ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԴԱՄԱՍԿՈՍԻՑ՝ ԵՐԵՒԱՆ. ՍԹԱՓ ԴԱՏԵԼՈՒ, ՃԻՇՏ ԴԻՐՔԱՒՈՐՒԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Սիրիայում, աւելի քան մէկ տասնամեակ տեւած պատերազմի հանգուցալուծումը մեծ ցնցում էր տարածաշրջանի համար:
Ընդամէնը 13 օրւայ ընթացքում Թուրքիայի աջակցութիւնը վայելող ահաբեկչական խմբաւորումներին յաջողւեց Իդլիբից հասնել մայրաքաղաք Դամասկոս եւ արձանագրել Բաշշար Ասադի իշխանութեան տապալումը:
Սիրիական պետութեան հետ տեղի ունեցածի ֆոնին մենք ստիպւած ենք արձանագրել, որ.
Ա. Շահողները ներկայ դրութեամբ Թուրքիան, Իսրայէլը եւ, բնականաբար, հաւաքական Արեւմուտքն են, իսկ տուժողները՝ Իրանը եւ Ռուսաստանը, որոնք էականօրէն զիջել են իրենց դիրքերը Մերձաւոր Արեւելքում:
Բ. Ակնյայտ է, որ Թուրքիան եւ Իսրայէլը չեն բաւարարւելու այսքանով: Նրանք փորձելու են ձեւաւորել իւրովի երկբեւեռ համակարգ՝ ձգտելով տոտալ վերահսկում սահմանել տարածաշրջանի նկատմամբ:
Գ. Ինչ վերաբերում է կոնկրետ Թուրքիային, ապա կասկածից վեր է, որ նա անելու է ամէն ինչ որպէսզի իր ձեռքբերումները նիւթականացնի նաեւ այլ տարածաշրջաններում, աւելի որոշակի՝ Հարաւային Կովկասում, իսկ Թուրքիայի խնդիրն այստեղ շատ յստակ է. Սիւնիքի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային, որեւէ մէկի կողմից չվերահսկւող, անխոչընդոտ կապ ստեղծել:
Դ. Իսկ սա ենթադրում է, որ նոր իրողութեան հետ պայմանաւորւած Անդրկովկասում եւս իրադարձութիւններն անխուսափելիօրէն կը բարդանան, ինչը տրամաբանօրէն առաւել ծանր բնոյթ է կրելու Հայաստանի Հանրապետութեան համար, որը ակամայից յայտնւելու է սպասւող իրադարձութիւնների էպիկենտրոնում:
Ե. Այս համատեքստում չպէտք է մոռանանք, որ մերձաւորարեւելեան աշխարհաքաղաքական բարդ շախմատի խաղատախտակի միւս երկու հիմնական խաղացողները՝ Իրանը եւ Ռուսաստանը եւս ունեն անմիջական շահեր եւ լուրջ յաւակնութիւններ Հարաւային Կովկասում, ինչը բնական սապասելիք է առաջացնում այն մասին, որ ներկայ հանգրւանում բացառապէս նրանց անմիջական աջակցութեամբ եւ ներգործօն ներգրաււածութեամբ է հնարաւոր չէզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող վտանգը, որը կախւած է Հայաստանի Հանրապետութեան գլխին:
Սակայն պէտք է հաշւի առնենք այն իրողութիւնը, որ թէ՛ Իրանը, եւ թէ՛ Ռուսաստանը այս պահի դրութեամբ Հարաւային Կովկասից զատ, ունեն օրակարգային առաւել առաջնային ճգնաժամային օջախներ եւ թշնամական ուղղութիւններ. Ռուսաստանի դէպքում՝ Ուկրաինան, իսկ Իրանի դէպքում՝ Իսրայէլը, ինչը տրամաբանօրէն նրանց պարտադրելու է գործել առաջնահերթութիւններից ելնելով:
Այս չափազանց բարդ պայմանների համատեքստում է, որ ընդգծւած կարեւորւում է իրավիճակը սթափ գնահատելու եւ ըստ դրան դիրքաւորւելու հանգամանքը:
Ելնելով վերը նշւածից, մենք ստիպւած ենք փաստել, որ Հարաւային Կովկասում.
