Բագրատ Սրբազան. «Պայքարը շուտով ակտիւ գործողութիւնների մէջ կը մտնի»
«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նոյեմբերի 30-ին ֆէյսբուքեան ուղիղ եթերում հանդէս է եկել կոչով, որի ընթացքում հաւաստիացրել է, որ պայքարը շուտով ակտիւ գործողութիւնների մէջ կը մտնի: Նա ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետին հրաւիրել է հանդիպման՝ փոխանցելու տեղեկութիւններ սահմանի վերաբերեալ:
«Այսօր ցանկացայ ներքին հոգեւոր կեանքի փոթորկումի եւ միեւնոյն ժամանակ նրանից լուծումներ գտնելու եւ այդ լուծումներին ի վերջոյ մարմին տալու, իրականացնելու այդ ձգտումը, ցանկութիւնը որը կապւած է մեր կեանքի պետութեան, հայրենիքի հետ, մասին խօսել»,- ասել է նա:
Սրբազանի խօսքով՝ պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրւանին:
«Մենք գտնւում ենք այդ փուլի մէջ ու, այո՛, ուզում եմ ասել՝ այն անպարտելիութեան միֆը, որ ստեղծել են այս իշխանութիւնները, պատրանք է: Ժողովո՛ւրդ, սրանք բացարձակ անպարտելի չեն, իրենք գտնւում են երկու երեւոյթի պաշտամունքի մէջ՝ փողի ու իշխանութեան»,- յայտարարել է նա:
Բագրատ Սրբազանն ասաց, թէ միասնական ջանքերով պէտք է պատւով առաջ գնալ. «Մեզնից ակնկալում են, թէ, ի վերջոյ, երբ է փողոցն ակտիւ գործողութիւնների մէջ մտնելու: Կը մտնի, շատ շուտով, մենք ամբողջութեան մէր բոլոր շերտերով մանրակրկիտ գործում ու աշխատում ենք դրա համար»:
Բագրատ Սրբազանը նաեւ ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետ Էդւադր Ասրեանին հանդիպման է հրաւիրել, որ վերջինս տեղեկութիւններ փոխանցի, թէ ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:
«Տեղեկութիւններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթէ կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկութիւններ փոխանցի մեր ժողովրդին, թէ ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականութիւնն է»,- յայտարարել է Բագրատ Սրբազանը:
Նա նաեւ նշել է, որ այս ձեւաչափով անընդհատ խօսելու է ժողովրդի հետ:
«Եթէ դու որեւէ կերպ չարձագանգես հրաւէրին՝ նշանակում է, որ ԶՈՒ գլխաւոր հրամանատարն ուղղակիօրէն գտնւում է փող աշխատելու ու իշխանութիւն ունենալու տիրոյթում:
Բայց մենք վերջին յոյսով հաւատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատւի զգացումը դեռ վերջնականապէս չի ոչնչացւել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանգի, սա ընդունեք որպէս բաց հրաւէր»,- դիմելով ԳՇ պետին՝ ասաց Սրբազանը: