Մակրոնը խոստացել է պաշտօնավարել մինչեւ ժամկէտի աւարտը՝ չնայած քաղաքական ճգնաժամին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը խոստացել է իր պաշտօնավարման ժամկէտը լրանալ՝ չնայած բիւջետային քաղաքականութեան շուրջ քաղաքական ճգնաժամին, որը սեպտեմբերի 8-ին կը յանգեցնի վստահութեան քւէարկութեան, որը կարող է յանգեցնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է France 24-ը։
Մակրոնը իր «լիակատար աջակցութիւնն» է յայտնել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուին, այն բանից յետոյ, երբ վստահութեան քւէարկութիւն անցկացնելու նրա որոշումը մտավախութիւններ է առաջացրել, որ Ֆրանսիան կրկին երկարատեւ քաղաքական եւ ֆինանսական անկայունութեան շրջանի առջեւ է կանգնած։
Բայրուի գործողութիւնները նաեւ հարցեր են առաջացրել Մակրոնի համար, որի լիազօրութիւնների ժամկէտին մնացել է երկու տարուց պակաս, քանի որ արմատական ձախերը կոչ են անում նախագահի հրաժարականը, որը նա միշտ մերժել է։
«Ֆրանսիայի ժողովրդի կողմից ինձ վստահւած մանդատը… կիրականացւի նրանց առջեւ ստանձնած իմ պարտաւորութիւնների համաձայն»,- ասել է Մակրոնը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում։
Մակրոնն ասել է, որ Բայրուն «անյաղթահարելի խնդրի» առջեւ չի կանգնած եւ կոչ է արել քաղաքական գործիչներին գտնել «համաձայնութեան գալու ուղիներ» իր առաջարկած բիւջէի շուրջ։
74-ամեայ Բայրուն ցանկանում է խնայել մօտ 44 միլիարդ եւրօ (51 միլիարդ դոլար), սակայն նրա առաջարկը՝ չեղարկել երկու պետական տօները եւ սառեցնել ծախսերի աւելացումը, շատերին զայրացրել է Ֆրանսիայում։
Եթէ Բայրուն պարտւի սեպտեմբերի 8-ի քւէարկութեան ժամանակ, նա պէտք է հրաժարական տայ իր ամբողջ կառավարութեան հետ միասին։
Մակրոնը կարող է կամ վերանշանակել նրան, կամ ընտրել նոր դէմք, որը կը դառնայ պետութեան ղեկավարի 7-րդ վարչապետը 2017 թւականին պաշտօնը ստանձնելուց ի վեր, կամ նշանակել արտահերթ ընտրութիւններ՝ վերջ դնելու Ֆրանսիայում մէկ տարուց աւելի տիրող քաղաքական փակուղուն։