ԱտրպատականԹեհրանՀամայնքՆոր Ջուղա

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Իրանի Իսլամական խորհրդարանի նորընտիր զոյգ պատգամաւորներին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, խորհրդարանական ընտրութիւններից անմիջապէս յետոյ, շաբաթ, մարտ 2-ին, շնորհաւորական նամակներ է յղել Իրանի Իսլամական խորհրդարանում հայ զոյգ պատգամաւորներին, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանին եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանին, նրանց ընտրութեան առիթով:

Սրբազան Հայրը դոկտ. Շահվերդեանի վերընտրութեան ուրախ առիթով շեշտում է այն հետեւողական աշխատանքը, որը նա կատարել էր հայ համայնքի կեանքում անցնող չորս տարիների ընթացքում, եւ որ չէր վրիպել մեր ժողովրդի զաւակների ուշադրութիւնից. «Արդարեւ անցած չորս տարիները վկայ են Ձեր նւիրեալ աշխատանքին, որի անդրադարձը մամուլով, համացանցային եւ հասարակական ցանցերի տարբերակներով, օրը օրին տեղեկացւում էր մեր ժողովրդի զաւակներին: Համարատւութիւնը ամենապարկեշտ արարքներից է, որ պատասխանատւութիւն ստանձնած անձը կատարում է, ի շահ իրեն, եւ իրեն վստահւած ժողովրդին: Նոյն գիտակցութեամբ գործեցիք Դուք անցած շրջանում, եւ շահեցիք մեր ժողովրդի անվերապահ վստահութիւնը»,- ասւում է Սրբազան Հօր շնորհաւորական ուղերձում:

Շնորհաւորական նոյն խնդութեամբ, Սրբազան Հայրը ուղերձ է յղել Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանին, աշխատանքային բարեբեր ճանապարհ մաղթելով նրան. «Ի սպաս ժողովրդի կատարւած ծառայութիւնը, անձնւիրութեան համազօր գործունէութիւն է, որը այնքան սիրով ու խանդաղատանքով կատարում են Ձեզ նման ազգային դաստիարակութիւն ստացած անձինք: Վստահ ենք, որ համարատւութեան ոգով, նւիրումով ու ծառայական բարձր գիտակցութեամբ կատարելու էք Ձեզ վստահւած այս յոյժ կարեւոր պաշտօնը, ի շահ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ի շահ դրա անբաժան մասնիկը հանդիսացող իրանահայութեան»,- ասւում է Սրբազան Հօր նամակում:

Վերջապէս, Սրբազան Հայրը Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային բոլոր կառոյցների անունից եւ անձնապէս շնորհաւորել է զոյգ պատգամաւորներին, արդիւնաշատ աշխատանք մաղթելով նրանց:

Related Articles

Back to top button