ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանին շրջանցող միջանցքների օրակարգը եւ տարածաշրջանի վրայ անգղի թեւերը փռելու Թուրքիայի նկրտումները

«ԱԼԻՔ» – Թուրքիան վերջին տարիներին ամէն գնով փորձում է դիրքաւորւել որպէս Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը շրջանցող այլընտրանք՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար: Ռուսաստանի ազդեցութեան նւազումով եւ ուկրաինական պատերազմի հետեւանքով տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Անկարան առիթաւորւել է ուժեղացնելու իր ներկայութիւնը տարածաշրջանում։

Այս կապակցութեամբ  քաղաքագէտ Ալի Մոֆաթեհը irdiplomacy-ում հրապարակած յօդւածում անդրադարձել է միջանցքային տրամաբանութեամբ երթուղիների նոր նախագծերին եւ տարածաշրջանի երկրների յարաբերութիւններն ու ապրանքաշրջանառութեան անվտանգութիւնը վերադասաւորող նախագծերին, այդ թւում նաեւ թուրքական «Զանգեզուրի միջանցք» ծրագրին առնչւող երկրների դիրքորոշումներին:

Փորձագէտի կարծիքով օգտագործելով առաջադէմ ռազմական տեխնոլոգիաներ, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք մասամբ նաեւ արդարացւել են ուկրաինական պատերազմում, Թուրքիան կարողացել է ընդլայնել իր յարաբերութիւնները, յատկապէս,  Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Նոյն կերպ պէտք է հասկանալ, երբ Ղրղզստանը դիմում է Անկարային՝ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու համար, քանի որ Ռուսաստանի նկատմամբ վստահութեան բացակայութեան գործօնը կայ:

Ալի Մոֆաթէհը նշել է այն փաստը, որ Թուրքիան նաեւ օգտագործում է կրօնական հարցերի նախարարութեան (Դիանեթ) միջոցները կառուցելով մզկիթներ, կամ կրօնական կրթութիւն ու կրթաթոշակներ տրամադրելով Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներին: Իսկ սա ընդամենը Անկարայի ջանքերի մի մասն է՝ ամրապնդելու իր մշակութային, քաղաքական եւ տնտեսական վերահսկողութիւնը։

Յօդւածագիրը նշել է, որ բացի այդ, Անկարան վերջին տարիներին ակտիւօրէն ներքաշւած է եղել տարածաշրջանային վէճերի կարգաւորման գործում։ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանազատման  բանակցութիւնները եւ հնարաւոր պատերազմի կանխումը եւս համարւում է Թուրքիայի ներդրած ջանքերի արդիւնք:

«Դիւանագիտական ​​այս ձեռքբերումները հանգեցրել են նրան, որ Անկարան ճանաչւի որպէս արդիւնաւէտ միջնորդ Կենտրոնական Ասիայի կայունութեան ամրապնդման գործում»,- եզրակացրել է քաղաքագէտը։

Նա նաեւ զգուշացրել է, որ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը առանցքային դեր է խաղում Թուրքիային օգնելու ընդլայնել իր տարածաշրջանային ազդեցութիւնը։ Տաջիկստանը այն օրինակներից է, որտեղ Ադրբեջանի ներկայութիւնը ակնյայտօրէն Թուրքիայի երկարաժամկէտ ջանքերի արդիւնք էր՝ խարխլելու Իրանի հեղինակութիւնը Կենտրոնական Ասիայում: Այստեղ այդ երեւոյթի կարեւորութիւնը  երեւում է նաեւ  Թուրքիայի պարսկալեզու հեռուստաալիքի գործարկմամբ, որում հաւանաբար ներառւած են նաեւ  Աֆղանստանը եւ Տաջիկստանը:

Իրանցի պաշտօնեաների վերջին այցերը Կենտրոնական Ասիա պէտք է մեկնաբանել որպէս տարածաշրջանում Իրանի ազդեցութիւնը մեծացնելու շրջագծում, յիշեցնում է Ալի Մոֆաթեհը:

