ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արա Շահվերդեանը մասնակցել է Ժնեւում կայացած Մարդու իրաւունքների կոմիտէի հերթական նիստին

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, պետական պատւիրակութեան կազմում մասնակցել է Ժնեւում տեղի ունեցած Մարդու իրաւունքների կոմիտէի 139-րդ նիստին, որը նւիրւած էր «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների դաշնագրի» անդամ 6 երկրների, այդ թւում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան պարբերական զեկոյցների քննարկմանը: Ժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին եւ 10-ին: Իրանի բարձրաստիճան քաղաքական եւ տեխնիկական պատւիրակութիւնը գլխաւորում էր Արտաքին գործերի նախարարութեան իրաւական եւ միջազգային հարցերով տեղակալ Ռեզա Նաջաֆին: Պատւիրակութեան մէջ ներառւած էին Իրանի տարբեր կառոյցների եւ մարմինների, այդ թւում՝ Իսլամական խորհրդարանի, Հանրապետութեան նախագահի ինստիտուտի կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալութեան, Դատական ուժի, Մարդու իրաւունքների շտաբի, Ներքին գործերի նախարարութեան, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան եւ Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներ, որոնք պատասխանեցին այդ կոմիտէի հարցերին եւ անդամների տեսակէտներին:

Նշենք, որ Մարդու իրաւունքների կոմիտէն բաղկացած է 18 փորձագէտներից, ովքեր Ժնեւում կայացած 139-րդ նիստում քննարկել են 7 երկրների, ի շարս՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան, Վենեզուէլլայի, ԱՄՆ-ի, Քուվէյթի, Տրինիդադի եւ Տոբագոյի եւ Հարաւային Կորէայի զեկոյցները։ Ինչպէս տեղեկացրել է պատգամաւոր Արա Շահվերդեանը, Մարդու իրաւունքների կոմիտէն, Իրանին էր ներկայացրել 27 հարցեր, եւ սա Իրանի կողմից ներկայացւած չորրորդ զեկոյցն էր, 12 տարւայ դադարից յետոյ: 27 հարցերից երեք հարցերը առնչւում էին Իրանում կրօնական փոքրամասնութիւններին, կանանց իրաւունքներին, երեխաների իրաւունքներին եւ այլ թեմաների:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը պատասխանել է Իրանում կրօնական փոքրամասնութիւններին առնչւող հարցերին:

Նշենք, որ մեկնումից մի քանի ամիս առաջ ամէն շաբաթ Իրանի Արտգործնախարարութեան յարկի տակ հանդիպումներ է կայացել, եւ քննարկւել են տեսակէտներ, որից յետոյ պատւիրակութիւնը մասնակցել է ժողովին:

Related Articles

Back to top button