Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Բանտարկւած մեր ընկերներն այսօր կերտում են մեր վաղւայ յաղթանակը ոչ միայն քաղաքական, այլեւ բոլոր մնացած ոլորտներում»

Քաղաքագէտ, վերլուծաբան Հրանտ ՄելիքՇահնազարեանը ֆէյսբուքի իր էջում գրում է.

«Ազգային ժողովում այսօր (նոյեմբերի 26-ին, ԽՄԲ.) խորհրդարանական լսումներ էին։ Իմ կարծիքով՝ աւելի քան կարեւոր իրադարձութիւն, որն, անկասկած, կը նպաստի քաղաքականութեան վերադարձին մերօրեայ իրականութիւն։

Թող ասածս տարօրինակ չթւայ։ Այո, հէնց քաղաքականութեան վերադարձ։ Սա է իշխանութիւնների կեղծ օրակարգերը յաղթահարելու եւ, ի վերջոյ, նրանցից ձերբազատւելու ուղին։ Հայաստանում գործընթացները նորից պէտք է դառնան քաղաքական։ Մնացած ամէն ինչը պարզապէս ժամանակի ու ռեսուրսների ապարդիւն վատնում է։

Խորհրդարանական լսումների հէնց սկզբում ԱԺ ամբիոնից հնչեց Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանաւոր Բագրատ Սրբազանի խօսքը՝ ամենակարեւոր արձանագրումով։ Այո, «այս լսումները եւ նմանատիպ միւս բոլոր գործողութիւնները ոչ թէ իմ կամ մեր մասին են՝ այլ կալանաւորւած, շղթայւած եւ թշնամական գերութեան մէջ գտնւող մեր Հայրենիքի, մեր պետութեան ազատագրութեան մասին»։

Ցաւօք, ինքս չկարողացայ ելոյթ ունենալ լսումներում։ Բայց կարեւոր մի միտք, որն այսօր պէտք է հնչեցնէի խորհրդարանում, այնուամենայնիւ ուզում եմ այստեղ ներկայացնել։ Այն է, որ մենք պէտք է շատ լաւ գիտակցենք՝ քաղաքական շարժառիթներով հետապնդւող մեր ոչ մի ընկեր պատահական չի յայտնւել կալանավայրերում։

Իշխանութիւնները շատ լաւ գիտեն, թէ ինչ են անում։ Շատ թիրախային են գործում։ 18 Արդարների գործը դրա ամենավառ ապացոյցն է։ Տեսէք, թէ ում են հետապնդում իշխանութիւնները։ Բարձրաստիճան հոգեւորականի, զոհւած զինւորի ծնողի, ՀՀ խորհրդարանի պատգամաւորի, Արցախի խորհրդարանի պատգամաւորի, ազատամարտի մասնակցի, արդար կնոջ, զինւորականի… Ի դէմս բոլոր այս մարդկանց Նիկոլն ու նրա խորհրդականները թիրախաւորել են մեր ողջ ժողովրդին, ժողովրդի ամենասիրելի ու պատւելի շերտերին։

Սրա մասին ես շատ եմ խօսել, բայց անհրաժեշտ է նորից կրկնել։ Որովհետեւ, այո՛, երիցս ճիշտ է Սրբազան Հայրը՝ խօսքը քաղբանտարկեալների մասին չէ։ Խօսքը Հայաստանի մասին է ու մեր ժողովրդի։ Ի դէմս Բագրատ Սրբազանի, Լիդիա Մանթաշեանի, Դաւիթ Համբարձումեանի, Սամուէլ Կարապետեանի, Արթուր Սարգսեանի, Միքայէլ Սրբազանի, Նարեկ Սամսոնեանի, Վազգէն Սաղաթէլեանի եւ միւս բոլոր քաղբանտարկեալների, այսօր բանտարկւած է մեր ողջ պետութիւնն ու ժողովուրդը։

Դատելով Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սրագսեանին՝ այս իշխանութիւնները դատում են մեր ողջ ժողովրդին եւ պետութիւնը։

Սա է ճշմարտութիւնը։

Բայց ճշմարտութիւն է նաեւ այն, որ Նիկոլն ու իր հովանաւորները յաջողում են միայն այն դէպքում, երբ մենք ենք թերանում մեր անելիքներում։ Իսկ մենք, ցաւօք, շատ ենք թերացել։

Ու թերացել ենք հէնց քաղբանտարկեալների հարցում։ Խորհրդարանական այսօրւայ լսումները, ինչպէս նաեւ մի քանի օր առաջ Դատախազութեան շէնքի դիմաց մեկնարկած ակցիա-երթը այդ թերացումները շտկելու՝ իմ կարծիքով շատ արդիւնաւէտ քայլեր էին։ Քաղբանտարկեալները մնացել են այս իշխանութիւնների կոկորդին։

Չեն մարսում ու չեն կարողանալու մարսել։ Ուզո՞ւմ էք համոզւել ասածիս ճշմարտութեան մէջ՝ ցանկացած քպականի մօտ հնչեցրեք, օրինակ, Լիդիա Մանթաշեանի անունը։ Միշտ այդպէս է լինում՝ երբ խիղճը բանտարկւում է, այն սկսում է ներսից «ուտել» մարդուն։ Եւ ի վերջով յաղթանակում է, որովհետեւ ինչպէս կրկին երիցս ճիշտ է ասում Բագրատ Սրբազանը, չարիքը «չի կարող պարզապէս յաղթել արդարութեանը, ճշմարտութեանը, հաշտութեանը եւ սիրուն»։

Եւս մէկ ճշմարտութեան մասին եմ ուզում պատմել։ Բանտարկւած մեր ընկերներն այսօր կերտում են մեր վաղւայ յաղթանակը։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլեւ բոլոր մնացած ոլորտներում։ Որովհետեւ պայքարում են։ Հաւատում են։ Չեն վախենում։ Պատիւն ու արժանապատւութիւնը ամէն ինչից վեր են դասում։ Եւ դրա արդիւնքն է, որ Հայաստանի Խորհրդարանում այսօր ոչ թէ Հայրենիքի Կալանաւորի, այլ Յաղթանակած Սրբազանի կոչ հնչեց»։

168.am

Related Articles

Back to top button