
Պատերազմական պայմանները թօթափելուց յետոյ, «ԱԼԻՔ» օրաթերթն վերականգնում է իր բնականոն աշխատանքը:
Ռմբակոծման արդիւնքում խմբագրատան շէնքին հասցւած մասնակի վնասներն արդէն վերականգնւում են: Իրադարձութիւններից 9 օր անց, թերթի աշխատակազմը կրկին համախմբւել է խմբագրատան յարկի ներքոյ, եւ նոյն նւիրւածութեամբ անցել է աշխատանքի:
Տւեալ պահին, աշխատանք է տարւում ամբողջովին վերականգնել վնասւած ինտերնետ կապը, որից յետոյ հնարաւոր կը դառնայ վերադառնալ լիարժէք աշխատանքային ռեժիմի:
Փորձում ենք օր առաջ վերսկսել թերթի տպագիր տարբերակի հրապարակումը:
«ԱԼԻՔ»-ի սիրելի՛ բարեկամներ,
Անցած օրերի ընթացքում մենք մեր թիկունքին զգացել ենք Ձեր անվերապահ եւ ամբողջական զօրակցութիւնը:
Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այդ դժւարին օրերին, մտահոգւած են եղել «ԱԼԻՔ»-ի ճակատագրով, եւ հեռախօսազանգերի կամ պատգամների միջոցով իրենց աջակցութիւնն են յայտնել մեր ընտանիքին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ նման անվերապահ զօրակցութիւնը, հոգատար մօտեցումն ու անկեղծ աջակցութիւնն է, որ մեզ պարտաւորեցնում է օր առաջ վերականգնել թեթի բնականոն աշխատանքը՝ կրկնակի-եռակի աւիւնով:
Կը հանդիպենք շուտով:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ՝
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ԵՒ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