի վերաբերեալ նամակ գրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանին։
«Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողութիւնները հակասում են Եւրասիական տնտեսական միութեան նորմերին, եւ մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», ինչին որ անդրադարձան Հայաստանի բազմաթիւ լրատւամիջոցներ։ Ակնյայտ է, որ Ռուսաստանը սկսում է աւելի ուշադիր ու գործնական հայեացքով նայել Հայաստանի կողմը եւ, կանխատեսելի յաջողութիւնների հասնելով ուկրաինական ճակատում ու ամրապնդելով դիրքերն արտաքին յարաբերութիւնների մէջ, դէմքով շուռ է գալիս նաեւ Հայաստանի կողմը։
Դատելով ուշադրութեան մեծացումից՝ ռուսական ղեկավարութիւնը այլեւս չի ցանկանում հանդուրժել այն խաղը, երբ Հայաստանի վարչապետը սիրոյ երդումներ կը տայ Մոսկւայում, սակայն Հայաստան հասնելուց յետոյ իր թիմին եւ ձեռնասուն իշխանաւորներին կը հրահանգի շարունակելու հակառուսական գործունէութիւնը։ Ռուսաստանին համակրող կամ չհամակրող, անգամ ատող հայերը արդեօ՞ք լաւ են պատկերացնում, թէ տնտեսական, քաղաքական եւ այլ առումներով ինչ են նշանակում փոքր Հայաստանի թզուկ ղեկավարութեան այս խաղերը հսկայ Ռուսաստանի հետ։
Որքան էլ ցանկալի չէ այդ մասին խօսելը, բայց կարծես մենք չխրատւեցինք քսան թւականից յետոյ եւ հիմա յամառօրէն գնում ենք նոր փորձութիւններին ընդառաջ։ Երբ մենք կտրում ենք այն ճիւղը, որի վրայ նստած ենք, ո՞րն է մեր անվտանգային, տնտեսական Էներգետիկ այլընտրանքը՝ Եւրոպան որը ոչինչ չի խոստանում, թէ՞ գուցէ Թուրքիան ու Ադրբեջանը։ Իհարկէ, Նիկոլ Փաշինեանը ամենալաւ պատկերացնողն է այդ հեռանկարի, սակայն փորձելով բարձրացնել իր ուժերից վեր բեռ, նա ամբողջովին ձախողւել է արտաքին քաղաքականութեան մէջ, եւ այժմ չի կարողանում դուրս գալ իրեն պարտադրւող խաղից։ Թշնամական գրագէտ ու հետեւողական ճնշման դիմաց չկարողանալով ծպտուն հանել, նա կարծես «ծեծւած շան» իր բարդոյթը փորձում է յաղթահարել աջ ու ձախ հաչալով ու կծոտելով սեփական բակում։
Մի քանի անգամ ժողովրդի մի մեծ հատւածի հիմարացնելուց յետոյ Փաշինեանին թւում է, որ ինքը կարող է անվերջ «ֆռռացնել» իր նշանակած երեք միլիոն վարչապետերին եւ, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան դրսեւորում են մեծ յաւակնութիւններ, երբ ադրբեջանական ուժերն ամրապնդւում են մեր երկրի տարածքում, ինքը յայտարարում է, թէ Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել, Հայաստանին ոչինչ չի սպառնում։ Նա անգամ չի խորշում ցինիկօրէն յայտարարելու, թէ. «Մենք ոչ թէ կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետութիւնը»։ Ինչ ասես, եթէ դեռ կան մարդիկ, ում համար այս խոտը հաճելի է, բարի ախորժակ իրենց, իսկ ով կարողանում է դատել ըստ իր տեսածի եւ համաձայն սեփական տրամաբանութեան՝ լաւ են յիշում, թէ անկախութեան որ տարիներին ենք մենք բանակի ու ժողովրդի ոգեկան միասնականութեան շնորհիւ եղել առաւել անկախ եւ պաշտպանւած, երբ ինչպէս են խօսել հայ ղեկավարներն ադրբեջանցիների ու թուրքերի հետ ու մենք մշտապէս չենք վախեցել պատերազմի հեռանկարից։
