Սուրէն Սարգսեան. «Բացարձակ պէտք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում»
«ԱԼԻՔ» – Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանն անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեմային, եւ Թրամփ-Հարիս մրցակցութեանը.
«Բացարձակ պէտք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում.
Բացարձակ: Ասեմ աւելին, նրա առջեւ ծառացած խնդիրներն առաւել լուրջ են Հարիսի թեկնածութեան պարագայում, քան Բայդէնի: Իհարկէ Հարիսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կուսակցութեան յորձանուտներում, բայց կարծում եմ նրան կը յաջողւի դառնալ կուսակցութեան հիմնական թեկնածու: Իհարկէ, եթէ Բայդէնը հրաժարական ներկայացնէր եւ Հարիսը փաստացի՝ որպէս նախագահ մտնէր մրցապայքարի մէջ, կարծում եմ նրա շանսերն աւելի մեծ կը լինէին Թրամփին յաղթելու հարցում, սակայն ունենք այն, ինչ ունենք:
Այստեղ կարեւոր դեր են խաղալու կուսակցութեան առաջին դէմքերը՝ ի դէմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպէս նաեւ դոնորները՝ ի դէմս Սորոսի, Հոֆմանի եւ այլ երեւելիների: Սակայն որքան էլ նրանք տարբեր կարծիքներ եւ էնտուզիազմ ունենան Հարիսի թեկնածութեան հարցի շուրջ, Թրամփից մեծ հակառակորդ նրանք չունեն՝ հետեւաբար համախմբումն ինչ որ փուլում անխուսափելի է:
Վերջին շաբաթները շոկային էին դեմոկրատների համար: Բայդէնի թոյլ դեբատը, նրա կովիդը, յետոյ մրցապայքարից դուրս գալը հարւած էր կուսակցութեան դիրքերին եւ հաստատւած ներքին ստատուս քւոյին: Իսկ Թրամփի դէմ անյաջող մահափորձը նրան «չյանձնւող զոհ» դարձրեց, նպաստելով նրա շուրջ կոնսոլիդացիային եւ ռէյտինգի բարձրացմանը:
Եւս մէկ կարեւոր դետալ. Ի տարբերութիւն դեմոկրատների, հանրապետականները միախմբւած են Թրամփի շուրջ՝ այդ թւում նրան չսիրողները: Ի տարբերութիւն դեմոկրատների, հանրապետականում գեր-ազդեցիկ թեւեր չկան: Դրանք Թրամփի կողմից հետեւողականօրէն «չեզոքաքցւել եւ վնասազերծւել են»: Կուսակցութիւնում որոշումների կայացման վրայ ազդեցութիւն չունի նոյնիսկ միակ կենդանի հանրապետական նախագահ Բուշը, ում գերդաստանը ամէնից ազդեցիկներից էր ԱՄՆ քաղաքական Օլիմպոսում: Իսկ հիմա ոչ նա, ոչ նրա փոխնախագահ Չէյնին, ոչ էլ նրանց թիմի որեւէ առանցքային դէմք հանրապետական ասպարէզում չկայ:
Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք դեռ ունեն կոզրէր, որոնք դաշտ են նետելու քայլ առ քայլ: Օրինակ Հարիսի փոխնախագահը կարող է լինել ճոճւող նահանգներից մէկը ներկայացնող կին թեկնածու (նահանգապետ կամ սենատոր) եւ ստրատեգները կարող են ստեղծեն երկու կանանց տանդեմ, ովքեր պայքար են մղում երկու տղամարդու դէմ: Գեղեցիկ ստրատեգիա կը լինի: Կամ, պատկերացրէք Թրամփ-Հարիս բանավէճը՝ «նախկին դատախազ Հարիսն ընդդէմ յանցագործութիւնների մէջ մեղաւոր ճանաչւած Թրամփի», ինչ խօսք սա նոյնպէս աշխատող մարտավարութիւն է: Այսինքն տեխնոլոգիաների մի լայն տեսականի դեռեւս դաշտ չի նետւել:
Իսկ եթէ հաշւի առնենք, որ դեմոկրտաները քանակապէս ԱՄՆ-ում աւելի շատ են քան հանրապետականները, ապա պատկերն առաւել հետաքրքիր է դառնում: Դրան էլ յաւելում ենք այն հանգամանքը, որ նախագահներին այդուհանդերձ ԱՄՆ-ում ընտրում են ընդամէնը 7-8 ճոճւող նահանգներում, ապա իրավիճակն իրօք հետաքրքրութեան եւ անկանխատեսելիութեան հարթութիւն է տեղափոխւում»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: