Զատուլինը՝ Բաքւում Ալիեւի բեմադրած դատական ֆարսի մասին. «Դա վրիժառութեան ակտ է»

«ԱԼԻՔ» – «Ես միշտ էլ պահանջել եւ սպասել եմ դրան… Չեմ կարող միանշանակ ասել, որ Ռուսաստանի կողմից նման փորձեր չեն եղել»: Alpha News-ին տւած հարցազրոյցում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հարցին՝ թէ Ռուսաստանն արդեօք փորձել է Բաքւին յորդորել դադարեցնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ սկսած դատական ֆարսը։
Զատուլինի խօսքով՝ նման փորձերը չպէտք է լինէին եւ չեն եղել հրապարակային։
«Իմ տեղեկութիւններով դրանք իրականացւել են, բայց կամ դրանք բաւարար չափով յամառ չեն եղել, կամ այս դէպքում նախագահ Ալիեւը, այսպէս ասած, չի լսել, չի ցանկացել լսել դրանք»,- ասել է Պետդումայի պատգամաւորը։
Ըստ Զատուլինի՝ Իլհամ Ալիեւի փոխարէն ուրիշ մէկը, օրինակ՝ նրա հայրը, կը լսէր այդ յորդորները։
«Ադրբեջանի նախագահին չափից դուրս բարձր աստիճանի բնորոշ է անհատական ընկալումը, նա վրէժ է լուծում։ Ես այդպէս էլ ասել եմ, դա վրիժառութեան ակտ է։ Բայց եթէ դու խօսում ես ապագայի մասին, ապա ինչու Ստեփանակերտ այցելելիս քայլել Լեռնային Ղարաբաղի դրօշի վրայով։ Ինչու քանդել յուշարձանները, ինչու 10-11-րդ դարի հայկական եղկեղեցիներն անւանել ալբանական… Քանի որ ոգեւորւած ես այդ ամէնն անպատիժ անելու հնարաւորութեամբ»,- յայտարարեց Կոնստանտին Զատուլինը եւ յաւելեց, որ նման գործելաոճը Ադրբեջանին ոչ մի լաւ բանի չի հասցնի, այն նոյնն է, ինչ յունական դիցաբանութեան մէջ անւանում են «վիշապի ժանիքներ ցանել», դրանք կաճեն եւ նորից կը սկսւի արիւնալի ճակատամարտ։
Զատուլինն ասաց, թէ Ադրբեջանը պէտք է մտածի, որ աշխարհում միակը չէ եւ պետութեան վարկանիշ գոյութիւն ունի։
«Ոչ մի Մեծ Բրիտանիա, որը ծովերից այն կողմ է, ի տարբերութիւնն Ռուսաստանի, որը կողքիդ է, չի կարող ներազդել այն ամէնի վրայ, ինչը կարող է տեղի ունենալ Կովկասում, ինչքան էլ ցանկանայ»,- յայտարարել է Զատուլինը։