Նրա կարծիքով, բացի Կենտրոնական Ասիայում իր ազդեցութիւնը մեծացնելուց, նաեւ Կասպից ծովում Իրանը պէտք է աշխատի նւազեցնել Թուրքիայի ազդեցութիւնը: Թէեւ  2018 թւականի կոնւենցիայով  արգելւած է Կասպից ծովի ափամերձ երկրներից դուրս այլ երկրների զինւած ուժերի տեղակայումը ծովում, Բաքուն ու Աստանան ցոյց են տւել իրենց պատրաստակամութիւնը՝ օգնելու շրջանցել այդ արգելքը: Այն տեղի է ունենում Ադրբեջանի Հանրապետութեան եւ Ղազախստանի դրօշների ներքոյ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի տեղակայմամբ։ Սա հնրաւորութիւն կը տայ  Թուրքիային վերահսկել Կասպից ծովի նաւթագազային հարստութիւնը՝ միաժամանակ աջակցելով իր դաշնակիցներին, ինչպէս նաեւ Իրանի ազդեցութիւնը նւազեցնել իր հիւսիսային սահմանների երկայնքով եւ սեղմել շրջափակող օղակը:

«Մեր երկրի զգօնութիւնն ու սերտ համագործակցութիւնը Ռուսաստանի հետ, որը վերահսկում է Վոլգա-Դոն նաւարկելի ջրանցքը՝ Սեւ ծովից Կասպից ծով տանող միակ ջրային ճանապարհը, կարող է կանխարգելող միջոց ծառայել»,- յաւելել է նա:

Ալի Մոֆաթեհը նշելով, որ Թուրքիան իր ազդեցութեան գօտու մաս է համարում Կովկասի, Միջին Վոլգայի, Կալմիկիայի, Ուրալ եւ Սիբիր հանրապետութիւնների ժողովուրդներին, նշել է. «Փաստօրէն, Անկարայի նկրտումները «թուրքական աշխարհի» մասին չպէտք է սահմանափակել միայն Ադրբեջան-Կասպից-Կենտրոնական Ասիա ճանապարհով: Այս ծրագրի շրջանակը կարող է հասնել ոչ միայն Իրան, այլեւ Ռուսաստան եւ Չինաստան (Չինաստանի դէպքում ոյղուրների վրայ ազդելով)։

Իսկ «Զանգեզուրի միջանցք»-ով ապրանքներ տեղափոխելու տարածաշրջանային «համագործակցութեան» եւ ճանապարհների ապաշրջափակող նախագծի առաջարկը, ըստ էութեան, Անկարայի եւ Բաքւի խաբուսիկ քայլն է՝ շեղելու համար Մոսկւայի ուշադրութիւնը հիմնական ծրագրից»:

Սլաքը նաեւ Պակիստանի ժամանակով է լարւած նաեւ

«Պետք է արձանագրել, որ «Զանգեզուրի միջանց»-ի միւս սլաքը, բացի Կենտրոնական Ասիան ցոյց տալուց եւ Իրանում, Չինաստանում, Ռուսաստանում Թուրքիայի ազդեցութեան մեծացումից, Իրանին շրջանցելով՝ Պակիստան հասնելն է։ Պակիստանի համատեքստում չպէտք է մոռանալ Բաքւի դերը ե՛ւ որպէս հիմնական խաղացողին քողարկող գործօն, ե՛ւ որպէս դէպի Թուրքիա եւ «թուրքական աշխարհ» բացւող դարպաս։

Նոյն համատեքստում է դիտարկւում Իսլամաբադ Ալիեւի այցը, որի ընթացքում էներգետիկայի ոլորտում նոր համաձայնագրերին, մասնաւորապէս՝ բնական գազի մատակարարման փաստաթղթի, կողմերը պայմանաւորւել են 2 միլիարդ դոլար արժողութեամբ ներդրումային փաթեթ ձեռնարկել համատեղ առեւտրային նախագծերի ֆինանսաւորման համար։

