ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Յիշելով Սալւադոր Ալիենդէին

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

«… Եւ մտապահէք, աւելի շուտ, քան ենթադրում էք, կը բացւեն այն լուսաւոր ուղիները, որոնք ազատ մարդկանց կառաջնորդեն՝ կառուցելու աւելի լաւ հասարակութիւն: Կեցցէ՛ Չիլին: Կեցցէ՛ ժողովուրդը: Կեցցէ՛ աշխատաւորները»:

Սրանք Չիլիի ժողովրդին ուղղւած Սալւադոր Ալիենդէի վերջին խօսքերն էին, որ հնչեցին ռադիօ պատգամի տեսքով 1973 թւականի սեպտեմբերի 11-ին: Նոյն օրը Չիլիում ռազմական յեղաշրջման արդիւնքում իշխանութեան եկաւ գեներալ Աւգուստօ Խոզէ Ռամոն Պինոչետ Ուգարտէն, իսկ ազգընտիր նախագահ Սալւադոր Ալիենդէն ինքնասպան եղաւ նախագահական պալատի փլատակներում:

Այդ օրւանից ի վեր, Պինոչետի անունը նոյնացւեց արիւնոտ բռնապետութեան հետ: Իշխանութեան գալուց յետոյ, նա ցրեց խորհրդարանը, արգելեց ամէն տեսակի քաղաքական եւ արհմիութենական գործունէութիւնը, մտցրեց խօսքի եւ մտքի տոտալ գրաքննութիւն: Նրա Իշխանութեան տարիներին աւելի քան երեք հազար այլախոհներ՝ քաղաքական գործիչներ, մտաւորականներ, ուսանողներ եւ արհմիութենական ակտիւիստներ զոհ գնացին բռնապետութեանը: Նրանցից շատերը դեռեւս համարւում են անհետ կորածներ:

Փաստ է, որ Պինոչետին յաջողւեց Չիլիին վերադարձնել կայունութիւնը, ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի տնտեսագէտների օգնութեամբ բարեփոխել եւ ոտքի հանել երկրի քայքայւած տնտեսութիւնը՝ 70-ական թւականների երկրորդ կէսին ապահովելով տնտեսական թռիչքային աճ:

Թւում էր, թէ սա հէնց այն է, որի մասին կարող է երազել Չիլիի իւրաքանչիւր շարքային քաղաքացի: Այնուամենայնիւ, իր իշխանութեան 15 տարիների ընթացքում գեներալը մնաց հասարակութիւնից մեկուսացւած՝ նրա կողմից մերժւած: Հասարակութեան մեծամասնութեան տեսակէտից՝ Պինոչետը բռնազաւթիչ էր, արիւնարբու դիկտատոր:

Եւ սա բնական ու տրամաբանական էր, քանզի չիլիացիների ճնշիչ մեծամասնութեան համար ամէն ինչ չէր, որ պայնաւորւում էր տնտեսական բարեկեցութեամբ: Նրանք գիտակցում էին, որ կան բացարձակ արժէքներ, որոնց համար կարելի է, եւ պէտք է զոհել շատ բաներ: Ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնն այդ արժէքների շարքից էր: Պինոչետի գլխաւորած ռազմական խունտան ոտնատակ էր տւել հէնց այդ բացարձակ արժէքը, սա նրանց գլխաւոր սխալն էր, մնացած բոլորը երկրորդական էին՝ ածանցեալ: Վիրաւորւած, խոցւած էր ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնը, ուրեմն՝ ընծայւած բոլոր «բարիքներ»-ը ոչինչ արժէին:

Եւ չիլիացիները գիտակցաբար ելան պայքարի՝ փոխելու իրենց քաղաքացիական կեցութեան կարգավիճակը, վերականգնելու համար հասարակական արդարութիւնը՝ իր բոլոր դրսեւորումներով, ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնը, որի մարմնաւորում էին Սալւադոր Ալիենդէն, Պաբլօ Ներուդան, Վիկտոր Խարան եւ զինւորական խունտայի հազարաւոր այլ զոհերը:

Երկարատեւ, նպատակասլաց պայքարի շնորհիւ՝ Չիլիի քաղաքացիական շարժմանը յաջողւեց հասնել յաղթանակի: Սակայն, յաղթանակից աւելի կարեւորն այն էր, որ նրանք իրենց պայքարն օժտեցին բարոյական արժէքներով, ինչը նրանց օգնեց կառուցել անշրջելի ժողովրդավարական համակարգ, իր երկու երեսներով՝ քաղաքական եւ հասարակական, որտեղ այլեւս անհնար է դարձել ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութեան ոտնահարումը:

1973 թւականի սեպտեմբերի 11-ից կէս դար անց էլ միջազգային ընկերվարական շարժման հաւատաւորները շարունակում են մեծ ակնածանքով յիշել Ալիենդէի եւ գաղափարապաշտ ու իդէալիստ այն բոլոր ընկերվարականների յիշատակը, որոնք իրենց կեանքն անգամ չխնայեցին յանուն կատարեալ հասարակական արդարութեան եւ մարդկային արժանապատւութեան արժեւորման:

Նէօլիբերալիզմի յաղթարշաւի, իդէալիզմի նահանջի եւ մարդկային արժեհամակարգերի խեղման մեր օրերում, մարդկութիւնն առաւել քան երբեւէ իրական գաղափարախօսութիւնների եւ արժեհամակարգերի վերաիմաստաւորման եւ վերաարժեւորման, ինչպէս նաեւ յանուն դրանց սկզբունքային եւ աննահանջ պայքար մղող, Ալիենդէի պէս առաջնորդների կարիքն ունի:

Այլապէս գաղճ ու հեղձուցիչ վայրի կապիտալիզմը սրբելու եւ տանելու է ամէն ինչ: Ամէն ինչ եւ անվերադարձ:

Related Articles

Back to top button