Ոսկէ մրցանակի արժանացաւ Իրանահայ դաշնակահար Դերէն Բրաթեանը

Վերջերս, Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացւեց «Մոցարտի անւան միջազգային երաժշտական միցոյթը»։ Այն տեղի ունեցաւ երկու փուլով եւ աւելի քան երեք տասնեակ յայտերից, երիտասարդ դաշնակահար Դերէն Բրաթեանը կարողացաւ ոչ միայն ընտրւել եզրափակչի կարճ ցուցակում, այլեւ դառնալ Ոսկէ դափնու կրողը։ Մրցոյթին մասնակցում էին բազմաթիւ երկրներից եւ Դերէնը ներկայացնելով Հայաստանը կատարեց Կոմիտասի «Կռունկը» Սարաջեանի մշակմամբ։ Այն հարցին թէ ինչու է երիտասարդ դաշնակահարը բազմիցս վերադառնում Կոմիտասին իր ձայնագրութիւններում, կիսւում է.
«Կոմիտասը մօտ է ինձ իր հոգով եւ ես կարծում եմ, որ հայ ժողովրդի ամբողջական հոգեկերտւածքը ամփոփւած է մեծն Վարդապետի գրչում, մասնաւորապէս՝ «Կռունկ»-ում։ Այս ստեղծագործութեան մէջ կայ ե՛ւ ցաւ, ե՛ւ լոյս, ե՛ւ գոյութիւն ունենալու անվերջանալի պայքար։ Ես երեւի թէ կարողանում եմ ինձ՝ որպէս հայի, նոյնականացնել այս ապրումների հետ, ինչի արդիւնքում անդադար վերադառնում եմ դէպի Կոմիտասը»։
Ի դէպ, Դերէնը թօղարկել է հայկական յայտնի մեղեդիների վրայ կառուցւած սեփական մշակումների ալբոմը (Lux Aeterna), որում նոյնպէս հանդիպում ենք Կոմիտասի տարբեր կատարումներին։ Բացի Կոմիտասից, Դերէնը այստեղ կատարել է նաեւ հայ այլ կոմպոզիտորների գործեր, ինչպիսիք են Ռ. Ամիրխանեանի, Խ. Աւետիսեանի, Ա․Բաբաջանեանի եւ այլոց 19 ստեղծագործութիւններ։ Երիտասարդ դաշնակահարը նաեւ ստեղծագործում է, եւ իր առաջին կոմպոզիտորական ստեղծագործութիւնը կոչել է ‘’Crazy March’’ այսինքն ՝ Խենթ Մարտ, որը եւ ասոցացնում է ինքն իր հետ, ծնւած լինելով մարտ ամսին։ Կայ նպատակ այս ստեղծագործութիւնը դարձնելու նւագախմբի համար մշակւած տարբերակ։ Դերէն Բրաթեանը նաեւ հետաքրքրւում է ազգային նւագարաններով եւ վերջերս, սկսել է ստեղծագործել նաեւ դուդուկի համար։ Դեռեւս չբացելով շատ մանրամասներ, երաժիշտը նշում է, որ իր գերագոյն նպատակն է պահպանել ու զարգացնել հայկականը՝ հոգու, ունեցած ժառանգութեան պահպանման եւ նաեւ նորովի մատուցման տեսակէտից։
Դաշնակահարի երկացանկը հարուստ է ամենատարբեր հեղինակներով՝ Կլարա Շումանից մինչեւ Բախ, Ֆեորէից մինչեւ Բաբաջանեան, Դեբիւսիից մինչեւ ժամանակակից կոմպոզիտոների մարտահրաւէրները։