Նաւթը՝ բաց երկնքի տակ շնչող թանգարանը եւ իրանահայերը՝ «Իրանի նաւթարդիւնաբերութիւնը եւ իրանահայերը» գրքի առանցքում
«ԱԼԻՔ» – «Այս դառն ու անողոք օրերին, երբ Գազայում, կամ ընդամէնը մէկ ամիս առաջ Արցախում, կամ բացառւած չէ նաեւ այլ վայրերում, անմեղ մարդիկ ու երեխաներ են սպանդի ենթարկւում ու տեղի է ունենում ցեղասպանութիւն, առաւել քան երբեւէ, հասկանալի է դառնում ազգերի ու դաւանանքով տարբերւող ժողովուրդների համակեցութեան ու համերաշխ կեանքով կողք-կողքի ապրելու իրանական ժողովրդի փորձն ու այդ մասին բարձրաձայնելու անհրաժեշտութիւնը»,- նշեց Հ.Ճ.Ճ.Մ. վարչութեան նախագահ Արթուր Յովսէփեանը՝ «Իրանի նաւթարդիւնաբերութիւնը եւ իրանահայերը» գրքի շնորհանդէսի ծրագրի մեկնարկին:
Միջոցառումը Հայ Ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան նախաձեռնութիւնն էր, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի 27-ին, Ի.Գ.Մ.-ի եւ Հ.Հ.Ը.Մ.-ի համագործակցութեամբ՝ «Նիկոլ Աղբալեան» սրահում:
Արթուր Յովսէփեանին յաջորդեց Իրանի նաւթարդիւնաբերութեան աւագ ինժեներ Օշին Մովսիսեանի ելոյթը, ով իր յիշողութիւնների գիրկը բացելով լսարանի առաջ, պատմեց, թէ նաւթարդիւնաբերութեան ոլորտի զարգացման գործընթացն ինչ կարգի զոհողութիւնների արդիւնք էր, յատկապէս, բանւոր դասակարգի ջանքերի, որոնք նոյնիսկ, եթէ գործադուլ էր յայտարարւած, մասնակից էին եւ մէկին, եւ միւսին՝ աչքի տակով զգոյշ էին երկրի արդիւնաբերութիւնը չտուժի, կամ քաղաքներում մարդիկ չցրտահարւեն:
Նա պատմեց նաեւ իրանահայ իր գործընկերների մասին, ովքեր աշխատանքը կատարում էին ամենայն անկեղծութեամբ եւ ջանասիրութեամբ էին իրականացնում բոլոր առաջադրանքները, միաժամանակ հարստացնելով բարեխիղճ ու ազնիւ աշխատողի համբաւը համայնքի համար:
Ճրտ. Մովսիսեանը եւս իր խօսքն աւարտեց կարեւորելով գրքի հեղինակի ներկայացրած՝ Համակեցութիւն գաղափարը, որի վառ ապացոյցն էր մէկ ընտանիք դարձած նաւթարդիւնաբերութեան ոլորտում աշխատող ողջ անձնակազմը, ինչը եւս ազգային արժէք է՝ նաւթը ազգայնացնելու կողքին:
Նա իր խօսքն աւարտեց Աբադան կատարած վերջին այցի ընթացքում եկեղեցու պատին յայտնւած գրութիւնը յիշելով. «Յետ եկէ՛ք Աբադան, սիրելի հայեր»:
ԻԿՈՄ-ի նախագահ դոկտ. Մոհիթ Թաբաթաբային յաջորդիւ բեմ բարձրանալով շնորհաւորեց կատարւած աշխատասիրութեան կապակցութեամբ եւ նշեց, որ որպէս թանգարանների ուղւածութեամբ փորձագէտ Իրանի նաւթարդիւնաբերութիւնն իր պատմութեամբ համարում է կենդանի թանգարան, որը շնչող օրգանիզմ է եւ այնտեղ կարելի է բացայայտել Իրանի ժամանակակից պատմութեան կտրած ճանապարհն ու մոդեռնացման զարկերակը:
