ԹեհրանՀամայնք

Ազատորդի Վետերան Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեան

(Մահւան 40-օրեակի առթիւ)

Ազատորդի Վետերան Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանի դառնաղէտ մահից անցնում են 40 օրեր: Մարդ ով մասնակից եղաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ 8-ամեայ պատերազմին եւ գերեվարւեց:

Գերեվարութիւնից ազատւելով նա ընտանիք է կազմում, եւ 35 տարիներ շարունակ իր ընտանիքի կողքին վայելում է նրանց ներկայութիւնը ու ջերմութիւնը։ Բայց իր սրտի խորքում նրան անընդհատ մի ցաւ էր տանջում, որից ազատւելը գրեթէ անհնար էր:

Իրաքի բասական ռեժիմի եւ այնտեղի (ՌՈՄԱԴՒ) գերիների ճամբարում 26 երկար ամիսների գերութեան շրջանում, Յովհաննէսը եւ իր զինակիցները, յաճախ էին խոշտանգումերի, վնասւացքների ու ծեծերի ենթարկւում, ոմանք էլ չդիմանալով այդ ցաւերին նահատակւում էին։

Պատերազմից տուժած իր մարմնային եւ հոգեկան վնասւացքներով սիրելի Յովհաննէսն էլ այն ազատամարտիկներից էր, ով գերութիւնից ազատւելով վերադարձաւ հայրենիք եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան նահատակների հիմնադրամի կողմից համարւեց %40 զինհաշմւած։

Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանը ծնւել է 5 յունիսի 1962 (15 խորդադի 1341) թւականին Իրանի Խուզիստան նահանգի Ահւազ քաղաքում, մի բարէպաշտ եւ աւանդապահ ընտանիքում. նրա հայրն էր պրն. Հերոսը եւ մայրը տկն. Շուշանը, որոնց որդիներն էին՝ Յովհաննէսը, Ռազմիկը եւ Ռոզիկը։

Յովհաննեսը մանուկ հասակում ընտանիքով Ահւազից փոխադրւում է Թեհրան եւ բնակւում են Թեհրանի հայահոծ Սասուն (Զարքեշ) թաղամասում։ Նա իր տարրական ուսումը ստանում է իրենց թաղի հայոց ազգային «Նայիրի» տղայոց դպրոցում: Իսկ ուղեցոյցը «Սողոմոնեան» եւ միջնակարգը «Յ. Թովմասեան» հայոց դպրոցներում, եւ յաջողում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտում ստանալ իր դիպլոմը։

Ուսումը աւարտելով, նա անցնում է աշխատանքի, եւ զբաղւում է արդիւնաբերական գեներատորի եւ էլեկտրաէներգիայի աշխատանքով:

Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմին նա իր պարտքը համարելով սիրելի Իրանի հանդէպ, 24 խորդադի 1365 (14 յունիսի 1986) թւականին զինւորագրւում եւ անցնում է զինծառայութեան։

Ռաֆիկը իր զինւորական ծառայութեան նախապատրաստական դասընթացը անց է կացնում բանակի ցամաքային զօրքերի 01- զօրանոցում։ Եւ յետոյ տեղափոխւում է Համզէհ 21-րդ դիւիզիա։

Նրա զինծառայութիւնից 20 ամիսներ էր անցել, երբ երեքշաբթի 21 թիրի 1367 (12 յուլիսի 1988) թւականի առաւօտեան ժամը 4-ին, քիմիական ծանր ռմբակոծութիւններով թշնամու յարձակումը սկսւեց։ Հակառակորդը իր գործողութիւնները սկսեց, Մեհրան, Զանգուլա, Նահրէ Անբար, Զուբէյդատ, Շարահանի, Այնէխօշ եւ Ֆաքէհ առանցքներից: Նրա նպատակն էր, ճեղքել Իրանի պաշտպանական, մարտական ուժերը: Եւ ըստ էութեան վերահսկողութիւն հաստատել Դեհլորան – Մեհրան – Անդիմեշկ ճանապարհի նկատմամբ։

Ռաֆիկի ասութեամբ. «Թշնամին արդէն Իրանի սահմանները անցել էր, եւ հէնց այնտեղից յարձակումները սկսելով, մեզ շրջապատել էր եւ կարողացաւ մեզանից շատերին գերեվարել»:

(Ռոմադիէ) ռազմագերիների ճամբարում Յովհաննէսը 26 դաժան ամիսներ, գերութեան մէջ անցակացրեց։ Այնտեղ եւս կային հայեր, որոնցից կարելի է յիշել Մայիս Քեշիշեանին:

Գերեվարութիւնից մի առ ժամանակ անց,  Կարմիր Խաչի միջոցով ճամբարի գերիները ցանկագրւում են։ Սննդի եւ հանրային առողջապահութեան բացը զգալիօրէն պատճառ էր դարձել, որ գերիներից ոմանք, խոշտանգումներին ու պատիժներին չդիմանալով նահատակւեն:

Վերջապէս հասնում է ազատութեան պահը։ Շաբաթ, 3 շահրիւարի 1369 (25 օգոստոսի 1990) թւականին, Յովհաննէսը միւս գերիների հետ վերադառնում է, եւ ջերմ ոգեւորութեամբ դիմաւորւում է իր հայրենակիցների ու ընտանիքի անդամների կողմից։

Յովհաննէսը վերադառնալով սկսում է իր առօրեայ կեանքը եւ անցնում է աշխատանքի ասպարէզ, նա ծանոթանում է Օր.Սեդա Դարբինեանի հետ եւ ամուսնանալով բախտաւորւում են երկու զաւակներով Առլէն եւ Արփինէ։

 Յովհաննէսը (Ռաֆիկ), որպէս հաշւապահ աշխատանքի է անցնում Իրանի ֆինանսների նախարարութիւնում։

Նա ծանր եւ երկար հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն է կնքում երկուշաբթի, 22 օրդիբեհեշտի 1404  (12 մայիսի 2025) թւականին։

Հանգուցեալ Ազատամարտիկի կրօնական թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի, մայիսի 14-ին, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, եւ կրօնական արարողութիւնը կատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ.Առաքել աբղ. Գատեհճեանը , ներկայ էին Տ. Արիստակէս  քհնյ. Շահմիրեանը , Տ. Վրթանէս քհնյ.Բաբախանեանը եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը։ Կրօնական եւ թաղման արարողութիւնից յետոյ հանգուցեալի դին փոխադրւեց Թեհրանի նոր Բուրաստան գերեզմանատուն եւ հողին յանձնւեց նահատակների բաժնին կից նկատի առնւած տարածքում։

Արարողութեանը ներկայ էին պետական ու զինւորական պատասխանատուներ, Թեհրանի նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամի նախագահ Աբբասալի Ռեզային եւ իր տեղակալը, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչները, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Իսլամական բանակի ցամաքային ուժերի նահատակների եւ վետերանների վարչութեան պատասխանատու գնդապետ Ռահիմ Ռոհանին, Թեհրանի նահանգի տնտեսական եւ ֆինանսների գլխաւոր վարչութիւնից, Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի վարչականները, հանգուցեալ ազատամարտիկի գործընկերները, իր ընկերները, հարազատները եւ ծանօթները։

Հոգիդ հանգչի խաղաղութեան, հողը թեթեւ գայ վրադ քաջարի ազատամարտիկ Յովհաննէս Ազիզեան։

Ա. ԻՍԿԱՆԴԱՐԵԱՆ

Թ. Հ. Թ. Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Related Articles

Back to top button