Նիկոլ Փաշինեանը, հաշիւ անելով զանգւածներին հլու ուղղորդելու իր հունարի վրայ, յայտարարում է, թէ եթէ ինքը չլինի եւ գան ուրիշները, պատերազմ կը լինի, երկիրը չի կառավարւի՝ կարճ ասած, կը կործանւի։ Այս երկրի 7 տարեկանից մեծահասակները կարծում եմ կը յիշեն, արդեօ՞ք հէնց այդպէս էր Հայաստանի վիճակը նախքան Նիկոլի «յայտնութիւնը»։ Փաշինեանը 7 տարի շարունակ մանեւրում է ստի ու ճշմարտութեան միջեւ եւ կազմակերպւած քարոզչութեան միջոցով սեւը ներկայացնում է սպիտակի տեղ։ Ի հակառակ պատմական իրողութիւնների նա փորձում է համոզել, թէ թուրանիզմն ու պանթուրքիզմը վտանգ չեն ներկայացնում. «Ինչ է եղել, ուզում են գնան գան մեր ճանապարհներով՝ թող գնան գան»։ Այդպէս աչքին թոզ փչելով՝ նա վաղը յանձնելու է Զանգեզուրը, որովհետեւ թշնամին եթէ միայն գնալ-գալու խնդիր ունենար, Իրանի տարածքով էլ կարող էր գնալ-գալ, կամ նոյնիսկ Հայաստանի տարածքով, սակայն առանց ճանապարհի գօտին ստանալու պահանջի։ Անդրկովկասի վրայ իշխելու, պանթուրքիզմի սահմաններն ընդլայնելու համար նա ցանկանում է, որ վերանայ այն Հայաստանը, որն իրեն ենթակայ չի լինի։ Իր անվերապահ զիջումներով Փաշինեանը Հայաստանը վերածում է թուրքադրբեջանական գերիշխանութեան ենթակայ տարածքի, որտեղ հայերը կարող են ունենալ դաշտում արածող կենդանու ազատութիւնը, քանի դեռ չեն փորձի յիշել պատմութեան, սեփական ինքնութեան, արժանապատւութեան եւ իրաւունքների մասին։ Այսօր Փաշինեանին քնքշօրէն փարւող կթւորուհին, տաքսիստը, արւեստագէտն ու մտաւորականը փաստացի համաձայն են դառնալ դաշտում ազատ արածող այդ կենդանին։
Նիկոլ Փաշինեանը գիտի, որ իր ժամանակը կարճ է, ժամանակը փոխւում է արագօրէն, անգամ Արեւմուտքի գլոբալիստ առաջնորդներն են կորցնում իրենց ոտքի տակի հողը, ուր մնաց, կարողանան երաշխաւոր լինել Նիկոլի վերարտադրութեանը։ Իհարկէ յաջորդ գարնանը նրանք երկու անգամ կը գան Հայաստան՝ համաեւրոպական միջոցառումներ իրականացնելու եւ ուղղակի կամ անուղղակիօրէն Նիկոլի քարոզչութիւնը կանեն ընտրութիւնների նախօրեակին եւ անորոշ ժամանակի համար հայ ժողովրդին եւրոպական ապագայ կը խոստանան։ Աշխարհաքաղաքական մեծ կռիւը ոչ միայն աւարտւած չէ, այլեւ դեռ թափ է հաւաքում, եւ այդ մեծ կռւի մէջ ոտատակ ընկած հայ ղեկավարը մտածում է երկիրն աճուրդի հանելու գնով իշխանութիւնը պահպանելու մասին եւ այժմւանից փորձում է ամայացնել իր ճանապարհը (անգամ ազգային հաւատի եւ Մայր եկեղեցու դէմ պղծութեան գնով)։ Այնուամենայնիւ, յաջողութեան հասնելու ճանապարհին նրա գլխաւոր դաշնակիցը մնում է ընդդիմադիր դաշտի պառակտւած եւ անորոշ վիճակը։ Այն ընդդիմութեան, որը մինչեւ այսօր չի կարողացել կազմակերպել երկար շնչի, ծրագրւած ու հետեւողական պայքար եւ կամայ թէ ակամայ գնում է Նիկոլ Փաշինեանի կողմից անվերջ հրապարակ նետւող օրակարգերի յետեւից։
Երբ չկայ ազգային միասնականութիւն, Փաշինեանը հրեշի պէս մէկ-մէկ կուլ է տալու բարձրացող գլուխները, ինչպէս վարւեց Սամուէլ Կարապետեանի, երկու Սրբազան հայրերի ու նաեւ այլ գործիչների հետ։ Այս մարտավարութեամբ էլ նա գնալու է դէպի առաջիկայ ընտրութիւններ։ Կամ հայ ժողովուրդն իր մէջ ուժ կը գտնի կասեցնելու այս գահավէժ ընթացքը, կամ Փաշինեանը ձեռք կը գցի Հայաստանը վերջնական կապիտուլիացիայի տանող իր նոր մանդատը։
«Դրօշակ» թիւ 6, 2025 թ.