Ա. Դեռեւս որոշւած չեն հիմնական խաղացողների եւ շահառուների գլոբալ ազդեցութեան գօտիները, դրա համար լուրջ մրցակցութիւն է ընթանում, որի մեկնարկը տրւել է սիրիական վերջին իրադարձութիւններից շատ աւելի վաղ:
Բ. Սիրիայի իրադարձութիւնների արդիւնքում անդրկովկասեան իրադարձութիւնները շատ աւելի բարդ ու բազմաբեւեռ են դառնալու, որոնց արդիւքնները պարզ կը դառնան աւելի ուշ:
Գ. Մի բան սակայն յստակ է. Հարաւային Կովկասում եւս գործընթացները հնարաւորինս արագացւելու են առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը առաւելագոյնը թուլացնելու համար, իսկ սա միանշանակ կարող է աղէտաբեր հետեւանքներ ունենալ Հայաստանի Հանրապետութեան համար:
Եւ ճիշտ հէնց այստեղ է, որ առաւել մտահոգիչ է դառնում Հայաստանի Հանրապետութեան անհասկանալի արտաքին քաղաքականութիւնն ու անբացատրելի հաշւարկները:
Անհասկանալի է, թէ ինչ հաշւարկի վրայ է հիմնւած ՀԱՊԿ-ից հեռանալու, կամ՝ ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը սառեցնելու մասին ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները:
Անհասկանալի է, թէ ինչ նպատակով է մերթ ընդ մերթ հրապարակ նետւում Գիւմրիում տեղակայւած ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի գործունէութիւնը դադարեցնելու եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայութեանը վերջ տալու մասին անիմաստ եւ չհիմնաւորւած յայտարարութիւնները:
Անհասկանալի է, թէ ինչ տրամաբանութեամբ է յանկարծ Հայաստանում տիրաժաւորւում ԵՒՐԱՀԱՆՐԱՔՒԷ անցկացնելու մասին կոչերը, որոնք անուղղակիօրէն ուղղորդւում են ՀՀ իշխանութիւնների կողմից:
Եթէ մի կողմ թողնենք Ռուսաստանի հնարաւոր արձագանգն այս բոլորին, որը թւում է պարզ, ապա տրամաբանական հարց է առաջանում այն մասին, թէ ինչպէ՞ս է արձագանգելու Իրանն այս բոլորին, որի հետ ի դէպ, Հայաստանում ամենամեծ յոյսերն են կապել ՀՀ ինքնիշախնութիւնը պահպանելու եւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչումը բացառելու հարցում:
Եւ վերջապէս, նման անիմաստ ցուցադրութիւններն ունե՞ն արդեօք յստակ բովանդակութիւն, թէ պարզապէս միամիտ հանրութեան աչքին թոզ փչելու հերթական փորձերն են:
Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական նման բարդ պայմաններում աներկբայօրէն պէտք է հաշւի առնել յստակ մի իրողութիւն. Արեւմուտքի հետ յոյսեր կապելը անիմաստ է եւ մեղմ ասած՝ պարզամտութիւն:
Վերջապէս պէտք է հասկանալ, որ ցանկացած բեւեռ, լինի դա հաւաքական Արեւմուտքը կամ Ռուսաստանը նախեւառաջ իրենց անմիջական շահերն են առաջ մղում տարածաշրջանում եւ սպասարկում են բացառապէս այդ շահերը: Այս իրողութեան համատեքստում հաւաքական Արեւմուտքից ռազմա-քաղաքական օգնութիւն ակնկալելը միամտութիւն է, քանզի գերտէրութիւններն օգնութիւն տրամադրելուց հաշւի են առնում ոչ թէ՝ ում են տրամադրում այդ օգնութիւնը, այլ՝ ում դէմ են տրամադրում:
Մեծ Մերձաւր Արեւելքում, որը ներառում է նաեւ Անդրկովկասը հաւաքական Արեւմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի ամենաառանցքային ֆիգուրն է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղատախտակում, իսկ էներգակիրների իր ռեսուրսներով Ադրբեջանը ոչ պակաս կարեւոր խաղացող է Արեւմուտքի համար:
Այնպէս, որ ֆանտազիայի ժանրից է պատկերացնել, թէ ինչպէս է պէտք Արեւմուտքը պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, կամ ինչպէս է կարող պաշտպանել հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ Հայաստանին՝ իր ամենաառանցքային տարածաշրջանային ռազմավարական դաշնակցից:
Այս իրողութիւններն է, որ պէտք է հաշւի առնել որեւէ յայտարարութիւն, առաւել եւս որեւէ գործնական քայլ ձեռնարկելուց առաջ: Այլապէս մի «գեղեցիկ» օր ինչպէս միջազգային ահաբեկիչները ոտքով քայլելով հասան Դամասկոս, թուրք-ադրբեջանական ասկեարները եւս քայլելով կարող են հասնել Երեւան, իսկ նոյն այդ Արեւմուտքը լռելեան դիտելու է դա այնպէս, ինչպէս դա արեց Սիրիայում: