Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինտելեկտուալ այլասերման մեխանիկան

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Իշխանութեան՝ անհատին այլասերելու մասին թէզը հաստատւում է յատկապէս մեր նման երկրներում, որոնցում բացակայում են իրական հակակշիռներն ու զսպումները։ Մակերեսային ընկալմամբ՝ այդ այլասերման հակումը բնորոշ է միայն իշխանութեան առաջին դէմքերին, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրականութեան զգացողութիւնը։

Բայց իշխանական այլասերումը երկսայր երեւոյթ է, ու այնպէս չէ, որ իշխանութիւնը միայն այլասերում է։

Գործում է նաեւ հակառակ տրամաբանութիւնը, երբ իշխանութեան մէջ յայտնւածը ոչ միայն այլասերւում է, այլ ինքն է այլասերում ուրիշներին։ Այլասերման այս մեխանիզմի յարաբերականօրէն ընդհանրացնող արտայայտութիւն կարելի է համարել լռութիւնը՝ բառի նեղ եւ լայն իմաստներով։

Ասւածն աւելի առարկայօրէն պատկերացնելու համար բաւական է դիտարկել Հայաստանի իշխանութեան կառուցւածքը՝ ըստ որոշ անհատների։

Չնայած իշխանական համակարգի անհատական որակների առումով դրա նշաձողն անդառնալիօրէն ցածր է, այդուհանդերձ այնպէս չէ, որ պաշտօնէական դասն ամբողջութեամբ բաղկացած է տգէտներից ու անփորձներից։ Դրանում կան նաեւ լուրջ կրթութիւն, մասնագիտական փորձ ունեցող անհատներ, որոնք ներդաշնակօրէն գոյակցում են թերուսների եւ փողոցից կառավարական աշխատասենեակներում յայտնւածների հետ։

Օրինակ՝ կառավարութիւնում կան առնւազն մի քանի պաշտօնեաներ, որոնք էականօրէն տարբերւում են համատարած տգիտութեան ու ոչ պրոֆեսիոնալութեան համապատկերում։

Ասենք՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորեանն ու Տիգրան Խաչատրեանը, Ֆինանսների նախարար Վահէ Յովհաննիսեանն ու Կնետրոնական բանկի նախագահ Մարտին  Գալստեանը (ԿԲ-ն, իհարկէ, անկախ մարմին է, բայց ոչ ֆորմալ առումով իշխանութեան անբաժանելի մասն է)։

Թւարկւած բոլոր պաշտօնեաներն ունեն սոլիդ կրթութիւն, տարբեր կարգավիճակներում պատասխանատու աշխատանքի երկարամեայ փորձ, եւ տիրապետում են իրենց ղեկավարած ոլորտներին։

Բայց այս ողջ կրթութեամբ, գիտելիքով, փորձով հանդերձ՝ նրանք ունեն զրօ ինքնուրոյնութիւն, զրօ համարձակութիւն, զրօ քաղաքացիական կեցւածք եւ իրենց դրսեւորում են ճիշտ նոյն կերպ, ինչպէս, օրինակ, Գէորգ Պապոյեանը, Արփի Դաւոյեանը կամ Յովիկ Աղազարեանը։

Ամենաթարմ օրինակը 2025 թ․ բիւջէի խորհրդարանական քննարկումների առաջին նիստն էր, որի ընթացքում Նիկոլ Փաշինեանն անհեթեթ ելոյթ էր ունենում բիւջէի ընկալումների ու նպատակների մասին։

Վստահաբար այդ դահլիճում նստածների մի մասը՝ վերը նշւած պաշտօնեաների գլխաւորութեամբ, գիտակցում էին նրա մտքերի անհամարժէքութիւնն ու անթոյլատրելիութիւնը, բայց նրանցից որեւէ մէկը չհամարձակւեց որեւէ տառ արտաբերել այդ մասին։ Եւ այնպէս չէ, որ հրապարակաւ լռութեան ուխտ կնքած նշւած պաշտօնեաներն իրենց այլ կերպ են դրսեւորում փակ քննարկումներում, համարձակւում են առարկել Նիկոլ Փաշինեանին կամ ցուցանել նրա անգրագիտութիւնը։

Այս դէպքում հարց է առաջանում՝ ի՞նչ արժէք ունի նրանց կրթութիւնը, գիտելիքը, փորձը, եթէ դա չի ծառայելու հակատրամաբանական, հակապետական որոշումների ընդունմանը։

Հէնց սա է իշխանութեան մէջ գտնւողների կողմից այլոց այլասերելու մեխանիզմը։

Այսպիսի պաշտօնեաների լռութիւնն այլասերում է առանց այդ էլ բացարձակ իշխանութիւնից այլասերւած նրանց ղեկավարին՝ նրան ստիպելով հաւատալ սեփական ամենագիտութեանն ու անսխալականութեանը։ Եւ պետութիւնը քանդւում է ոչ միայն արդէն իսկ այլասերւածի ինքնավստահութեան, այլ նրան կանգնեցնելու հնարաւորութիւն ունեցողների լռութեան արդիւնքում։

Ինտելեկտուալ այլասերողների այս դասի ներկայացուցիչներից իւրաքանչիւրն ունի իր բացատրութիւնը, բայց բոլորի հաւաքական արդարացումն այն է, որ իրենք ծառայում են ոչ թէ իշխանութեանը, Նիկոլ Փաշինեանին, այլ պետութեանը։

Իրականում, սակայն, դա նման է նոյն Նիկոլ Փաշինեանի այն մտավարժանքներին, որ կատարելով Ադրբեջանի պահանջները՝ ինքը ծառայում է ոչ թէ Ադրբեջանի, այլ Հայաստանի շահերին։ Իշխանութիւնն ամբողջութեամբ բռնազաւթել է պետութիւնը, եւ հնարաւոր չէ դրանք տարանջատել միմեանցից։ Եւ լռութեամբ արտայայտւող այլասերումն իրականում ոչ թէ պետութեանը, այլ հէնց իշխանութեանը մատուցւած ծառայութիւն է, որն ինտելեկտուալ պատեհապաշտները մատուցում են՝ իրենց կրթութիւնը, գիտելիքն ու փորձը լռութեամբ արտայայտելու ու դրա դիմաց պաշտօնները պահպանելու միջոցով։

168.am

Related Articles

Back to top button