Սկաուտներն՝ առաջնագծում. «Միշտ պատրաստ» ոգին համայնքի շտաբներում

«ԱԼԻՔ» – Թեհրանի տարբեր թաղամասերի արտակարգ իրավիճակների շտաբներում այսօր իրենց զգալի տեղն ունեն նաեւ սկաուտները։ «Միշտ պատրաստ» նշանաբանով դաստիարակւած նոր սերունդը շարունակում է ծառայել համայնքին՝ ոչ միայն հանգստի օրերին ու միջոցառումներին, այլեւ դժւար պահերին։
«ԱԼԻՔ»-ին ներկայացրած ուսումնասիրութեան շրջանակում, թերթիս աշխատակցող երիտասարդներ Արփա Քարամեանը եւ Վանէ Մակարեանը ուսումնասիրել են Թեհրանի հայոց թեմի արտակարգ իրավիճակների շտաբների կազմը՝ պարզելու, թէ ինչքան է սկաուտների մասնակցութիւնը։ Հետազօտութեան արդիւնքներով՝ սկաուտները կամ նախկին շարքային սկաուտները կազմում են շտաբների անդամների շուրջ 30-ից՝ 40 տոկոսը։
Վանէ Մակարեանի խօսքով՝ Սասուն քաղաքամասի թաղային շտաբում 3-ը սկաուտներ էին, իսկ Կենտրոն համայնքում՝ անդամներից մէկը դեռ կրում է իր թաշկինակը:
Զէյթունում եւս կազմում են 40 տոկոսը, որոնք կամ երկար տարիների սկաուտ են եղել կամ եղել են սկաուտականի աշխատանքներին ընդգրկւած մարդիկ: Նա նշում է, որ եթէ ընդհանուր պատկերն ուսումնասիրենք, ապա կարելի է ասել՝ մօտ մէկ երրորդն սկաուտներ են։
Արփա Քարամեանը պարզել է, որ արտակարգ իրավիճակների շտաբները ձեւաւորւել են պատերազմի առաջին օրերից՝ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի որոշմամբ։
«Շտաբներն ուշի-ուշով հետեւել են թաղային եւ համայնքային իրադարձութիւններին՝ ամէն մանր ու խոշոր դէպքերի մասին տեղեկացնելով ազգային առաջնորդարանի թէժ գծին, որը նաեւ հիմք է հանդիսացել պաշտօնական լրատւութեան համար»:
Շտաբների անդամներն, ըստ Արփայի, դէպքի առաջին րոպէներին ներկայ են գտնւել դէպքի վայրում՝ փորձելով աջակցել տուժած անձանց, իսկ իրավիճակի կայունացումից յետոյ շարունակել են հետեւել ընտանիքների կարիքներին եւ հոգեբանական վիճակին։
Հեղինակները նշում են, որ այս ամէնը մէկ անգամ եւս ապացուցում է, որ պէտք է յատուկ ուշադրութեան արժանացնել Սակաուտական շարժումը համայնքային կեանքում, քանի որ սկաուտի ոգին համայնքային ծառայութեան սրտում է։
Երիտասարդ հեղինակները՝ երկուսն էլ ունեն սկաուտական անցեալ եւ նշում են, որ ինչպէս նրանց նշանաբանն է ասում՝ «Միշտ պատրաստ», լինի դա հանգստեան օրերին թէ արտակարգ իրավիճակների պահին, սկաուտը պատրաստ է օգնելու, պաշտպանելու եւ ծառայելու իր համայնքին։
Նիւթը՝
Արփա Քարամեանի եւ Վանէ Մակարեանի






