«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ամուր հաւատով եւ յանձնառութեամբ մուտք գործենք 2025 թւական
Հայութիւնը ճանապարհում է եւս մէկ մղձաւանջային, եթէ չասենք ողբերգական, տարի։ Ունեցանք խաղաղ ճանապարհով տարածքների, դիրքերի հերթական զիջումները։ Ապրեցինք այն տագնապով, որ կորուստները կարող էին աւելի մեծ եւ աւելի ճակատագրական լինել, չհաշւած պատերազմի մշտական սպառնալիքը։ Ադրբեջանաթուրքական տանդեմը խուսափեց աւելի կոշտ մեթոդներից երբ փափուկ ճնշմամբ անգամ Հայաստանի իշխանութեանը հնարաւոր էր պարտադրել նորանոր զիջումներ։ Միւս կողմից կայունութեան պահպանման գործում դեր խաղաց արտաքին ուժերի ու ատեանների ազդեցութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործօնների անուղղակի ներգործութիւնը։
Այս ընթացքում աշխարհը փոթորկող քաղաքական մեծ ու փոքր գործընթացներից դուրս քշւած Հայաստանի իշխանութիւնը դռնեդուռ ընկած փորձեց խաղաղութիւն մուրալ անգամ… թուրքերից, հաւատալով կամ իրեն դեռ հաւատացողներին շարունակելով խաբել, թէ «Խաղաղութեան պայմանագիրը» կը բերի կայուն եւ վերջնական խաղաղութիւն։ Յետ նայելով անցած տարիներին ու տասնամեակներին՝ ակնյայտ է դառնում, որ ոչ մի պայմանագիր կամ պայմանաւորւածութիւն արգելք չէ Ադրբեջանի համար նպաստաւոր պահին այն ոտնահարելու համար եւ խարդաւանքի, կեղծիքի, ուժի սպառնալիքի եւ դրա գործադրման ճանապարհով հասնելու իր ուզածին։ Եթէ դատենք աղէտաբեր խմբակի իշխանութեան գալու ժամանակահատւածից, երբ Հայաստանը ռազմաքաղաքական յաղթանակների եւ առաւելութիւնների դիրքից գլորւեց մինչեւ խայտառակ պարտութիւնները, ունեցած ռազմական եւ քաղաքական դիրքերի կորուստը, կը տեսնենք, որ Ադրբեջանի նւաճումներն ու ձեռքբերումներն անմիջականօրէն պայմանաւորւած են եղել նիկոլփաշինեանական ձախողումների, զիջումների, կորուստների եւ հետագայ նահանջների պատրաստակամութեան հետ։
Կարելի է 2018 թւականի սահմանագծից սկսած անդրադառնալ, թէ ադրբեջանական կողմի պահանջները ինչ են եղել եւ մինչեւ ուր են հասել հիմա դրանք։ Անգամ 2020 թւականի կանխատեսելի պարտութիւնից յետոյ թշնամի հարեւանը չէր պատկերացնում, թէ հնարաւոր է դառնալու Արցախի ամբողջական զաւթումը։ Յիշենք, որ Արբեջանն այդ շրջանում ձգտում էր Լաչինի միջանցքի եղած կարգավիճակի դիմաց հասնելու նման կարգավիճակի, այսպէս ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի պարագայում։ Որքան էլ Փաշինեանը փորձի խոյս տալ Արցախը յանձնելու պատասխանատւութիւնից, մինչ նրա «զրոյական կէտից սկսած դիւանագիտութիւնը» Ադրբեջանի համար անգամ ակնյայտ էր, միջազգայնօրէն Արցախի ինքնորոշման իրաւունքը ընդունելու փաստը եւ բանակցութիւններն ընթանում էին ազատագրւած միւս տարածքների շուրջ։
Հակառակորդի մտքով իսկ չէր անցնում, թէ հնարաւոր կը դառնայ ոչ միայն երկարատեւ պաշարման մէջ պահել անօրինական պատերազմով կիսւած Արցախը, այլեւ զաւթել այն վերջնականապէս՝ արցախցիներին դուրս մղելով իրենց պատմական հայրենիքից։ Աւելին, Ադրբեջանի զօրքը մխրճւեց Հայաստանի սահմաններից ներս, գրաւեց ռազմավարական առումով կարեւոր դիրքեր ու ճանապարհներ, քանի որ Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն հակադարձող քայլեր չձեռնարկեց, այլեւ հանդուրժեց ու լռեց բոլոր ցեղասպանական գործողութիւնների մասին ու, աւելին, սկսեց արդարացնել թշնամու ակնյայտ յանցագործութիւնները։ ՀՀ իշխանութիւնը 44-օրեայ պատերազմից յետոյ, փաստացի պաշտպանելով հակառակորդի գործողութիւնները, ծպտուն չհանեց այն մասին, որ այդ ագրեսիան ղեկավարւել է թուրքական գլխաւոր շտաբի կողմից, զինւորական մասնագէտների, կռւող ուժի ու ռազմական տեխնիկայի տրամադրման հետ միասին։
