Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» յուշարձանը ոչնչացնելու մասին

Արձագանքելով Արցախի խորհրդանիշ՝ «Մենք ենք, մեր սարերը» յուշարձանը ոչնչացնելու մտադրութեան մասին ադրբեջանական սոցցանցերում տարածւող լուրերին, hաշւի առնելով այն հանգամանքը, որ ընդամէնը օրեր առաջ, ըստ հայկական եւ ադրբեջանական մեդիատիրոյթում տարածւած լուրերի, Արցախում՝ Ստեփանակերտում, հիմնայատակ աւերւել են հայկական հոգեւոր-մշակութային երկու կառոյցներ՝ Սուրբ Յակոբ եկեղեցին եւ Սուրբ Աստւածամօր Հովանու Մայր տաճարը, բազմիցս փաստելով եւ կասկածի տակ չդնելով հայկական պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու ադրբեջանական ձեռագիրը՝ «Գեղարդ» հիմնադրամը դիմում է միջազգային մշակութային կառոյցներին՝ ԻՒՆԵՍԿՕ-ին, յուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ԻԿՕՄՈՍ), քրիստոնէական համաշխարհային կազմակերպութիւններին ու կրօնական կենտրոններին՝ կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիներին՝ խնդրելով խոչընդոտել ադրբեջանական կողմի վանդալիզմի քաղաքականութիւնը, ճշգրտումներ անել Արցախում հայկական մշակութային ժառանգութեան, յատկապէս՝ վանդալիզմի ենթարկւած կամ վանդալիզմի ենթարկւած լինելու մասին յայտարարութիւններում մատնանշւած մշակութային յուշարձանների վերաբերեալ։
Հաշւի առնելով վերջին տարիներին Վատիկանի Սուրբ Աթոռի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների ջերմացումը, ինչպէս նաեւ Ադրբեջանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացւած լինելու հանգամանքը՝ «Գեղարդ» հիմնադրամն ակնկալում է յատկապէս վերջիններիս աջակցութիւնը՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւած տարածքում վանդալիզմի ենթարկւած հայկական քրիստոնէական ժառանգութեան փաստական վիճակի վերաբերեալ ճշտումներ կատարելու, փաստագրելու եւ ադրբեջանական կողմին վանդալիզմից յետ պահելու համար։
Վանդալիզմի դէպքերի վերաբերեալ այլ տեղեկութիւններ եւ լրացուցիչ փաստական տւեալներ ունենալու պարագայում յիշեալ կառոյցներին ու կազմակերպութիւններին «Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանութիւնների վրայ՝ հրաժարւելու հայկական մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու, հայկական տեղաբնիկ հետքը ջնջելու եւ վանդալիզմի ենթարկելու փորձերից։
«Գեղարդ» հիմնադրամը կոչով դիմում է նաեւ իր հետեւորդներին՝ խնդրելով ցանկացած փաստի առկայութեան դէպքում դրանք տրամադրել հիմնադրամին կամ հնարաւորինս աջակցել՝ դրանց ձեռքբերման հարցում։


