ԹեհրանՀամայնքՀասարակական

«Սինեմա Ռոզ»-ից «Պափադիզօ»

Տեղականն է ներկայացնելու համաշխարհային արժէք

ՀԱՏԻՍ

 

Երբ նստում ենք այս ֆիլմը դիտելու, իմացողի պէս չգիտենք, թէ «Պարադիզօ կինօթատրոն» ֆիլմի հանդիսատեսից որն ենք մենք։ Նա, ո՞վ թքում է կինոդահլիճի երկրորդ յարկից, դեռահաս տղանե՞րը, ովքեր գլուխը կորցրել են իրենց տարիքը գերազանցող տեսարաններով, նա՞, ով անգիր գիտի ֆիլմի բոլոր երկխօսութիւնները եւ ամէն անգամ վերջում լաց է լինում: Նա, ով բարձրաձայն ողջունում էր բոլորին կինօդահլիճում ու բախւում հանդիսատեսի բողոքին, թէ ինչ-որ մէկը, ով պարզապէս ցանկանում է զւարճանալ: Թէ՞ քահանան, ով ամէն անգամ ֆիլմի նախադիտման ժամանակ, երբ ցուցադրւում է սիրավէպի տեսարան, ցանկանում է, որ այդ տեսարանը հեռացւի ֆիլմից:

Ֆիլմի հեղինակ Ջուզեպէ Տորնատօրէն*) «Կինօթատրոն՝ Պարադիզօ»-ով երեւի փորձարկում է իր հանդիսատեսին, իմանալու համար, թէ ի՞նչ է նա մտածում կինոյի մասին։

Տորնատօրէն մատնացոյց է անում գրաքննութեան եւ իրականում ոչ գեղարւեստական մտածելակերպի ներթափանցման արհաւիրքը արւեստում: Իսկ այն հեռու չէ նման մարդու առօրեայից, ով ինքն էլ է իտալացի: Ալֆրէդօն (կինօթատրոնի օպերատորը) Տօտոյին (պատմութեան փոքրիկ տղան) ասում է, որ կինօն գիտելիքների խորհրդանիշ է: Դիտարկում, որը հիացնում է փոքրիկ Տօտոյին:

Ակլֆրէդօն կուրանում է Paradiso կինոթատրոնի այրւելուց յետոյ:

Մշակութային աղքատութիւնը, գրաքննութիւնը, սէրը եւ մարդասիրութիւնը կարեւոր կէտեր են, որոնք Տորնատօրէն նշում է իր ֆիլմում։

Եթէ ֆիլմից դիալոգային ֆրազներ քաղելու փորձ անենք, ապա դա լինելու է այն խայծը, որի քաղցրութիւնը բոլորի ոտքը թակարդն է գցելու: Չնայած գաղափար կազմելու համար, թէ՛ ի՞նչի մասին է խօսքը, արժէ յիշել Տօտոյի եւ քահանայի զրոյցը, երբ երկուսով նոյն հեծանւին նստած քահանան քրտնքի տակ ոտնակներն է սեղմում դէպի բարձունքում գտնւող եկեղեցին քշելով: Տօտոն հարցնում է. «Աստւած ի՞նչի չի օգնում»:

Քահանան պատասխանում է. «Աստւած օգնում է, երբ իջնում ենք:  Իսկ բարձրանալիս միայն նայում է»…

Այսքանից յետոյ, եթէ զուգահեռներ անցկացնենք նոյն շարջանում գիւղական կեանքը թողած ու մայրաքաղաքում բախտը որոնող երիտասարդների, յատկապէս, ձեւաւորւող թեհրանահայ համայնքի եւ նրա առօրեայ ապրումների միջեւ, ապա կարելի է յստակ եզրակացութիւն անել այն մասին, որ համաշխարհային ինչ կարգի քաղցրութեան մասին է պատմել Տորնատօրէն:

Այն տարբերութեամբ, որ որպէս բարձակարգ կինոյի գործիչ եւ համաշխարհային ռեժիսոր Տորանտօրէն զբաղւել է հէնց իր հարազատ ժողովրդի պատմութիւնով:

Աւելորդ կը լինի արդէն նշելը, որ մեր կտրւածքով, համայնքային արւեստի գործիչները՝ արւեստի համաշխարհային դրսեւորումներով, յատկապէս, երբ խօսքը ֆիլմարւեստի մասին է,  երբեւէ աչքի չեն ընկել սեփական պատմութիւնը ներկայացնելու փորձերով: Միայն այսքանը, որ եթէ արւեստի գործիչը միշտ բողոքում  է իր սեփական ժողովրդի կողմից անտեսւած լինելու համար, ապա ժողովուրդն էլ նոյն ձեւակերպումը կարող է տալ արւեստի գործիչ մասին՝ սեփական պատմութիւնը վերյիշելիս…

