Լիլիթ Գալստեան. «Նրա առաքելութեան անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիան է, քաոսացում, չգոյութիւն»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի եւ նրա կնոջ հայհոյախառն գրառումներին:
«ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ՊԱՏՆ Է
Այս զոյգի գործունէութեանը կարելի է տարբեր գնահատականներ տալ, վերջիններիս հոգեբանական, հոգեկան եւ բարոյական առողջութեան ակնյայտ վատթարացման վերաբերեալ եզրակացութիւնների յանգել, անգամ տոգորւել հումանիզմով եւ ՀՀ բիւջէի հաշւին հարկադիր բուժման ուղարկել, անիծել ու նզովել, ինչի համատարած դրսեւորումների պակասն այս օրերին չկայ, կամ՝ վերջիններիս հանրային վտանգաւորութիւնը հաշւի առնելով, գլխաւոր դատախազի եւ գլխաւոր հոգեբուժի միջնորդութեամբ մեկուսացնել, բայց մի՞թէ սա է ողջ իրականութիւնը։
Նա ընտրւած է եւ ընտրւած է հէնց այս առաքելութեան համար․․․Սա յատուկ սելեկցիա է՝ նախընտրական սրացումներով, որն ընթանում է ու բարդանում արտաքին մարտահրաւէրներին դիմադրելու վերջինիս անկարողութեանն ու քաղաքական սնանկութեանը զուգահեռ։
Այդ առաքելութեան անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյութիւն։ Այդ պատկերը կարող էք գտնել այդ զոյգի հին տան պատին․ յայտնի հաղորդումից շատերդ կը յիշէք․․․Հիմա Հայաստանն այդ պատն է․․․ ներսից եւ դրսից անարգւող ու քայքայւող․․․
1700 ամեայ Հայ Առաքելական Եկեղեցին այդ խզբզողներից եւ խզբզանքներից չի թուլանում եւ չի թուլանայ։ 17 դարից էլ երկար ձգւող նրա ճանապարհին հերձւածողներ, ԳԻՇԱՆԳՂԻ ԲԱՐՔՈՎ հալածողներ շատ են եղել․․․
Բայց Հայաստանեայց Հայ Առաքելական Եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է՝ ՄԵՆՔ, մեր ներսի պատը։ Եւ խնդիրը մեզ՝ մեր ամբողջութեան մէջ քաոսացնելն է, մեր ներսի ու դրսի պատերը , մեր հաւաքական /construct-ը/ ողնայարը կազմաքանդելն է։
Այսօր թիրախաւորւած են, եւ հետեւողականօրէն փորձ է արւում կազմաքանդել այդ պատը պահողներին, եկեղեցուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, մեր ազգային իմունիտետը պահող քաղաքական ուժերին եւ անհատներին։ Ցաւօք․ շատերի մտածումներում արդէն քանդւած պատեր են, արժեհամակարգային քաոս, որն էլի յատուկ է ծրագրաւորւած․․․
Պահել ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ․ կասեցնել մեր ներքին պատերի փլզումը, չթողնել, որ նաեւ ներքին թշնամին քանդի մեր պատը․ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ․․․
Մենք մեզ հասկանալու խնդիր ունենք․․․»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ նախօրէին Նիկոլ Փաշինեանն ու նրա կինը՝ Աննա Յակոբեանը իրենց ֆէյսբուքեան էջերում սեռական բնոյթի, հայհոյախառն գրառումներ էին կատարել՝ թիրախաւորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հայ հոգեւորականութեանը: