ՍփիւռքՔաղաքական

Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսն ու մարդասիրական խումբը լքել են քաղաքը առանց համայնքին տեղեկացնելու

«ԱԼԻՔ» – «Հալէպ քաղաքում չնայած այս պահին  խաղաղ է, բայց, այնուամենայնիւ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում»: Yerkir.am-ի հետ զրոյցում Հալէպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանը ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակը՝ ահաբեկչական զինւած խմբաւորումների՝ Հալէպ ներխուժումից յետոյ:

Նրա խօսքով՝ նոյեմբերի 29-ին մինչեւ կէսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաեւ իրենց բնակավայրում:

«Անապահով էինք մեզ զգում, արդէն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակւել ենք տանը: Հակասական տեղեկութիւններ են տարածւում: Ճիշտ է, մենք ապահովւած ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնութիւններ ձեռք կը բերւեն, ի՞նչ կը լինի մեր հետ»,- ասել է Զարմիկ Պօղիկեանը:

Նա տեղեկացրել է, որ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարւել են:

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մէկ այլ խնդրի մասին եւս խօսել է. «Մենք տեղեակ չենք եղել, որ Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսը, հիւպատոսարանի աշխատակիցներն ու Հալէպի տարածաշրջանում առաքելութիւն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղեակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդէն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշութեան մէջ ենք»:

Յաւելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատեւ պատերազմի ժամանակ նախկինում ՀՀ գլխաւոր հիւպատոսը չի լքել երբեք իր նստավայրը, հիւպատոսարանը երբեք չի դատարկւել:

Related Articles

Back to top button