
«ԱԼԻՔ» – Այսօր՝ յունիսի 26 –ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, եւ «Ալիք» օրաթերթի ներքին վարիչ Արգիշտի Թովմասեանն այցելել են հիւանդանոց, որտեղ հոսպիտալացւել է ռմբակոծութեան հետւանքով ծանր վիրաւորում ստացած թեհրանահայ Անահիտ Շահբազեանը:
Այցի ընթացքում քահանահայրը փոխանցելով Սրբազան հօր հայրական օրհնանքն ու ողջոյնները` աղօթել է Անահիտ տատիկի շուտափոյթ ապաքինման եւ առողջութեան համար, նրա ընտանիքին մաղթելով կամքի ուժ` փորձութիւնը յաղթահարելու համար:
Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանն էլ իր հերթին առողջութիւն մաղթելով վիրաւորում ստացած տատիկին` տուժած ընտանիքին տեղեկացրել է, որ Թ.Հ.Թ. թեմական խորհրուրդը փորձել է իր հնարաւորութիւնների սահմաններում ժամանակաւոր կեցավայր յատկացնել ռմբակոծութիւնից տուժած ընտանիքին:
«Այս կապակցութեամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ կահաւորման հետ կապւած աշխատանքներն այս հանդիպման հետ միաժամանակ, ընթացքի մէջ են»,- յաւելել է նա:
Յիշեցնենք, որ երեքշաբթի՝ յուլիսի 24-ի լուսաբացին, սպասւող զինադադարից ընդամէնը կէս ժամ առաջ, սիոնիստական ռեժիմի ռազմաօդային յարձակման թիրախ է դարձել թեհրանահայ ընտանիքի բնակարանի հարեւանութեամբ գտնւող շէնքը: Պայթիւնի հտեւանքով մեծապէս վնասւել է նաեւ հայ ընտանիքի բնակարանը, որտեղ ծանր վիրաւորում է ստացել 80-ամեայ Անահիտ Շահբազեանը, ում անմիջապէս տեղափոխել են հիւանդաոց:
«ԱԼԻՔ»-ի թղթակցի վկայութեամբ, ուժգին պայթիւնի հետեւանքով ամբողջութեամբ վթարային է դարձել բնակարանը, որտեղ բնակւում էր հայ ընտանիքը: