Ռուսաստանցի քաղաքագէտ. «Փաշինեանի համար տպաւորութիւն գործելն առաջւայ պէս աւելի կարեւոր է, քան արդիւնաւէտութիւնը»
Ադրբեջանում Ղարաբաղի հարցը մէկընդմիշտ փակւած են համարում։ Այս երկրի պաշտօնական ներկայացուցիչները համարում են, որ ռազմաքաղաքական նոր ստատուս քւօն անսասան է։ Հայաստանում տւեալ խնդրի նկատմամբ վերաբերմունքը (Հանրապետութիւնում նախընտրում են խօսել Արցախի ողբերգութեան մասին) դեռեւս գլխաւոր տրաւման է՝ ամենաքննարկւող հարցերի հարցը։ Թէ՛ քաղաքական գործիչների, թէ՛ հասարակ մարդկանց մակարդակով։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։
«Ղարաբաղի վերաբերեալ բանավէճերը 2024 թւականի վերջին հայաստանեան մեդիատարածքում դարձել է ամենաքննարկւող թեմաներից մէկը։ Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի նախկին նախագահներին հրաւիրել է հանդիպել բանավէճի սեղանի շուրջ եւ քննարկել հրատապ խնդիրը։ Դրանից առաջ էլ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը յայտարարեց, թէ, ըստ էութեան, 1994 թւականի մայիսից, այսինքն՝ այն պահից, երբ ուժի մէջ է մտել Անժամկէտ հրադադարի մասին համաձայնագիրը եւ սկսւել են բանակցութիւնները, իր երկրի բոլոր ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրաւազօրութեանը վերադարձնելու հեռանկարները:
Այնպէս չէ, որ Փաշինեանը Ամերիկա է յայտնաբերել: Ժամանակին Ժիրայր Լիպարիտեանը (1994-1997 թւականներին Հայաստանի նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւոր խորհրդականը ղարաբաղեան կարգաւորման հարցերով) յայտարարել էր. «Զինադադարի պահից ի վեր միջազգային հանրութիւնը մեզ ասում էր, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախութիւնը։ Տեսականօրէն նրանք կարող էին դա անել, եթէ Ադրբեջանը համաձայնէր դրան։ Բայց, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան առաջարկում էին տարբերակներ՝ հիմնւած Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վրայ։ Դա ակնառու էր»:
Բայց մի բան է՝ քննարկել խաղաղ կարգաւորման տարբերակները, եւ բոլորովին այլ բան՝ պարտութիւնների եւ նւաստացումների պայմաններում զիջումների վերաբերեալ կոնկրետ որոշումներ ընդունելը։ Պետական գործչի պատասխանատւութեան հարցն առանցքային է դառնում: Փաշինեանն ուզում է ասել՝ ես առաջինը չեմ, հանգամանքներն ինձնից ուժեղ դուրս եկան: Նախկին նախագահների գրասենեակների արձագանգը սպասելի էր. Նիկոլ Վովաեւիչին մեղադրեցին փաստերի խեղաթիւրման մէջ: «Սարգսեանական» Հանրապետական՝ ՀՀԿ կուսակցութեան ներկայացուցիչը (Էդւարդ Շարմազանովը վճռականապէս յայտարարեց, որ «Արցախը յանձնել է Նիկոլ Փաշինեանը, եւ վերջ»: Բայց ոչ միայն քաղաքական առաջնորդները դա արեցին: Յայտնի պատմաբան, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն. Հայկ Դեմոյեանը հանրապետութեան կաբինետի ղեկավարի հետ բանավէճի պատրաստակամութիւն յայտնեց։
Այս պատմութեան մէջ շատ բնորոշ պահեր կան: Նախ՝ Նիկոլ Փաշինեանն առաջւայ պէս հմուտ մարտավարի եւ «ցանցային մարտիկի» որակներ է ցուցադրել, ում համար տպաւորութիւն գործելը արդիւնաւէտութիւնից բարձր է, իսկ պահի օգուտն աւելի կարեւոր է, աւելի կարեւոր՝ քան ռազմավարութիւնն ու տեւական խաղը։ Երկրորդ՝ տեղին կը լինէր, որ նախկին նախագահներն իրենք արտայայտէին սեփական դիրքորոշումը՝ տեղեկատւական դաշտը չզիջելով մի մարդու, որը երկար տարիների ընթացքում սովորել է թէ՛ լրատւամիջոցների ճնշման, եւ թէ՛ ձեռնածութեան դիմելու հմտութեանը»,- գրել է Մարկեդոնովը։
News.am