Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքին, ատենապետութեամբ Վարուժ Յովհաննիսեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի դիւանի ներկայացուցիչների՝ գումարւեցին 17-րդ Պատգամաւորական ժողովի նոյեմբերի 13 եւ 26-ի նիստերում հաստատւած Ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստերը, որոնց ընթացքում կատարւեցին դիւանների ընտրութիւնները եւ փոխանցւեցին ապագայ գործունէութեան ուղեցոյցերը, որոնք կարելի է ամփոփել ըստ հետեւեալի՝
Կրթական խորհրդի հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց հայոց լեզւի եւ հայ մշակոյթի պահպանման մէջ հայկական դպրոցների կարեւոր դերը նաեւ պայմանների թելադրանքը նկատի ունենալով, անդրադարձ կատարւեց դպրոցների վերադասաւորման հիմնական օրակարգին:
Կալւածային մարմնի աշխատանքները ներկայ տնտեսական ճգնաժամում դիտարկելով, ընդգծւեց յիշեալ մարմնի կարեւոր դերը անշարժ գոյքի ռեսուրսների շահաւէտ օգտագործման գործում նաեւ Թեմիս Շրջաններում առկայ կալւածների աշխատանքներին վերահասու լինելու անհրաժեշտութիւնը:
Շինարարական մարմնի հետ կայացած հանդիպման ընթացքում, անդրադարձ կատարւեց եկեղեցիների, դպրոցների եւ թեմապատկան կալւածների շինութիւնների շինարարական աշխատանքներին վերահասու լինելու Մարմնի պարտականութեան, նաեւ կարեւորւեց նորոգման եւ պահպանման համակարգ ունենալու պարագան, որն ինքնին ազդու կը լինի մեծածախս շինարարական աշխատանքների կանխմանը:
«Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց արդէն իսկ մասնաւոր դարձած բուժարանի գործունէութեանը եւ սպասարկութիւններին, որոնք շարունակելու են աւելի բարելաււած եւ արդիական հնարաւորութիւններով:
Բարեսիրական բնագաւառում աշխատանք ծաւալող Կարիքաւորներին Օժանդակող մարմինը Թեմական խորհրդի հովանաւորութիւնն ունենալով եւ նաեւ բարերարների օժանդակութեամբ, շարունակելու է համայնքիս տասնեակ կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին նաեւ «Սահակեան» բարեսիրական կենտրոնի շէնքում բնակութիւն հաստատեցրած անձանց հնարաւորութեան սահմաններում օժանդակելու եւ նեցուկ հանդիսանալու բարեսիրական աշխատանքները:
Դատական խորհուրդն ըստ անցեալի շարունակելու է իր գործունէութիւնը ընտանեկան անհամաձայնութիւններին վերահասութիւն տալու հարցում:
Ուսանողական Ֆոնդի մարմինն ըստ կանոնագրութեան եւ իր առաքելութեան, երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով, Ֆոնդին յատկացւած ընդհանուր գումարներից գոյացած տոկոսային շահոյթը, որպէս կրթաթոշակ տրամադրելով, շարունակելու է աջակցել ուսանող-ուսանողուհիներին: Ընթացիկ շրջանում ծրագրւելու է ընդարձակել Ֆոնդի քարոզչութիւնը՝ բացատրական աշխատանքներով նաեւ միջնակարգ եւ նախահամալսարանական աշակերտութեան հետ հանդիպումներ կազմակերպելով, որը կը նպաստի նաեւ մղում տալ նրանց համապատասխան բարձրագոյն ուսումն ստանալու եւ Ֆոնդի հնարաւորութիւնից օգտւելու համար խրախուսանք ստեղծելու ուղղութեամբ:
Գերեզմանատան վարչութիւնը ինչպէս նախորդ շրջաններ շարունակելու է վերահսկել եւ հետամուտ լինել հայոց զոյգ գերեզմանատների՝ Դուլաբ 47.000.-քառակուսի մետր եւ Նոր Բուրաստան 200.000.-քառակուսի մետր մակերեսով տարածքների բարեզարդման եւ բարեկարգման աշխատանքներին։
Այսօր վիրտուալ աշխարհը եւ սոցցանցերը համարւում են հաղորդակցման, քարոզչական եւ տեղեկատւական հիմնական միջոցները իսկ միեւնոյն ժամանակ շատ կարեւոր է ճշգրիտ եւ հաւաստի տեղեկատւութիւնների տրամադրումը, որոնք կարող են մեծ դերակատարութիւն ունենալ փոխյարաբերութեան եւ փոխադարձ վստահութեան զարգացման գործում: Կառոյցիս դրւածքում, այս յոյժ կարեւոր առաքելութիւնը վստահւած է Յարաբերական մարմնին, որի նորընտիր կազմի հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց այն աւելի ակտիւացնելու եւ զարգացնելու կարեւորութիւնը:
Եկեղեցական Խորհուրդներ
Կանոնագրութեան համաձայն Եկեղեցիների ծխական-կրօնական եւ կրօնադաստիարակչական հարցերը տնօրինւում են Թեմակալ Առաջնորդի եւ Կրօնական խորհրդի միջոցով, սակայն եկեղեցիների վարչական եւ նիւթական խնդիրները տնօրինում է Թեմական Խորհուրդը եւ աշխատանքները գործադրւում են Եկեղեցական խորհուրդների միջոցով: Եկեղեցական խորհուրդների հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց կանոնագրութեամբ իրաւասութիւնների սահմանները յարգելու եւ աշխատանքներում համագործակցութիւն ու խորհրդակցութիւն ունենալու կարեւորութիւնը: Մատնանշւեց նաեւ, որ ընթացիկ շրջանում, ֆինանսական բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ հնարաւորութեան սահմաններում, իրականացւելու են եկեղեցիները բարեկարգւած վիճակով պահպանելու համար անհրաժեշտ նկատւող աշխատանքները:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