Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզութիւնը
Օրերս ուշագրաւ հաղորդագրութեամբ հանդէս եկաւ ՌԴ Արտաքին հետախուզութեան ծառայութիւնը: «ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպէս թոյլ չտայ, որ Երեւանը հեռանայ, այսպէս կոչւած, ժողովրդավարական ճանապարհից: Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբաւարար վստահելի» իշխանութիւններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մէջ։ Միաւորւած գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարւում Արամ Սարգսեանի «Հանրապետութիւն», Արման Բաբաջանեանի «Յանուն Հանրապետութեան» կուսակցութիւնները, Տիգրան Խզմալեանի «Հայաստանի Եւրոպական կուսակցութիւնը» եւ Լեւոն Շիրինեանի «Քրիստոնեայ-դեմոկրատական կուսակցութիւնը»»,- նշւում է հաղորդագրութեան մէջ։
Եթէ սրան յաւելենք այն, որ սա վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանեան հետախուզութեան արդէն երկրորդ պաշտօնական հաղորդագրութիւնն է, որն առնչւում է հայաստանեան ներքին եւ արտաքին քաղաքականութեանը եւ Ռուսաստանի փաստացի հակառակորդների շահերը սպասարկելուն ուղղւած հայաստանեան օրւայ իշխանութիւնների ջանքերին, ապա հասկանալի է դառնում, որ ռուսաստանեան իշխանական եւ յատկապէս ուժային վերնախաւը լրջօրէն ինֆորմացիոն եւ քարոզչական հող է նախապատրաստում ինչոր կոնկրետ գործողութիւնների համար: Ըստ էութեան, «ռազմավարական դաշնակցի» (չակերտներում, քանի որ նախ՝ վաղուց այդ տերմինն այլեւս չի օգտագործւում, եւ յետոյ՝ ռազմավարական դաշնակիցների պարագայում նման յայտարարութիւնների կարիք չի լինում) յատուկ ծառայութիւնը ուղղակիօրէն յայտարարում է, որ Հայաստանում իշխանութիւնների արտաքին քաղաքական պրոարեւմտեան, իսկ իրականում պրոթուրքական եւ պրոադրբեջանական շրջադարձը անկասելի դարձնելու նպատակով համապատասխան երկրների արտաքին գերատեսչութիւններն ու յատուկ ծառայութիւնները իշխանական համակարգի առանցքային դիրքերում ներդնում են իրենց ազդեցութեան, իսկ երբեմն նաեւ, հաւանաբար, ուղղակի իրենց գործակալներին:
Դժւար չէ ենթադրել, որ ռուսաստանեան հետախուզութեան այս գնահատականի համար հիմք են հանդիսացել վերջին օրերի սոցցանցային եւ SMS-ային ազատումներն ու նշանակումները ուժային կառոյցներում:
Սա հետաքրքրական է նրանով, որ եթէ նախկինում ռուսաստանեան յատուկ ծառայութիւնները որպէս արեւմտեան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանեան, այսպէս կոչւած, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին եւ նրանց «հասարակական» կառոյցները, ապա վերոյիշեալ երկու հաղորդագրութիւններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաեւ պետական կառոյցներում եւ քաղաքական դաշտում ներդրւած եւ արտաքին աջակցութեան շնորհիւ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտօնեաներին եւ կուսակցական ֆունկցիոներներին: Ըստ էութեան, ՌԴ արտաքին հետախուզութեան ծառայութիւնը ակնարկում է, որ իրենց տրամադրութեան տակ մանրամասն տւեալներ կան թիրախաւորւած անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցէ նաեւ հաւաքագրման պատմութիւնների եւ հասարակական, քաղաքական ու անձնական կեանքին վերաբերող մանրամասնութիւնների մասին:
Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ ռուսաստանեան յատուկ ծառայութիւնների այս աննախադէպ եւ իր մեթոդներով յատուկ ծառայութիւններին ոչ այդքան բնորոշ թափանցիկութիւնը կարելի է դիտարկել որպէս նախավերջին նախազգուշացում: Վերջին նախազգուշացումը, ինչպէս ցոյց է տալիս նման իրավիճակներում գործողութիւնների ընթացքը, սովորաբար շատ աւելի կոշտ է լինում: Վերլուծաբանների գնահատականներով, այս հաղորդագրութիւնները կարող են նաեւ ազդանշան հանդիսանալ, որ Հարաւային Կովկասում Ադրբեջանի եւ Վրաստանի հետ յարաբերութիւնների առնւազն տոլերանտ յարաբերութիւնների ֆորմատ ստանալուց յետոյ Ռուսաստանը վերջնականապէս վտանգ է տեսնում Հայաստանի անշեղօրէն «ուկրաինիզացիայի» գործընթացում: Ըստ այդմ, կայուն եւ լոյալ Հարաւային Կովկաս ունենալու համար Ռուսաստանն սկսել է անհրաժեշտ գործողութիւնների եւ գործընթացների իրագործման հետեւողական շարք:
Այս առումով հետաքրքրական է նաեւ ՌԴ Արտաքին հետախուզութեան ծառայութեան լրատւական բիւրոյի մեկնաբանութիւնը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածներ եւ մտահոգութիւններ ունի, որ հայաստանեան գործող իշխանութիւնը կայուն է իր արեւմտամէտ շրջադարձի մէջ»: Միեւնոյն ժամանակ, կարելի է ասել, «ձեռքի հետ» ակնարկւում է, «որ Վաշինգտոնում կայ մտավախութիւն, որ հաշւել սիրող եւ իմացող հայերը շուտով կընկալեն վնասների այն չափերը, որին կարող է յանգեցնել աւանդական տնտեսական կապերի խզումը»: Եւ վերջապէս, չի անտեսւում նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի եւ փաշինեանական վարչախմբի աշխարհայեացքային տարբեր դաւանանքները՝ ակնարկելով ՀՀ այսօրւայ իշխանութիւնների եւ նրանց կառավարողների գլոբալիստական ճամբարին յարելու փաստը:
«Փաստ»