Եկէք վերադառնանք նոյն թւականներ, 1950-ականներին ու 60-ականներին: Այժմ մեր մտապատկերի էկրանին պատկերացնենք բոլոր այն դէպքերն ու դրւագները, որոնց ականատեսն են եղել ժամանակի Սասուն կամ Սարդարապատ ու Զէյթուն քաղաքամասերի մեր հայրենակիցները:

Սասուն քաղաքամասին Զարքէշ պողոտայի մուտքի անկիւնային հատւածում ժամանակին աշխատել է «Սինեմա Ռոզ» կինոթատրոնը: Հին երիտասարդներից շատերն են կարող ասել, որ կինոյի հետ ծանօթանալու առաջին փորձերը հէնց «Ռոզ»-ում էր տեղի ունեցել:

Ինձ պատմեցին, որ երիտասարդներից Սամսոնի (անունը փոխւած է) մուտքն արգիլւած էր «Ռոզ»-ում: Տոմս ստուգող յաղթանդամ պահակն էլ Սամսոնին գիտէր դէմքով: Բանը նրանում է, որ Սամսոնը ֆիլմը դիտելուց յետոյ, ոգեւորւած, դուրս էր գալիս փողոց ու անպայման՝ կռիւ սարքում…

Կամ, երբ արդէն երիտադարդ տարիքում աղջիկներով կինօդիտման են գնացած լինում, դուրս գալուց նկատել են, որ հայր ու եղբայրները քիթները կախ իրենց են սպասում:

Կինոյում վաճառւող «ալիասկան» (պաղպաղակ յիշեցնող քաղցրացրած սառոյցը) ու վարունգաթթոյի խենթացնող հոտով սենդւիչները, կամ մի տոմսով ուզածիդ չափ ֆիլմ դիտելն ու կինօթատրոնում մնալը (ժամանակին կարող էիր ֆիլմի կէսից մտնել կինօդահլիճ ու դիտել ֆիլմը, իսկ աւարտին կարելի էր տեղում նստած մնալ ու ֆիլմի առաջին կէսն ու չդիտած հատւածը նայել), կամ հազիւ երկու կոպէկ աշխատած դեռահաս երիտասարդները, ովքեր աշխատանքից յետոյ գիշերային դասերի էին, ու ի՛նչ լինէր, որ մէկ էլ ժամ գտնէին կինօ գնալու…այն շռայլութիւնն էր, որը թոյլ էին տալու իրենց, նոյնիսկ եթէ դա թանկ հաճոյք լինէր …սրանք հէնց այն էլեմաններն են, որոնցով կարելի էր մեր սեփական «Պարադիզօ»-ն ստեղծել:

Զէյթուն քաղաքամասում եւս կար նման մի կինօթատրոն, որտեղ հայերի ներկայութիւնը զգալի երեւոյթներից էր, յատկապէս, տոմսարկղի աշխատակցի  աչքին:  Հետագայում այն դարձաւ հայկական միութիւն, ապա մի քանի ներկայացման համար բեմ: Իսկ այժմ՝ հինգ կամ վեց յարկանի շէնք…

Որ հարցուփորձի գնաս, քիչ չեն նրանք, ովքեր պատմելու բան կունենան: Որոշների դէպքում առաջին անգամ են պատմում, պարզապէս ոչ մէկը չէր հարցրել:

Կինօն ու կինօթատրոն գնալն եղել է ժամանակի տաբուներից մէկը: Պատճառները, մասամբ,  կարելի է տրամաբանել: Ասել են չէ՞, որ տրամաբանութիւնը ժամանակի տրամադրութեան արդիւնք է: Ապրելակերպը գիւղի աւանդական կենսակերպն էր:  Իսկ գիւղական նահապետական կենսակերպը մի գիշերով չես փոխի, նոյնպէս ինչպէս Տորնատօրէի ֆիլմում չի փոխւում: Սկզբից տղամարդիկ էին միայն կինօ գնում, յետոյ «մանրից» հերթը հասնում է ընտանիքներին, բայց ո՛չ  կանանց, այդ էլ միայնակ:

Զարքէշի  «Սինեմա Ռոզ»-ը յեղափխութիւնից յետոյ այլեւս չաշխատեց:

Սեփականատէրը Սուլէյման եւ Էլիահու Գէյդանիներն էին, ազգութեամբ հրեայ (մէջբերւած՝ «Իրանական կինոյի պատմութիւն» գրքից): Չնայած յարակից խանութպանն ասում է հայեր էին: Երեւի փոքրամասնութիւն հասկացութիւնն այդպէս է բացատրւած նրա մօտ:

Եկամտաբեր «Սինեմա Ռոզ»-ը

Նոյն աղբիւրի համաձայն իր աշխատանքի օրօք «Ռոզ» կինօթատրոնի տոմսարկղից գոյացած վաճառքը կազմել է  1,415,000 ռիալ (մինչեւ 1355 թւականը: Իսլամական յեղափոխութեան յաղթանակից երկու տարի առաջ): Իսկ շուրջ 58000 կինօդիտող է ացելել այս ընթացքում:

