Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Ադրբեջանը կը փորձի ԱՄՆ-ում երկու նպատակի հասնել»

«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգներում, ամենայն հաւանականութեամբ, նախաստորագրւելու է խաղաղութեան համաձայնագրի վերաբերեալ փաստաթուղթ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Ադրբեջանը կը պահանջի, որ Հայաստանը տեղում դիմի ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարելու համար։ Երկրորդ փաստաթուղթը կարող է կապւած լինել Հայաստանի տարածքով ադրբեջանցիների եւ ադրբեջանական բեռների անցման վերաբերեալ Հայաստանի համաձայնութեան հետ։ Փաստացի, Փաշինեանը կը համաձայնի Ադրբեջանին միջանցք տրամադրել, որի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանութիւնը կը սահմանափակւի։ Ադրբեջանցիները կը շարժւեն առանց խոչընդոտի, մինչդեռ դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանայ։

Փաշինեանն այս ամօթալի պարտութիւնը իբրեւ յաղթանակ կը ներկայացնի, քանի որ նրան անհրաժեշտ է ինչ-որ թուղթ, որի վրայ գրւած կը լինի «խաղաղութիւն»։ Նա պատրաստ է ցանկացած զիջման գնալ յանուն այդ թղթի կտորի համար։ Ադրբեջանը հիանալի հասկանում է դա, ուստի աւելի ու աւելի նոր պահանջներ է առաջ քաշում։

Այս փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չի տայ, մինչդեռ Ադրբեջանը կը հասնի համաձայնութեան՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը եւ միջանցքը։ Դրանից կը շահի նաեւ անձամբ Փաշինեանը, քանի որ ներքաղաքական գործընթացների համար յաղթաթուղթ կը ստանայ»,- նշել է Խաչատրեանը։

Նրա կարծիքով՝ Միացեալ Նահանգներին անհրաժեշտ է վերահսկողութիւն այս ճանապարհի նկատմամբ՝ Կենտրոնական Ասիա հասնելու համար, քանի որ խնդիր է դրւած վերահսկողութիւն հաստատել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի, ինչպէս նաեւ Իրանի եւ Ռուսաստանի հարաւի էներգետիկ պաշարների նկատմամբ, միաժամանակ ապահովել Թուրքիայի եւ թուրքալեզու ժողովուրդների միջեւ կապը։ Խաչատրեանը չի բացառել, որ Ադրբեջանը Աբրահամի համաձայնագրերին միանալու պարտաւորութիւններ կը ստանձնի։

«Այս նախագծի իրականացումը լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Այն սպառնալիք է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ նրա դիրքերը Կենտրոնական Ասիայում կը թուլանան»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Փաշինեանն անում է այն, ինչ ասում էր 2001 թւականի մայիսից ի վեր. «Թող թուրքերն ու ամերիկացիներն օգտւեն դրանից, իսկ մենք փող կը վաստակենք»։

Պատգամաւորը յաւելել է, որ այն մարդը, որը խոստացել է ոչինչ չանել ժողովրդի թիկունքում, մոլորեցնում է ժողովրդին եւ ամէն ինչ գաղտնի է պահում։

«Եթէ լրագրողը չլինէր, որը հրապարակել էր առաջիկայ հանդիպման մասին տեղեկութիւնը, մենք, հաւանաբար, կիմանայինք դրա մասին։ Բացի դրանից, եթէ Ադրբեջանի ԱԳՆ-ն չլինէր, մենք չէինք իմանայ, որ այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի տեքստը համաձայնեցւած է, այսինքն՝ այն տեքստը, որը մշակւել է Բաքւում։

Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ 7 տարի տեւած բանակցութիւնները Հայաստանին որեւէ յաջողութիւն չեն բերել։ Ղարաբաղեան բանակցութիւնները ձախողւել են, ինչը յանգեցրեց պատերազմի, իսկ դրանից յետոյ մենք ամէն օր յայտնւում ենք էլ աւելի բարդ դրութեան մէջ, քան նախորդ օրն էր»,- եզրափակել է Խաչատրեանը։

Related Articles

Back to top button