Պակիստան հասնելը եւ Իրանը շրջափակող օղակը սեղմելու համար անհրաժեշտ է նաեւ համագործակցութիւն Թուրքմենստանի եւ Աֆղանստանի հետ։ 2023 թւականի մայիսին Թուրքմենստանի նախագահը Աշխաբադում կայացած տարածաշրջանային համաժողովում ընդգծեց «Լապիս Լազուլի»-ի տարանցիկ միջանցքի կարեւորութիւնը։ Միջանցքը, որը մշակման փուլում է եւ ներառում է ցամաքային տրանսպորտային ուղիներ ու ծովային կապեր Կասպից ծովով դէպի Ադրբեջան: Այն սկիզբ է առնում Աֆղանստանից եւ Թուրքմենստանով ու Ադրբեջանով անցնելուց յետոյ հասնում՝ Վրաստան, Թուրքիա եւ, հնարաւոր է նաեւ Եւրոպա։

Լապիս Լազուլիի միջանցքը որպէս կարեւոր տարանցիկ ճանապարհ շարժել է Կենտրոնական եւ Հարաւային Ասիայի երկրների, յատկապէս Աֆղանստանի հետաքրքրութիւնը:

Մասնակից երկրները, այդ թւում՝ Թուրքմենստանը, Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Աֆղանստանը, ամրապնդել են իրենց համագործակցութիւնը ենթակառուցւածքների եւ վերահսկողութեան ոլորտներում:

Հաշւի առնելով Ռուսաստանի դէմ սահմանւած պատժամիջոցները եւ ուկրաինական պատերազմը, բարձրացել է այս միջանցքի նկատմամաբ հետաքրքրութիւնը, նոյնիսկ  Պակիստանի եւ Հնդկաստանի կողմից, ինչի արդիւնքում ներգրաււած երկրների համար կը ստեղծւեն տնտեսական եւ անվտանգային նոր դասաւորումներ:

Բացի այդ, 2024 թւականի սեպտեմբերին Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI) գազատարի նախագծի արարողակարգը տեղի ունեցաւ Թուրքմենստան-Աֆղանստան սահմանին: Խողովակաշարը ենթադրում է վերափոխումներ էներգետիկ լանդշաֆտի՝ Կենտրոնական եւ Հարաւային Ասիայում: Նախագիծ, որը Աշգաբադը շարունակում է առաջ տանել:

Հաշւի առնելով Ռուսաստանի թուլութիւնը ուկրաինական պատերազմի եւ Կովկասում տեղի ունեցած վերջին փոփոխութիւնների պատճառով՝ պէտք է պատրաստ լինել «Զանգեզուր»-ի հետ կապւած զարգացումների համար։ Այն կարեւոր է ոչ միայն Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի, այլ նաեւ այլ երկրների համար, այդ թւում Վրաստանի, նոյնիսկ Չինաստանի  ու Եւրամիութեան, քանի որ այս միջանցքի կարգավիճակի ցանկացած փոփոխութիւն կարող է մեծ ազդեցութիւն ունենալ տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականութեան վրայ»,- յօդւածի նոյն գլխի ներքոյ մեկնաբանել է փորձագէտը։

Իրաքը՝ Big Pictur-ի միւս անկիւնում

Փորձագէտը մեկնաբանելով Big Pictur հասկացութիւնը, եւ որպէս ընդհանուր պատկերում խօսքի իրաւունքով  յատկանիշների դերակատարութիւնը, անդրադարձել է պակերի միւս անկիւնում տեղ գտած Իրաքի զարգացումներին: 

«Թուրքիան ամէն գնով է փորձում միանալ Պարսից Ծոցին՝ Իրաքի միջոցով: Վերջին տարիներին Իրաքն ու Թուրքիան փորձեր են ձեռնարկել վերանայելու եւ ամրապնդելու յարաբերութիւնները աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին: Չնայած պատմա-քաղաքական մարտահրաւէրներին, յատկապէս քրդական հարցը եւ սահմանների անվտանգութիւնը, Անկարան ու Բաղդադը փորձում են ամրապնդել կապերը՝ տնտեսական, անվտանգային եւ էներգետիկ ոլորտներում։

Չի բացառւում նաեւ Անկարայի եւ Վաշինգտոնի ծրագիրը՝ իրանական ազդեցութեանը հակազդելու համար։

Բացի այդ, ջրային ռեսուրսների խնդիրը երկու երկրների յարաբերութիւնների առանցքներից մէկն էր: Թուրքիան վերահսկողի դերում է ջրային ռեսուրսների ապահովման գործում՝ կառավարելով Հիւսիսային Իրաքի ջրային ռեսուրսները, յատկապէս Տիգրիս եւ Եփրատ գետաջրային աւազանում: Այս խնդիրը վերջին տարիներին, երբ ջրի սակաւութիւնը անվտանգային խնդիրներ է առաջացրել Իրաքի համար, հանգեցրել է երկու երկրների փոխգործակցութեան աւելացմանը։

Իրաքի ժամանակակից պատմութեան ամենամեծ ենթակառուցւածքային նախագիծը պէտք է համարել՝ Պարսից ծոցում Ֆաւի խոշոր նաւահանգստի կառուցումը: Այն ենթադրում է տրանսպորտային եւ առեւտրային մարտահրաւէրները լուծելու մեծ կարողութիւն, ինչը պէտք է տեսնել   Big Pictur-ի կարեւոր անկիւնում:

Այն Պարսից Ծոցը կապելու է թուրքական սահմանին, այնուհետեւ Եւրոպային, որով նաեւ երկրորդ պլան է մղւելու Հնդկաստան-Մերձաւոր Արեւելք-Եւրոպա տնտեսական միջանցքի (IMEC) ծրագիրը: Նախագիծը ենթադրում էր նաեւ Սաուդիան Արաբիայի եւ Իսրայէլի ռեժիմի միջեւ յարաբերութիւնների կարգաւորում: «Զարգացման ճանապարհ»-ի նախագիծը նպատակ ունի ստեղծել շարունակական ճանապարհային եւ երկաթուղային միջանցք Բասրայի եւ Լոնդոնի միջեւ, որի առաջին փուլը նախատեսւում է աւարտին հասցւի մինչեւ 2028 թւականը:

Այս երթուղին կարող է նպաստել ապրանքների փոխադրման արագացմանը: Այն 10 օրով աւելի կարճ է տեւելու Սուէզի ջրանցքի համեմատութեամբ ։ Եւ, քանի որ Իրաքը Եւրոպական մաքսային միութիւնից դուրս միակ երկիրն է այս ճանապարհով, վարչական օգուտները եւ ծախսերի կրճատումը այս նախագծի միւս առանձնայատկութիւններից են: Ծրագիրը նաեւ խրախուսում է Բաղդադի եւ Էրբիլի միջեւ նաւթային վէճերի լուծումը»: 

Փորձագէտը յորդորել է՝ սառը դատողութեամբ եւ ուշադիր պէտք է հետեւել աշխարհաքաղաքական զարգացումների կուլիսներում երեւացող «մեծ պատկեր»-ին, եւ եզրակացրել.  «Այլընտրանքային մոդելների նախագծումն ու ներկայացումը կարող է օգնել մեծացնել մեր երկրի դերն ու ազդեցութիւնը Կենտրոնական Ասիայում, Կովկասում եւ բնականաբար Իրաքում։ Այս համատեքստում, թւում է, պէտք է փնտրել համապարփակ ծրագրեր եւ ստեղծել համագործակցութեան գրաւիչ ձեւաչափեր, եւ խուսափել այն մօտեցումներին, որոնք երկարաժամկէտ հեռանկարում միայն պաշտպանելու են Իրանի շահերը։ Նաեւ նոր հնարաւորութիւնների բացայայտումը, նոյնիսկ մրցակիցների հետ, կարող է կանխել թշնամանքը եւ ստեղծել շահեկան պայմաններ՝ տեւական կայունութեանը հասնելու համար»:

Related Articles

Back to top button