Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանը յետընթաց է գրանցել մամուլի ազատութեան ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) Միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է «Մամուլի ազատութեան ինդեքս 2026» զեկոյցը։ Ի տարբերութիւն նախորդ տարւայ ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը յետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։

Ինչպէս նշում է իրաւապաշտպան կազմակերպութիւնը, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բեւեռացւած է»։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպութիւնն ընդգծում է, որ Հայաստանում ապատեղեկատւութեան եւ ատելութեան խօսքի մակարդակն աննախադէպ է եւ պայմանաւորւած է «ներքաղաքական լարւածութեամբ, երկրի սահմաններին անվտանգութեան խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եւրամիութեան միջեւ Հայաստանի բարդ իրավիճակով»։

Չնայած ցուցանիշների նւազմանը, Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել։ Վրաստանը զբաղեցրել է 135-րդ (նահանջելով շուրջ 27 հորիզոնականով), Թուրքիան՝ 163-րդ, իսկ Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։ Ռուսաստանը մէկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 172-րդ տեղը, իսկ Միացեալ Նահանգները 57-րդ հորիզոնականից յայտնւել է 64-րդում։

Ինչպէս եւ ակնկալւում էր, մամուլի ազատութեան ինդեքսում առաջատարը Հիւսիսային եւ Արեւմտեան Եւրոպայի երկրներն են։ Առաջին հորիզոնականում, ինչպէս նախորդ տարի, Նորւեգիան է։ Նրան յաջորդում են Նիդեռլանդները, Էստոնիան, Դանիան, Շւեդիան եւ Ֆինլանդիան։

Վերջին հորիզոնականում դարձեալ Էրիթրեան է, որի ցուցանիշներն աւելի ցածր են, քան Հիւսիսային Կորէայինը։

Related Articles

Back to top button