ԱտրպատականՀամայնք

ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի Ամանորի տօնավաճառը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ի առաւօտեան ժամը 11:00-ին, օրհնութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջ­նորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, եւ նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Ուրմիոյ մաս­­­նաճիւղի եւ գործակցութեամբ «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի տես­չութեան, տեղի ունեցաւ Ամանորի յատուկ տօնավաճառ:

Առաւօտեան կանուխ ժամերից ՀՕՄ-ականուհիները աշխուժութեամբ յարդարել էին Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահը, մասնակցող միութիւնների, գիւղական եկեղեցիների, ինչպէս նաեւ անհատ վաճառողների հետ մի­ասին:

Ժամը 11:00-ին պաշտօնական բացումը կատարւեց տօնավաճառին, ներկայութ­եամբ ՀՕՄ-ի վարչութեան, Գործակալական խորհրդի եւ Ազգային մարմինների: Բո­լոր սրահը լցւել էր ամանորի զարդերով, տօնածառի զարդարանքներով, տօնական օրերի ձմեռային պահածոյ ուտեստներով, տնային թխւածքներով եւ այլ զարդեղէններով: ՀՕՄ-ականուհինե­րը բարի գալուստ մաղթեցին բոլորին: Այցելուները բացի վաճառւող նիւթերից, սրահում վայելում էին Ամանորի երաժշտութիւնը, որը բարձ­րացնում էր նրանց տրամադրութիւնը, եւ կանխաւ նրանց դնում տօնական ուրախ մթնոլորտում: Ծնողների հետ սրահը լցրել էին նաեւ երեխաներ: ՀՕՄ-ականուհիները նրանց համար նախապատրաստել էին ձմեռ պապի գալուստը, որը իր յանկարծական ներկայութեամբ, մեծապէս խանդավառեց բոլորին: Երեխաները պարեցին նրա հետ, երբ Ամանորի երաժշտութիւնը լցրել էր սրահը: Հիւրասիրութիւնը, երգն ու երաժշ­տու­թիւնը, տօնական զւարթ մթնոլորտը գոհունակ պահեցին բոլոր ներկաներին եւ այ­ցե­լուներին:

Երեկոյեան ուշ ժամերին, տօնավաճառի ժամկէտը իր աւարտին հասնելով, բո­լոր ներկաները թողեցին դահլիճը, հրաժեշտ տալով ե՛ւ միմեանց, ե՛ւ մանաւանդ 2024 թւականին:

Related Articles

Back to top button