ԱտրպատականՀամայնք

ՀՕՄ-ի կազմակերպած Ամանորի տօնավաճառը Ուրմիայում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, 18 դեկտեմբերի 2025-ի առաւօտեան ժամը 10:00-ին, ուրմիահայութեան Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ պաշտօնական բացումը, 2026 տարւայ Ամանորի տօնավաճառին, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:

 Տարեկան սոյն ծրագիրը, ըստ սովորութեան, նախաձեռնել էր ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, որի հրաւէրով մասնակցել էին շրջանի հայկական բոլոր կառոյցները, ինչպէս նաեւ շրջակայ գիւղերում գործող միութիւններն ու իրենց արդիւնաբերութեամբ յայտնի անհատները:

ՀՕՄ-ի վարչութիւնը իր նամակագրութեամբ եւ նախօրոք տւած ուղղութիւններով, լաւապէս գեղազարդել էր սրահը, բաց հրաւէր տալով հայ եւ ասորի համայնքներին, օգտւել տօնավաճառի այս սքանչելի առիթից, որը տեւեց մինչեւ երեկոյեան ժամը 6:00-ը։

Ամէն տարւայ սովորութեան համաձայն, վարչութիւնը կազմակերպել էր ժողո-վրդական այս միջոցառումը, հաւաքաբար հրաժեշտ տալու անցած տարւայ վերջին օրերին։ Դահլիճում համախմբւած ժողովուրդը մեծ ուրախութիւն ապրել, հոգեպէս իր ոտքը դնելով նոր տարւայ սեմին, մտերմիկ զրոյցներով, որոնք բոլորին էլ նախապատրաստեցին 2026 տարւայ զւարթագին դիմաւորութեանը:

Ուրմիայի հայութեան սրահը բացառիկ տեսք էր ստացել, մասնակից սեղանապետների զարդարւած սեղաններով։ Կային նաեւ թխւածքներով, ձեռքի գեղեցիկ աշխատանքներով, նոր տարւայ զարդարանքներով եւ անմիջական ուստեստների պատառներով լի սեղաններ։

Օրւայ բիւֆէն կառավարւում էր ՀՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ «Նայիրի» մանկապարտէզի ծնողների միջոցով, որտեղ կար նաեւ դաստիարակչուհիների եւ ծնողների ձեռամբ պատրաստւսծ պատառների սեղանը։ ՀՕՄ-ի վարչութիւնը ունէր իր անհատական սեղանը, որի վրայ տեղադրւել էին Վարչութեան եւ անդամուհիների կողմից նւիրւած նիւթեր։

Աւարտի մօտ պահերին, բոլոր ներկաները վայելեցին խրախճական կարճ վայրկեաններ, որը վարչութեան անդամուհի Ռոնիկ Մեջլումեանը, իր սեղանի նիւթերից առեւտուր անողների միջեւ մրցութիւն կազմակերպելով, ուրախալի արդիւնքի էր հասել: Նւէրների բաժանման ուրախալի մի պահ էր այս, որ բոլոր մասնակիցներին ուրախութեամբ իրենց տները վերադարձնելու առիթ հանդիսացաւ: Բոլորը իրենց շնորհակալութիւնն էին յայտնում կազմակերպիչ վարչութեան, եւ կանխաւ շնորհաւորում նրանց նոր տարին:

Related Articles

Back to top button