ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի եւ հարաւային խորհրդարանի պատգամաւորի հանդիպումը Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների տնօրէնների ու անձնակազմերի հետ

Երկուշաբթի, ապրիլի 20-ի առաւօտեան Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցներ, ուր հանդիպելով պատկան տնօրէններին եւ անձնակազմերի մի շարք անդամներին, մօտիկից ծանօթացաւ՝ դպրոցների կողմից իրականացւող աշխատանքներին, ինչպէս նաեւ հեռակայ դասաւանդութեան իրավիճակին ու առկայ դժւարութիւններին։

Տնօրէնները յատկապէս արծարծեցին ներկայ պայմաններում օնլայն եւ աֆլայն դասընթացների հետ կապւած դժւարութիւնները եւ զեկոյցով հանդէս եկան դասաւանդութեան որակի ու նիւթերի սպառման ծրագիր-ժամանակացոյցի մասին։ Պրն. Մանսուրեանը խոստացաւ, թէ հնարաւորինս հարկ եղածը կը նախաձեռնի առկայ խնդիրների վերացման ուղղութեամբ։

Այնուհետեւ խորհրդարանի պատգամաւորը առանձնաբար միանալով «Արմէն» տարրական դպրոցի երկու վեցերորդ դասարանների օնլայն դասաւանդութեանը՝ շփւեց աշակերտների ու ուսուցիչների հետ ու նրանց մաղթեց՝ առողջութիւն եւ առաւել ջանադիր աշխատանք հեռակայ ձեւաչափով աշխատանքներում։ Նա նաեւ ցանկացաւ, որ ինչքան շուտ խաղաղութիւն տիրի երկրում, որպէսզի աշակերտների խանդավառ ճիչերով ողողեն դպրոցները։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button