Հայաստանի իշխանութիւնը փաստացի քողարկեց ու պաշտպանեց Պակիստանի եւ Իսրայէլի մասնակցութիւնը՝ 44 օրեայ պատերազմին լռելով ռազմական ագրեսիային նրանց ունեցած զգալի օժանդակութեան մասին։ Հայաստանի իշխանութեան կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու փաստն ամենամեծ եւ ժամանակին արւած աջակցութիւնն էր թշնամի երկրի իշխանութիւններին օրինականացնելու համար կատարած ագրեսիան, ինչպէս եւ ձեռնարկելու տեղի հայութեան ամբողջական պաշարումը, նոր պատերազմը եւ հայաթափման ոճրագործութիւնները։ Ասւածի խօսուն հաստատումն է նաեւ այն իրողութիւնը, որ 2023 թւականի սեպտեմբերի 18-ի յարձակումից յետոյ եւ արցախահայութեանը բնաջնջման կամ արտագաղթի ցեղասպանական այլընտրանքի առջեւ կանգնեցնելու պահին, ՀՀ վարչապետը շտապեց յայտարարել, թէ Արցախի հայութեան ֆիզիկական գոյութեանը ոչինչ չի սպառնում։ Հայութեան շահերի՞ց է բխում, թէ՞ թշնամու, երբ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանում հալածում է իրենց բնական իրաւունքների մասին բարձրաձայնելու արցախահայութեան փորձերը, զրկել է 120 հազար բռնագաղթածների մայր հայրենիքում, որպէս գործօն եւ պարզապէս հայ հաւաքականութիւն ինքնադրսեւորւելու հնարաւորութիւնը։
Աւելին, նրանց նկատմամբ ճնշումները, իրաւական եւ այլ սահմանափակումներն ու հալածանքը պատճառ դարձան, որ արդէն մի քանի տասնեակ հազար Արցախցի իր համար ապահով հանգրւան չտեսնի Հայաստանը եւ երկրորդ անգամ արտագաղթի հայրենիքից այս անգամ Փաշինեանի ճնշմամբ։ Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, ապրում են իրենց հետագայ ճակատագրի անորոշութեան, հեռանկարի բացակայութեան պայմաններում։ Ո՞ւմ շահերից է բխում Արցախի գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարութեան իրաւունքների պաշտպանութեան հարցում Հայաստանի իշխանութեան բացարձակ անգործութիւնը։ Եւ սա արդէն այնքան ակնյայտ համաձայնութեան ու աջակցութեան կեցւածք է Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ, որ վերջիններն ուղղակի թքում են Հայաստանի իշխանութեան երեսին՝ հրապարակայնօրէն առաջարկելով միասին իրականացնել հայ բանտարկեալների դէմ յարուցւած քրէական գործերի քննութիւնը։
Կարելի՞ է որեւէ պետութիւն, կամ իշխանութիւն պատկերացնել, որը, թշնամու պահանջին ենթարկւելով, խաղաղ ձեւով երկրի ամենապաշտպանւած սահմանները զիջում է նրան, թոյլ տալով մտնելու բնակավայրեր, երբ չկայ ընդհանուր մօտեցում ողջ սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերեալ, եւ դեռ սա ամենամեծ յանցագործութիւնն ու աբսուրդը չէ։ Երկրի իշխանութիւնն ենթարկւելով ագրեսիւ թշնամու պահանջին՝ տարածքներ է զիջում այն պայմաններում, երբ այդ նոյն թշնամու զօրքը գրաւել է իր երկրի տարածքները, ճանապարհներն ու սահմանները եւ վերադարձնելու ոչ մի մտադրութիւն չունի։
Ինչպէ՞ս պէտք է արձագանգի մի պետութեան ղեկավարութիւնը ագրեսիւ հարեւանին, երբ վերջինը նրա երկիրը յայտարարում է իր երկրի Արեւմտեան հատւածը։
Իսկ Հայաստանի իշխանութիւնն արդարացնում է Ադրբեջանին, նրա կեղծիքը հաւասարեցնելով Արեւմտեան Հայաստանի մասին հայ ժողովրդի յիշողութեան հետ։
Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն արդարացնում, այլեւ ներդաշնակ ձեւով արձագանգում է թշնամու պահանջներին, խօսելով Սահմանադրութեան փոփոխութեան, Ատոմակայանի փակման, միջազգային ատեաններում Հայաստանի բողոքներից հրաժարւելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնելու եւ բազմաթիւ այլ թուրք ադրբեջանական պահանջների հետ։
