Գլենդէլի հայ ոստիկանապետ. Մեզ համար կապ չունի՝ քաղաքացին օրինական է այստեղ, թէ ոչ

Վերջին տարիների ընթացքում Գլենդէլում հայ ոստիկանների թիւը զգալիօրէն աւելացել է: Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտնել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլ քաղաքի նորանշանակ ոստիկանապետ Ռոբերտ Վիլիամը՝ նշելով, որ եթէ օրինակ 24 տարի առաջ քաղաքում ընդամէնը 4-5 հայ ոստիկան կար, այսօր նրանց թիւը հասնում է 35-ի:
Յիշեցնենք, որ Ռոբերտ Վիլիամը Գլենդէլի քաղաքային խորհրդի կողմից այդ պաշտօնում նշանակւել է 2026 թւականի յունիսի 23-ին՝ դառնալով քաղաքի պատմութեան առաջին հայ ոստիկանապետը:
ԱՄՆ-ի ամենամեծ հայաբնակ քաղաքի ոստիկանապետի խօսքով՝ ցանկացած քաղաքի ոստիկանութեան արդիւնաւէտ աշխատանքի համար չափազանց կարեւոր է բնակչութեան վստահութիւնը: «Քաղաքի ապահովութիւնը միայն ոստիկանութեան ձեռքում չէ, անչափ կարեւոր է փոխադարձ վստահութիւնը: Երբ ժողովուրդը վստահում է իր ոստիկանութեանը, դիմում է նրան: Աւելի քան 24 տարի է, ինչ ծառայում եմ համակարգում, եւ անկախ ամէն ինչից նկատել եմ, որ հայերը վստահում են ոստիկանութեանը: Վերջին ամիսներին յատկապէս նկատելի է, որ այդ կապն աւելի է ամրապնդւել. հայերն աւելի յաճախ են մօտենում քաղաքի ոստիկաններին, վստահում են մեր ոստիկաններին եւ ինձ»,- նշել է նա:
Դիտարկմանը, թէ արդեօք անօրինական ներգաղթեալները յանցագործութիւնների ականատես կամ տուժող դառնալիս շտապում են դիմել ոստիկանութիւն, թէ մտահոգութիւն ունեն, որ իրաւապահները կարող են պարզել իրենց կարգավիճակն ու տեղեկացնել միգրացիոն ծառայութիւններին, Ռոբերտ Վիլիամն ընդգծել է. «Ուզում եմ յստակ նշել, որ մենք միգրացիոն ծառայութիւնից անկախ մարմին ենք: Մեզ համար կապ չունի՝ քաղաքացին օրինական է բնակւում այստեղ, թէ անօրինական. ոչ մի դէպքում մենք այդ հարցը չենք տալիս եւ չենք տեղեկացնելու Միգրացիոն ծառայութեանը կամ այլ մարմինների: Մեր ամենակարեւոր նպատակը քաղաքն ապահով պահելն է: Այն անձը, որը տուժել է յանցագործութիւնից կամ ականատես է եղել դրան, կարող է լիովին հանգիստ ու վստահ դիմել մեզ»:
Անդրադառնալով քաղաքի անվտանգութեանը, մասնաւորապէս երթեւեկութեան խնդիրներին՝ Գլենդէլի ոստիկանապետը նկատել է, որ քաղաքում կարգազանց վարորդները քիչ չեն:
Նրա խօսքով՝ տարէցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիւն աճում է, ինչի դէմ պայքարելու համար անհրաժեշտ է ցուցաբերել խստութիւն եւ կիրառել համարժէք տուգանքներ:



