
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարը մատնանշելով, որ Իրանը գտնւում է դիւանագիտութեան եւ բանակցութիւնների մէջ, նշեց, որ մինչ այժմ ոչ մի բանակցութիւն տեղի չի ունեցել։
Խորհրդարանի Ազգային անվտանգութեան յանձնաժողովի նիստի շրջանակում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ներկայ է գտնւել վերջին զարգացումների եւ Իրան-ԱՄՆ բանակցութիւնների խնդրին վերաբերող զեկոյցի ներկայացմանը։ ԱԳ նախարարը լուսանցքում icana-ի հետ ճեպազրոյցում նշել է. «Մենք կողմ ենք դիւանագիտութեանն ու բանակցութիւններին: Սակայն ԱՄՆ-ի հետ նախընտրում ենք բանակցութիւնների անուղղակի ձեւաչափը: Իհարկէ, մինչ այժմ ոչ մի բանակցութիւն տեղի չի ունեցել»:
14-րդ կառավարութեան դիւանագիտութեան կորպուսի ղեկավարն անդրադառնալով Իրանի առնչութեամբ՝ Ֆրանսիայի նախագահի եւ այդ երկրի ռազմական ու անվտանգութեան բարձրաստիճան փորձագէտների հետ արտահերթ նիստին, նշեց. «Նրանք, ինչպէս իւրաքանչիւր պետութիւն, ներկայացրել են իրենց գնահատականը: Յուրաքանչիւր երկիր կարող է ունենալ իր գնահատականն ու վերլուծութիւնը: Սակայն, եթէ նրանք քայլեր ձեռնարկեն այս ուղղութեամբ, մենք նրանց կը դիտարկենք որպէս մեր երկրի դէմ կատարւող գործողութիւնների մէջ ներքաշւած կողմ: Իսկ մեր ընկալումներով, այդ հանդիպումը իրավիճակի մասին գնահատական տալու եւ զարգացումները վերլուծելու համար էր»:
Անդրադառնալով ամերիկացի սենատորի այն յայտարարութիւններին, թէ Թրամփը նախընտրում է, որ Իրանի հետ համաձայնագիրը նման լինի 2003 թւականին Լիբիայի հետ Վաշինգտոնի համաձայնագրին, ԱԳ նախարարը նշեց. «Նոյնիսկ երազում չեն տեսնի»:
Յիշեցնենք, որ 2003 թւականին Վաշինգտոնի եւ Լիբիայի միջեւ կնքւած համաձայնագիրը վերաբերում էր զանգւածային ոչնչացման զէնքերի ստեղծման ծրագրի պատրւակով՝ միջուկային ծրագրի դադարեցման եւ բոլոր առնչւող նախագծերից հրաժարւելու Լիբիայի համաձայնութեանը։ Այս համաձայնագիրը այն ժամանակ ԱՄՆ-ի եւ Լիբիայի նախկին առաջնորդ՝ Ղազաֆիի միջեւ գաղտնի բանակցութիւնների արդիւնք էր։