2009 թւականին պատերազմում պարտւած եւ տարածքներ կորցրած Վրաստանի նախագահին Նիկոլ Փաշինեանը նամակով յորդորում է որպէս պարտւած ու անզօր ղեկավար կամաւորապէս հեռանալ իշխանութիւնից, որպէսզի այլ ղեկավարներ կարողանան երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ի՞նչ է անում այսօր նոյն Փաշինեանը, երբ երկիր է կորցրել, ունակ չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, փլուզման է հասցրել բանակը, իսկ ինքը սարսափած է թշնամի հարեւաններից եւ անառարկելիօրէն կատարում է նրանց պահանջները։ Հայաստանի ղեկավարը հեծանիւ է քշում, երկրում եւ երկրից դուրս զբաղւած է անձնական հաճելի գործերով, ինչպէս եւ նախապատրաստւում է արտահերթ ընտրութիւնների։
Իշխանութիւնը պահելու հարցը գլխաւոր ու հիմնականն է նրա համար, իսկ երկրի ճակատագիրը, արտաքին յարաբերութիւններն ու քաղաքական կողմնորոշումների հարցերը իր փոխարէն որոշում են ուրիշները։ Եւ որովհետեւ արտաքին շահագրգիռ ուժերն են որոշում Հայաստանի իշխանութեան անելիքը, այդ անելիքը չի բխում հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի շահերից։ Իշխանութեան պահանջով սահմաններից դուրս են գալիս տասնամեակներով այն պաշտպանած դաշնակից երկրի զինւած ուժերը, ինչպէս եւ ծրագրւած է դուրս գալը ռազմական հզօր դաշինքից։ Հայաստանի իշխանութիւնը խօսում է Եւրասիական տնտեսական միութիւնից դուրս գալու մասին, երբ այս ուղղութեան վրայ է կողմնորոշւած իր հիմնական առեւտուրը, այստեղից է Հայաստանը ստանում իր էներգակիրները, հիմնական մթերքը, ֆինասական հսկայական տրանսֆերտները եւ այլն։ Արտաքին յայտնի ուժերին իհարկէ չի յուզում, թէ ինչ կը կատարւի հայ ժողովրդի հետ եթէ Հայաստանի ոչ բարեկամական քայլերին իր դաշնակիցները պատասխանեն համարժեքօրէն, իսկ Փաշինեանը պատկերացնո՞ւմ է այդ հետեւանքները, թէ հրահանգողներին նրա կարծիքը չի հետաքրքրում։ Իշխանութիւնների տէրերը երկիրը մղում են կործանման Անդրկովկասը Ռուսական ազդեցութիւնից դուրս բերելու եւ թուրք-ադրբեջանական ենթակայութեան տակ դնելու համար։ Հայաստանի իշխանութիւնը կարելին անում է այս ծրագրում իրեն վերապահւած դերակատարութիւնն իրականացնելու համար, միայն թէ մնայ իշխանութեան ղեկին, անկախ նրանից, թէ ինչպիսի Հայաստան կը մնայ։ Իշխանութիւնն ու նրա առաջնորդը բոլորից լաւ գիտեն, թէ որքան պետական յանցագործութիւններ են կատարել եւ անասնական վախ ունեն իշխանափոխութիւնից։
Բայց նոյն աշխարհը փոխւում է եւ ոչ միշտ՝ ի օգուտ քաղաքական դրածոների, ու անորոշ հեռանկարը վերջինններիս գցում է հիստերիկայի մէջ։ Այս իմաստով 2025 թւականը կարող է դառնալ ճակատագրական փոփոխութիւնների տարի։ Իսկ ո՞րն է հայրենի պետականութիւնը ճակատագրական փորձութիւններից փրկելու հարցում ազգային ուժերի դերը։ Ակնյայտ է, որ մեր գլխաւոր խնդիրը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որը, կամ հետեւելով նիկոլփաշինեանական հաւաքական անպատասխանատւութեան քարոզին երկրի յետ կը գնայ կործանման, կամ ճիգ կանի փրկելու իրեն ու երկիրը։
ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը յաճախ տագնապով կրկնում էր հետեւեալ միտքը․«Համատարած անկումի այս ընթացքով կարող ենք հասնել անվերադարձութեան կէտին, որտեղից յետ գալ այլեւս հնարաւոր չի լինի»։ Հայ ժողովուրդը, ազգային ուժերի առաջնորդութեամբ կը կարողանա՞յ արդեօք անդունդից ետ վերադարձնել երկիրը։ Իսկ ազգային ուժերը կը ներկայացնե՞ն արդեօք պայքարի ճանապարհային քարտէզ եւ վերափոխման ծրագիր, ինչը վերջապէս կը համոզի ժողովրդին գնալու նրանց յետեւից։
Հաւատանք սեփական ուժերին, հաւատանք որ պայքարը լինում է ե՛ւ ծանր, ե՛ւ երկարատեւ ու չի սահմանափակւում հրապարակներում գոռալով, եւ որ պայքարի ծրագրւած ընթացքը կուրւագծի յաղթանակի ճանապարհը։
Հաւատանք ինքներս մեզ, ամուր հաւատով եւ պատասխանատւութեան յանձնառութեամբ մուտք գործենք 2025 թւական։
«Դրօշակ» թիւ 12 2024 թ.