Այլ

Գիտնականները պարզել են, որ ուղեղի հոգնածութիւնն ազդում է մարդու վարքի վրայ

Ուղեղի երկարատեւ հոգնածութիւնը կարող է վարքային փոփոխութիւններ առաջացնել, մասնաւորապէս՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացութեան են եկել այն հետազօտութեան հեղինակները, որը հրապարակւել է PNAS ամսագրում։

Գիտնականների դիտարկած ուղղութիւններից մէկը «էգօ»-ի հիւծման հիպոթեզն է։ Այս տեսութեան համաձայն՝ մտաւոր զգալի լարւածութիւն պահանջող խնդիրների կատարումը նւազեցնում է կամքի ուժի պաշարները՝ մարդուն դարձնելով աւտոմատ արձագանգների հակւած էակի բարդ խնդիրների կրկնակի կատարման ժամանակ։ Հետազօտողները յատուկ ուշադրութիւն են յատկացրել ուղեղի ճակատային հատւածներին, որոնք պատասխանատու են ինքնավերահսկման եւ կատարողական ֆունկցիաների համար։ Այս հատւածներն են աւելի շատ ենթակայ դանդաղ ալիքների ի յայտ գալուն, որոնք յիշեցնում են ուղեղային ակտիւութիւնը քնի ժամանակ, եթէ մարդը երկար ժամանակ արթուն է մնում։

Հետազօտողները ենթադրել են, որ «էգոյի հիւծման» ֆենոմենը կապւած է նէյրոնային հոգնածութեան հետ, որն առաջանում է վերոնշեալ դանդաղ ալիքների կողմից ուղեղի ճակատային հատւածներում։ Աւելի վաղ փորձերի տարբերութիւնները կարող էին պայմանաւորւած լինել անբաւարար երկարատեւ առաջադրանքների հետ, որոնք արտայայտւած կոգնիտիւ հոգնածութիւն չեն առաջացրել։

Հիպոթեզն ստուգելու համար գիտնականները փորձ են կատարել, որը ներառել է 447 մեծահասակների։ Մի խումբը կատարել է զգալի ջանքեր պահանջող առաջադրանքներ 45 րոպէ, միւսը զբաղւել է վերահսկիչ առաջադրանքներով։

Մասնակիցները դրանից յետոյ թեստեր են յանձնել տնտեսական խաղերի ձեւով, որոնք գնահատել են համագործակցելու կամ ագրեսիայի հակումը։ Արդիւնքները ցոյց են տւել, որ բարդ խնդիրներ կատարողների մօտ համագործակցելու հակումն աւելի ցածր է եղել՝ 41 տոկոս վերահսկիչ խմբի 86 տոկոսի դիմաց։ Բացի այդ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տւեալները հաստատել են քնին բնորոշ դանդաղ ալիքների ի յայտ գալը ուղեղի ճակատային հատւածներում։ Այդ ալիքները կարող են յանգեցնել ուղեղի՝ վարքը վերահսկելու ունակութեան ժամանակաւոր կորստի։

Հետազօտութեան հեղինակներից Պիետրօ Պիետրինին նշել է, որ ստացւած տւեալները ընդգծում են հանգստի կարեւորութիւնը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հիւծումը ճակատային հատւածներում նւազեցնում է կոգնիտիւ արդիւնաւէտութիւնը, ինչն անդրադառնում է վարքի վրայ եւ կարող է յանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։  Բացի այդ, այս եզրակացութիւնները նշանակութիւն ունեն մարդկային գործունէութիւնը տարբեր ոլորտներում հասկանալու համար՝ ներառեալ տնտեսութիւնը եւ արդարադատութիւնը։

News.am

Related Articles

Back to top button