Սփիւռք

Մարիա Գաբրիէլեան. «Հալէպում հայկական եկեղեցիները եւ դպրոցները փակ են, հիմնական խնդիրը հացի ապահովումն է»

«ԱԼԻՔ» – «Հալէպում անվտանգային վիճակը յարաբերաբար հանդարտ է, կրակոցներ կան, սակայն հայկական թաղամասերից հեռու են»։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը։

Նա յայտնել է, որ ռմբակոծումները մի քանի ժամ շարունակւել են։

«Ռուսական օդանաւերը հրթիռակոծում են զինեալներին, սակայն քաղաքի մէջ վիճակը որոշ չափով հանդարտ է, թէեւ կան կրակոցներ»,- ասել է Գաբրիէլեանը:

Պատգամաւորը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 1-ին դպրոցները փակ են եղել, փակ է եղել նաեւ եկեղեցին. «Այսօր մինչեւ ժամը երեկոյեան 5-ի դուրս գալը արգելւած էր, այս պատճառով առաջնորդարանը յայտարարութիւն էր տարածել»։

Նա ընդգծել է, որ կենցաղային հիմնական դժւարութիւնը հաց ապահովելու խնդիրն է. «Փուռերը այսօր բաց էին, սակայն ահաւոր խճողում էր։ Կանաչեղէնի եւ մրգեղէնի խնդիր առայժմ չկայ»։

«Համայնքի զաւակներով զբաղած է Բերիոյ hայոց թեմի ազգային առաջնորդարանը, հեռախօսահամար են յայտարարել ժողովուրդին օգտակար դառնալու համար։ Միաժամանակ, Արամ Մանուկեան ակումբը միշտ պատրաստ է օգտակար դառնալու»,- յայտնել է Մարիա Գաբրիէլեանը։

Related Articles

Back to top button