Փաստագրութիւնը զարմացնելու աստիճան մանրամասներ է ներկայացնում այն մասին, թէ թեհրանահայերով բնակեցւած թաղամասը, ինչ ակտիւութեամբ է ընդունել կինօթատրոնի ներկայութիւնը:

Փաստ է նաեւ, որ  ընտանիքներից շատերի տանը բացակայում էր հեռուստացոյցը, իսկ մի անգամ կինօդահլիճ տեսած մարդուն, այլեւս չես զսպի…

Անշուք բայց շքեղ

Ժամանակին այն ունեցել է իր շուքը, համարւել է Զարաքէշ-Վահիդիէյի հարեւանութեամբ միակ կինօթատրոնը։ Այն գուցէ այնքան էլ շքեղ ու ժամանակակից չէր, բայց բնակիչները դա համարում էին բոնուս իրենց թաղամասի համար։ Երեկոյեան այն դառնում էր երիտասարդների հանգրւան։ Ոգեւորւած մարդիկ, ովքեր գալիս էին նաեւ հեռւից,  նրանց բազմութիւնը երբեմն այնքան մեծ էր, որ կինօթատրոնի մօտ երկար հերթ էր երեւում։ Նրանք, ովքեր յիշում են այդ օրերը, խօսում են մարդկանց յուզումների մասին, թէ ինչ ոգեւորութեամբ էին նրանք միմեանց պատմում ֆիլմի մասին։ Այդ ժամանակից շատ տարիներ են անցել…

Այժմ ոչ կինօսիրողների երկար հերթերից լուր կայ, ոչ էլ ֆիլմը դիտելիս մարդկանց ուրախութեան ու աղմուկի ձայնն է լսւում։ Թաղամասի կինօթատրոնից մնացել է կիսաքանդ ու ծխապատ շէնքը, որն ամէն պահի հաւանական է փլուզւի: Թեհրանի «Ռոզ» կինօթատրոնն այս օրերին ոչ մի «փունջ» էլ չի յիշեցնում, իսկ տեսքով՝ բացի անյարմար կարկատանից, վերածւել է նարկոդների ու բոմժերի (անտունիների)  գիշերելու վայրի: Խնդիր, որից դժգոհում են շատ բնակիչներ։

Աւերակ դարձած շինութեան ապագան

Կինօթատրոնը վերածւել է աւերակի, որի գոյութիւնը խնդիր է բնակիչների համար։ Իսկ չգոյութիւնը անտարբերութիւն՝ սեփական պատմութեան նկատմամբ:

«Ռոզ»-ի  տանիքը փլւել է, իսկ կենտրոնում եղած մեծ ցուցանակն ընկել է գետնին 2018-ին, յորդառատ անձնրեւների ժամանակ։ Այն, ինչ մնացել է մարդկանց գիտակցութեան մէջ, միայն անցեալի յիշողութիւններն են։ Բնակիչներից ոչ ոք չգիտի դրա կառուցման ճիշտ թւականը: Գիտեն միայն, որ այս կինօթատրոնը գործում էր 40-ականների սկզբից, իսկ ոմանք էլ կարծում՝ որ շէնքն աւելի հին է։

Մի քանի անգամ փորձ է արւել տարբեր գործառնութիւններով աշխատացնել տարածքը: Ժամանակին ասւում էր, որ մուզայիկ ու սալայատակ է արտադրւել այնտեղ, կինօթատրոնի փակւելուց յետոյ: Սակայն իրաւական չլուծւած խնդիրների բերումով ոչ մէկին չի յաջողւել երկար մնալ այնտեղ:

Կեանքը ֆիլմի նման չէ

Իսկ վերջում Ալֆրէդոյի պէս պիտի ասել, «Կեանքը ֆիլմի նման չէ: Շատ աւելի դժւար է»:

*)Ռեժիսոր Ջուզեպէ Տորնատօրէի «Cinema Paradiso» ֆիլմը նկարահանւել է 1988 թւականին եւ արժանացել է Կաննի կինոփառատօնի առաջին մրցանակին, տարւայ լաւագոյն արտասահմանեան ֆիլմի Օսկարին եւ բրիտանական BAFTA մրցանակին։

Cinema Paradiso-ն բոլոր կինօսէրների ու խենթ մարդկանց պատմութիւնն է` սկսած ծեր Ալֆրէդոյից մինչեւ հանդիսատես, ովքեր ցուցադրում են անսխալ յոյզեր եւ ֆիլմը դիտելիս առանց ամաչելու լաց են լինում, ուրախանում են եւ երբեմն իսկապէս վախենում են:  Ջուզեպէ Տորնատօրէն ֆիլմով վերակենդանացրել է յիշողութիւններն ու մի փոքր շօշափել  նոստալգիկ զգացումները։

Ալֆրէդօն ֆիլմում ասում է. «Յոյսն է անմահութեան աղբիւրը»։ Իրականում, քանի որ հէնց կինօն է պահերը յաւերժացնում, նա նաեւ յոյս է ստեղծում։

Related Articles

Back to top button