
Սպահանի հայոց թեմի ազգային Առաջնորդարանի եւ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ օգոստոսի 11-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Սենջեդի» փողոցը վերանւանւեց Իրանի դէմ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի 40-օրեայ պատերազմի ընթացքում նահատակւած Յովհաննէս Սիմոնեանի անւամբ։

Վերանւանման միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետարանի պատւիրակութիւնը գլխաւորութեամբ՝ քաղաքապետ ճարտարապետ Քարգարի, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետերն ու անդամները, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչը եւ նահատակ Սիմոնեանի ընտանիքի անդամներն ու ծանօթները։
Սկզբում ներկաները այցելեցին նահատակի բնակարան, որը գտնւում է նոյն փողոցում. այստեղ նախ աղօթեց Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, ապա Գեղարդ Մանսուրեանը բարձր գնահատելով փողոցի վերանւանումը 40-օրեայ պատերազմի հայ նահատակի անունով, դատապարտեց թշնամու ոճրագործութիւնը Իրանի ժողովրդի՝ ի մասնաւորի խաղաղ բնակչութեան նկատմամբ։
Այնուհետեւ բոլորը համախմբւելով փողոցում՝ ներկայ եղան նոր ցուցանակի տեղադրմանը։
Թղթակից (Նոր Ջուղա)



