Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ դառնալ նոր աշխարհակարգի զոհ

ԲԵՆԻԱՄԻ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Փետրւարի 17-ին տեղի ունեցաւ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ աւելի քան չորս ժամ տեւած ասուլիսի շրջանակներում Քոչարեանն անդրադարձել է թեմաների լայն շրջանակի՝ սկսած պարզեցւած հարկի համակարգից (որը ներդրւել է իր նախագահութեան օրօք) մինչեւ Արցախի հետ տեղի ունեցածի գնահատական եւ աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութիւն։ Քոչարեանն ընդգծել է՝ ներկայիս գործընթացները կարող են վկայել, որ առաջիկայ 20-30 տարիներին աշխարհը կը զարգանայ յետլիբերալ շրջանի պայմաններում, ինչն, ըստ Քոչարեանի, դրական է։
Առաջիկայում մենք դեռ կունենանք առիթներ վերլուծելու Քոչարեանի մամուլի ասուլիսի հատւածներն առանձին-առանձին, սակայն, կանգ առնելով փոփոխւող աշխարհի մասին վերջին թէզի վրայ՝ պէտք է ասել, որ Քոչարեանի այսօրւայ յայտարարութիւնների հիմնական հետեւութիւններից մէկն այն է, որ Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ նման «շքեղութիւն» եւ դառնալ նոր աշխարհակարգի զոհը։
Բայց ի՞նչ է պէտք Հայաստանին, որպէսզի չմնայ «նոր աշխարհակարգի փլատակների տակ»։ Քոչարեանն այս հարցին եւս տւեց պատասխան՝ Հայաստանը Սփիւռքով եւ առանց Սփիւռքի՝ դա երկու տարբեր Հայաստաններ են, Իրանի հետ յարաբերութիւնների խորացում, ռազմավարական գործընկերութեան վերականգնում Ռուսաստանի հետ, եւ 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան հիման վրայ հայերի վերադարձի ապահովում Արցախ։
Եւ այնուամենայնիւ, անպատասխան է մնում հարցը, թէ մեզ ինչ աշխարհակարգ է սպասւում։ Ի՞նչ է մեզ սպասում մի իրավիճակում, երբ նեոլիբերալ աշխարհը եւ նրա տիրապետութեան հաստատման գործիքները մեռած են։
Այս հարցին պատասխանելու համար մենք պէտք է մի քանի տարի յետ գնանք։ 2021 թւականի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով անվտանգութեան երաշխիքներ։ Մոսկւան պահանջում էր, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն երաշխաւորեն, որ Ուկրաինան եւ Վրաստանը չեն անդամակցի Դաշինքին եւ հրաժարւեն որեւէ ռազմական գործունէութիւն ծաւալելուց Ուկրաինայի, Արեւելեան Եւրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածքում։
Մոսկւայի պահանջների իրականացումը կը յանգեցնէր եւրոպական անվտանգութեան ամբողջ ճարտարապետութեան վերանայմանը, որն ուղղւած էր Ռուսաստանի զսպմանը։ Այսպիսով, աշխարհը պաշտօնապէս դառնալու էր բազմաբեւեռ, որտեղ Ռուսաստանին կը հասնէր իր լեգիտիմ ռազմավարական հետաքրքրութիւնների գօտին, իր յստակ սահմանները։ Եւ ահա ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն իր վերջին հարցազրոյցում յայտարարել է, որ բազմաբեւեռութիւնն՝ այսօր արդէն իրականութիւն է։ Աւելին, Financial Times-ը եւ Bloomberg-ը յղում անելով անանուն պաշտօնեաներին, արդէն գրել են, որ ԱՄՆ-ը կարող է դուրս բերել իր զօրքերը բալթեան երկրներից՝ Ռուսաստանի հետ բանակցութիւնների ֆոնին։ Աւելին, նշւում է, որ եւրոպացի պաշտօնեաները կարծում են, որ Դոնալդ Թրամփն, ամենայն հաւանականութեամբ, կը համաձայնի դուրս բերել ամերիկեան զօրքերը ոչ միայն Բալթեան երկրներից, այլ հնարաւոր է աւելի դէպի արեւմուտք գնայ…։
Բացի այդ, ԱՄՆ պաշտպանութեան նախարար Փիթ Հեգսեթը յայտարարել է, որ Միացեալ Նահանգներն այլեւս չի կարող զբաղւել Եւրոպայի անվտանգութեան ապահովմամբ եւ մտադիր է անցնել Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանում Չինաստանի զսպմանը։
Իսկ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը քննադատել է եւրոպական պետութիւնների քաղաքականութիւնը ներգաղթի, խօսքի ազատութեան եւ անվտանգութեան ոլորտներում՝ փաստօրէն մեղադրելով ԵՄ-ին, որ եւրոպացիներն ամերիկացիների հաշւին կառուցել են մի բան, որը նոյնիսկ արժէհամակարգի բաղադրիչում հակասում է հէնց Եւրոպայի յայտարարւած իդէալներին։
Աշխարհը փոխւում է մեր աչքի առաջ, եւ այս ամէնը չհասկանալու դէպքում ղեկավարները վտանգաւոր են իրենց երկրների համար։
Մտածէ՛ք այդ մասին․․․:
Alpha News