Նա յաւելեց, որ եթէ այսօրւայ Թեհրանը համարւում է իրանական մշակոյթի ու քաղաքակրթութեան փոքրիկ նմուշ կամ այնտեղ հաւաքւած տարբեր յատկանիշերով ու սովորոյթներով ազգեր ու ժողովուրդներ, ապա նաւթարդիւնաբերութեան շնորհիւ նման համբաւ եւ իրավիճակում էր Մասջեդ Սոլէյմանը դեռ սրանից մէկ դար առաջ: «Հայեր, յոյներ, ասորիներ, խուզեստանցիներ, բալուչներ, խորասանցիներ…եւ միւս բոլոր շրջանի իրանցիների համատեղ ջանքերով Իրանի հարաւ-արեւմտեան շրջանում գտնւող այս հատւածը դարձաւ իրանական ազգութիւնների համերաշխութեան եւ համակեցութեան վառ վկան:
Նիստին ներկայ հանդիսատեսի շարքերում աչքի էին ընկնում Մանուչեհր Եաւարին (վետերան մարզիկ, մշակութային գործիչ եւ «Մասջէդ Սոլէյման՝ իմ քաղաք» գրքի հեղինակ), Ղոբադ Ազարայինը (գրող-հրապարակախօս, «Ֆաւարան» գրքի հեղինակ), դոկտ. Սիրուս Բաւարը (համալսարանի դասախօս, «Նաւթ, քաղաքակրթութիւն եւ ճարտարապետութիւն» գրքի հեղինակ), եւ Շահրոխ Բաւարը (Նաւթարդիւնաբերութեան ոլորտի աւագ փորձագէտ, «Խոտը» եւ «Միջին Ասիայի պատմութիւն» գրքերի թարգմանիչ):
Հանդիսատեսի շարքերում էին նաեւ Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ոլորտով հետաքրքրւած գրասէր լսարանը:
Ընթացքում երաժշտական կատարումներով հանդէս եկան Արմէն Ասատրեանը, Զօրիկ Ֆարհադեանը եւ ջութակահարուհի Բրենդա Թորոսեանը:
Գրքի հեղինակ՝ Ֆարշիդ Խոդադադեանը կարճ ելոյթով շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին գրքի հրատարակման առիթով շնորհանդէս կազմակերպելու համար եւ յոյս յայտնեց, որ նման յուշագրութիւնների արդիւնքում իրանցիներին առաւել հասանելի կը դառնայ այն փաստերն ու կարեւոր պատմութիւնները, որոնց արդիւնքում Իրանի արդիւնաբերութիւնն առիթաւորւել է զարգանալու եւ առաջընթաց գրանցելու գործում:
Նաւթային արդիւնաբերութեան թանգարանի եւ փաստաթղթային կենտրոնի հետազօտութիւնների բաժնի փորձագէտը յաւելեց, որ գիրքը նաեւ խօսուն փաստն է երկրի զարգացման ասպարէզում իրանահայերի ունեցած անգնահատելի դերի մասին:
Խոդադադեանը գրքի առաջաբանում հայերի հետ իր ծանօթութիւնը նկարագրեց հայրենի քաղաքից ունեցած իր մանկութեան յուշերով, որն իր ասութեամբ՝ քաղցր պատմւածքի պէս բուն է դրել իր սրտում. «Առաջին անգամ, երբ լսեցի «հայ» բառը, Մասջեդ Սոլէյման քաղաքում դեռ տարրական դպրոցի աշակերտ էի։ Մասջէդ Սոլէյմանը Խուզեստան նահանգի հիւսիսում գտնւող քաղաք է եւ Մերձաւոր Արեւելքում յայտնի է, որպէս առաջին հորատած նաւթահորով: Քաղաքի բանւորական թաղամասում ես ունէի մի շատ խելացի ու ընթերցասէր դասընկեր, որը, ցաւօք տառապում էր կակազութիւնից եւ դժւարանում էր խօսել: Այս հարցը շատ էր նեարդայնացնում նրան: Ինձ համար նոյնպէս անհանգստացնող վիճակ էր: Մասնագիտացւած բժշկութիւնն ու բուժումը բացառւած էր աղքատութեան պատճառով: Աղօթագրերն ու Սուրբ գրքերը նոյնպէս անկարող եղան բուժել: Ի վերջոյ բուժման երկու տարբերակ մնաց. աղաւնիի ձու, կամ հայի ձեռամբ թխած հաց: Լեզուն բացելու համար այդ օրերին ընդունւած էր աղաւնու ձու ուտել, բայց թէ ինչպէս էր հայի թխած հացն ուտելով լեզուն բացւում, գաղափար չունէինք։ Հետագայում, երբ հարցրի իմացայ, որ դա կարող է կապւած լինել Քրիստոսի հրաշքների հետ։ Ինչեւէ, ես առաջին անգամ էի լսում հայերի մասին: Բայց ի՞նչ էին անում հայերը Իրանի հարաւ-արեւմուտքում գտնւող այս հեռաւոր քաղաքում»։
Հարցը, որ գրքի բովանդակութիւնը նւիրւած է դրա քննարկմանը՝ հայերի ներկայութիւնը այլ էթնիկ խմբերի եւ տարբեր դաւանանքներով հաւատացեալների հետ Իրանի նաւթային քաղաքներում։ «Ընկերութիւն-քաղաք» ձեւակերպումը Խոդադադեանի առաջարկած պարսկերէն թարգմանութիւնն է այն բառի, ինչն արդէն իմաստաւորւած է նաւթարդիւնաբերութեան ոլորտի բառարաններում: Քաղաքներ, որոնք ստեղծւել են արդիւնաբերական գործունէութեանը զուգահեռ։
Գրքում հեղինակը ներկայացրել է իրանահայ գործիչների ու փորձագէտների հետ ունեցած իր հարցազրոյցները:
Իսկ դրանցից վետերան երեքի՝ Խաչիկ Նորաւեանի (եւ նրա կնոջ), Սարօ Մանսուրեանի եւ Էմիլ Այւազեանի հետ զրոյցներին ու յուշագրութիւններին առանձին հատւածներ է յատկացւած:
Հեղինակը յատկապէս ծանրացել է այնպիսի հարցերի- ինչպիսին՝ ինչպէ՞ս տարբեր լինել, բայց նաեւ հարազատ զգալ, կամ ինչպէ՞ս լինել այլադաւան, կամ մշակոյթով ու կենսակերպով այլ լինել, միաժամանակ խաղաղ գոյակցել եւ համակեցութեան օրինակ ծառայել միւսներին:
Նաւթարդիւնաբերութիւնում հայերի ներկայութեանը վերաբերող փաստաթղթերը եւ աշխատակազմի յուշագրութիւններին ու հարցազրոյցներին վերաբերող լուսանկարները ամբողջացրել են գրքի բովանդակութիւնը, իսկ գրքի վերջում, գրքում օգտագործւած տեղեկութիւնների ու նիւթերի աղբիւրներն են ցանկագրւած:
«Իրանի նաւթարդիւնաբերութիւնը եւ իրանահայերը» գիրքը կազմւած է 110 էջից, որի շապիկի լուսանկարում պատկերւած է Խոռամշահրի նաւթային ընկերութեան հին ակումբներից մէկի պատմական պատկերը։
Նաւթարդիւնաբերութիւնը եւ դրա ազդեցութիւնը սոցիալական պատմութեան ասպարէզներում եւ այդ ոլորտներին առնչւող նրա միւս գրքերի վերնագրերից կարելի է պատկերացում կազմել դոկտ. Ֆարշիդ Խոդադադեանի հետազօտական կարողութիւնների մասին։