Մայիս 1 – Աշխատանքի արժանապատւութեան օրը

ՀԱՏԻՍ
Վաղը «ոչ աշխատանքային» օր «չէ»։ Ոչ այն պատճառով, որ օրացոյցն այդպէս է թելադրում, այլ որովհետեւ այն նւիրւած է մարդկանց, որոնց համար տարին գրեթէ ամբողջութեամբ աշխատանքային է, նոյնիսկ, երբ օրացոյցով է «կարմիր» յայտարարւած՝ օրը։
Նրանց օրն է, որոնց ձայնը կորչում է հաստոցների տակ։
Մայիս Մէկը, որ ծնունդ է առել միջազգային պայքարից՝ Չիկագոյի փողոցներից մինչեւ եւրոպական արդիւնաբերական կենտրոններ, աշխարհին յիշեցնում է, որ աշխատանքը միայն ապրուստի միջոց չէ, այլ՝ մարդու արժանապատւութեան հիմնաքար։ Սակայն իրանահայ աշխատաւորի պարագայում այս տօնը ստանում է յատուկ, խորքային իմաստ։
Իրանահայ աշխատաւորը սոսկ «աշխատող» չէ․ նա մի հաւաքական կենսագրութիւն է, որը շատերի դէպքում գիւղական համեստ ակունքներից հասել է մեգապոլիսների կոշտ իրականութեանը։ Նրա հոգեբանութիւնը կերտւել է յոյսի եւ տքնաջանութեան սահմանագծին։
Իրանահայ աշխատաւորի ամենամեծ առանձնայատկութիւնը նրա՝ գործարար դառնալուց յետոյ էլ աշխատաւոր մնալու կարողութիւնն է։ Նա մերժում է մեծամիտ ու «արեւ չտեսած ձեռքերի» կաղապարները, որովհետեւ դրանք իր «հագովը չեն»։ Նա չի դադարում ապրել բանւորի այն ոգով, որը ստեղծել է իր բարեկեցութիւնը։
Սա մի իւրայատուկ հոգեբանական միաձուլում է՝ ձեռնարկատիրական համարձակութեան եւ բանւորական համեստութեան։
Իրանահայ գործարարն իր աշխատակիցներին դիտարկում է ոչ թէ որպէս աշխատուժ, այլ՝ որպէս ընտանիքի անդամ, որովհետեւ ինքն էլ այդ ճանապարհն է անցել։ Այդ իսկ պատճառով է, որ նրա ստեղծած արդիւնաբերութիւնը ոչ միայն տնտեսական միաւոր է, այլ՝ դպրոց, որտեղ դաստիարակւում են նմանը չունեցող վարպետներ։
Նրա արդար քրտինքի կնիքը կայ ամենուր՝ արդիւնաբերական հզօրացումից մինչեւ երկրի անվտանգութեան ոլորտ։ Նա այնտեղ է, որտեղ իր կարիքն է զգացւում. լուռ, բայց անխոցելի հաւատարմութեամբ։
Մեր համայնքային կեանքում աշխատաւորական այս արժէհամակարգը դարձել է ոչ թէ կարգախօս, այլ՝ ապրելակերպ։
Այսօր, երբ աշխարհում շատերը խօսում են աշխատանքային իրաւունքների մասին, մենք հպարտութեամբ նշում ենք այն մարդկանց, ովքեր արդարամտութեան իրենց սեփական, անխախտ օրէնքներով են ապրում։
Փառք աշխատաւորութեանը, փառք իրանահայ աշխատաւորին եւ փառք այն գործարարին, ով երբեք չի դադարում աշխատաւորի ոգով արարել։ Այս ոգին է, որ ոչ միայն պահում է մեր համայնքը, այլեւ՝ իմաստաւորում մեր յարատեւումը։



