Մեծ դուդուկահարը
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Թաւրիզում լոյս տեսնող իրանական «Ղորուբ» պարբերականն իր վերջին համարներից մէկում պարսկերէնով հրապարակել է Իրանի աշուղական արւեստի զարգացմանը նշանակալի նպաստ բերած հայազգի անւանի դուդուկահար Առաքել Բալայեանի՝ «Մեծ դուդուկահարը» խորագրով կենսագրական յօդւածը, որի թարգմանութիւնը ներկայացւում է հատւածաբար:
Աշուղական արւեստին քիչ թէ շատ ծանօթ թաւրիզցիները հաստատ կը յիշեն դուդուկահար Առաքել Բալայեանին, կամ առնւազն լսած կը լինեն նրա բացառիկ կատարողական արւեստի մասին:
Առաքելը ծնւել է 1888 թւականին՝ Ղարադաղի (Փայտակարան) Նեփեշտ գիւղում: Պատանեկութեան տարիներին նրան հմայում են ծիրանափողի կախարդական հնչիւնները: Երաժշտութեան նկատմամբ ունեցած բացառիկ օժտւածութեան շնորհիւ նա կարողանում է շատ արագ տիրապետել դուդուկի միջոցով յոյզերն արտայայտելու նրբին արւեստին:
Առաքելը տակաւին երիտասարդ էր, երբ կորցնում է մօրը: Կեանքը դասաւորելու համար նա ամուսնանում է, ու նրանք լոյս աշխարհ են բերում երկու դուստր ու մէկ որդի:
Իր բնակութեան վայրում աշխատանք գտնելու սահմանափակ հնարաւորութիւնների պատճառով Առաքելն ստիպւած է լինում արտագաղթել մեծ քաղաքներ: Նախ յայտնւում է Բաքւում, ապա նաեւ՝ Գանձակում, որտեղ էլ բնակութիւն է հաստատում:
Կնոջ անժամանակ մահը մեծ հարւած է հասցնում Առաքելին, եւ քանի որ փոքրահասակ զաւակները խնամքի կարիք ունէին, նորից է ամուսնանում:
Գանձակում ապրած տարիներին, բանւորութիւնից բացի, երաժշտութիւնը թէ՛ որպէս ժամանցի եւ թէ՛ զւարճանքի միջոց, դառնում է նրա առօրեայի անբաժան ուղեկիցը, որի շնորհիւ էլ գնալով աւելի էր վարպետանում:
1937 թւականին Խորհրդային Միութիւնն իր երկրի քաղաքացիութիւնը չստացած անձանց ստիպում է լքել երկիրը: Այդ էր պատճառը, որ անվտանգութեան ծառայողները գիշերով Առաքելին գնացք են նստեցնում ու Թաւրիզ ուղարկում: Մեկնումն այնքան անսպասելի էր, որ Առաքելը նոյնիսկ չի հասցնում հրաժեշտ տալ ընտանիքին:
Թաւրիզում Առաքելը դժւար ու կարօտով լի օրեր է անցկացնում: Գնալով մարում էր ընտանիքի հետ վերամիաւորւելու Առաքելի յոյսը, ինչը հոգեկան տառապանք էր պատճառում նրան:
Այդ օրերին Առաքելը դիպւածաբար ծանօթանում է իր ստեղծագործական կեանքի հետագայ ընթացքի վրայ խոր հետք թողած Աշուղ Հուսէյն Ջաւանի հետ, որ տարիներ անց պիտի հռչակւէր որպէս Ատրպատականի անւանի աշուղներից ու բանաստեղծներից մէկը: Երկու արւեստագէտների համագործակցութիւնն ու ընկերակցութիւնը նպաստ է բերում Թաւրիզի աշուղական արւեստի զարգացմանը: Դա համընկնում է երկրորդ աշխարհամարտից յետոյ Ատրպատականում ձեւաւորւած Խորհրդային Միութեան դրածոյ իշխանութեան կառավարման օրերին: Այդ շրջանում երկու արւեստասէրների գործունէութեան վայրը դառնում է Թաւրիզի ռադիոն:
7 տարի տեւած տառապալի սպասումից յետոյ, երբ այլեւս Գանձակ վերադառնալու յոյսը մարում է, Առաքելն իր ընկերների յորդորով կրկին ամուսնանում ու ընտանիք է կազմում: Այս անգամ էլ Առաքելի նորակազմ ընտանիքում ծնւում են երկու դուստր եւ մի որդի:
Ցաւօք, Առաքելի ու աշուղ Հուսէյն Ջաւանի համատեղ ստեղծագործական կեանքը երկար չի տեւում, ու Ատրպատականի «Ազգային իշխանութեան» հեռացումից յետոյ, Խորհրդային Միութեան դրածոյ կառավարութեան հետ համագործակցելու կասկածանքով հետապնդւող աշուղ Հուսէյն Ջաւանը ստիպւած արտագաղթում է Բաքու: Հաշւի առնելով աշուղ Հուսէյն Ջաւանի հետ Առաքելի մտերմիկ յարաբերութիւնները, Իրանի նոր իշխանութիւնները ժամանակ առ ժամանակ Աշուղի հետքերը գտնելու համար այցելում էին Առաքելին, ենթադրելով, որ նա կարող է տեղեակ լինել Հուսէյնի թաքստոցից:
Յետպատերազմեան շրջանում Իրանում տիրող քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Առաքելն իր ընտանիքի հետ տեղափոխւում է Ղարադաղի Վողան գիւղը, որտեղ զբաղւում է գիւղատնտեսական աշխատանքներով ու հարսանեաց հանդէսներին դուդուկ նւագելով:
Վեց տարի Ղարադաղում բնակւելուց յետոյ, իր զաւակների կրթութիւնն ապահովելու նպատակով վերադառնում է Թաւրիզ, որտեղ արդէն քաղաքական շիկացած մթնոլորտը խաղաղւել էր, ու սկսում է համագործակցել քաղաքի աշուղական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա Թաւրիզի սրճարաններում եւ այլուր զբաղւում է երաժշտութեամբ:
Հայ երաժիշտը կատարելապէս տիրապետում էր իր գովերգած նւագարանին: Այդ պատճառով էլ Թաւրիզի աշուղներից շատերը աշակերտել են նրան:
Առաքելը թէեւ ազգութեամբ հայ էր, բայց նրա այլադաւան լինելու հանգամանքը որեւէ կերպ չէր անդրադառնում աշուղական համայնքի հետ իր բարեկամական յարաբերութիւնների վրայ: Նա շարունակում էր կարօտով յիշել Թաւրիզը լքած իր մտերիմ ընկերոջը՝ աշուղ Հուսէյն Ջաւանին: Նոյնիսկ այն տարիներին, երբ Առաքելը տառապում էր յիշողութեան կորուստով, իր զաւակների անուններից բացի յաճախ մտաբերում էր նաեւ Աշուղ Հուսէյնին ու յուզւում:
Առաքելին այդպէս էլ չյաջողւեց հանդիպել իր առաջին կնոջից ունեցած զաւակներին: Իսկ Ստալինգրադի ռազմաճակատում զոհւած որդու մասին բոթը ցնցում է զառամեալ հօրը:
Թաւրիզի աշուղական համայնքում արժանի տեղ զբաղեցրած հայազգի երաժիշտը 1975 թւականին Թեհրան քաղաքում կնքում է իր մահկանացուն:
«Ազգ»