Գլենդէլում 5 հայի են ձերբակալել

Խուզարկութիւնների արդիւնքում յայտնաբերւել են վարկային կեղծ քարտեր, քարտերի վերակոդաւորման սարքեր, կանխիկ գումար եւ ոսկի։
ԵՐԵՒԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կալիֆորնիայի Գլենդէլ քաղաքում յանցաւոր խումբ է բացայայտւել, 5 հայ է ձերբակալւել անձնական տւեալների գողութեան եւ խարդախութեան կասկածանքով։
Ինչպէս յայտնում է Գլենդէլի ոստիկանութեան դեպարտամենտը, բազմաբնակարան շէնքերից մէկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները` գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տւեալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատւիրելու համար։
Ամերիկացի իրաւապահները հետաքննութիւն են սկսել այն բանից յետոյ, երբ մի շարք հաղորդագրութիւններ են ստացել, որ կասկածեալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։
Կատարւել են խուզարկութիւններ, ձերբակալւել են Գլենդէլի 5 բնակիչներ՝ 36-ամեայ Ռազմիկ Բարսեղեանը, 27-ամեայ Ռոբերտ Պօղոսեանը, 35-ամեայ Վահան Քալաշեանը, 26-ամեայ Արմէն Յարութիւնեանը եւ 27-ամեայ Արտեոմ Միլիտոնեանը։
Բոլորը տեղափոխւել են ոստիկանութեան բանտ։
Նշւում է, որ խուզարկութեան ընթացքում քննիչները յայտնաբերել են նաեւ այլ անձանց պատկանող անձնական տւեալներ, վարկային քարտերի վերակոդաւորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի եւ բազմաթիւ վարկային քարտեր։
Հետաքննութիւնը շարունակւում է խարդախութեան ամբողջական սխեման բացայայտելու, ինչպէս նաեւ յանցախմբի գործողութիւններից տուժած բոլոր անձանց յայտնաբերելու համար։



