Այլ

Նշւել է սննդակարգի մասին, որն օգնում է վերահսկել արեան մէջ շաքարի մակարդակը

2-րդ տեսակի շաքարային դիաբետի դէմ պայքարում բժիշկները մշտապէս փնտրում են արեան մէջ գլիւկոզայի վերահսկման արդիւնաւէտ միջոցներ, որոնք հասանելի կլինեն պացիենտների լայն շրջանակին։ Հետազօտողների խումբը համեմատել է երկու մօտեցում դիաբետի վերահսկմանը. ժամանակային սահմանափակմամբ սննդակարգ եւ սննդաբանի աւանդական խորհրդատւութիւններ։

Հետազօտութեան կարեւոր տարր է դարձել 16։8 դիետան, որը լայն տարածում է ստացել է 2015-ից։ Այդ մեթոդը ենթադրում է սննդի ընդունում ութ ժամանոց պատուհանում, օրինակ՝ ժամը 11։00-ից մինչեւ 19։00-ն, հետագայ 16 ժամում սնունդ չընդունելով։ Այս կարգն օգնում է օրգանիզմին սինքրոնացնել սնւելը բնական կենսաբանական ռիթմերի հետ, ինչը յատկապէս կարեւոր է դիաբետ ունեցողների համար, որոնց մօտ յաճախ նկատւում է գլիւկոզայի բարձր մակարդակ առաւօտեան ժամերին։

Վեցամսեայ հետազօտութեանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող 52 պացիենտ, որոնք ընդունել են երկու դեղահաբից ոչ աւելի։ Մասնակիցներին բաժանել են երկու հաւասար խմբերի. մէկը հետեւել է ժամանակային սահմանափակումներ ունեցող կարգին, միւսը ստացել է սննդաբանի անհատական խորհրդատւութիւնները։ Առաջին չորս ամիսներին երկու խմբերն այցելել են չորս խորհրդատւութիւների, ինչից յետոյ երկու ամիս ինքնուրոյն հետեւել են նշանակւած կարգին։

Արդիւնքները ցոյց են տւել երկու մեթոդների նոյն արդիւնաւէտութիւնը, ընդ որում՝ առաւել նկատելի բարելաւում գրանցւել է առաջին երկու ամսում։ Երկու խմբերում նկատւել է նաեւ որոշ մասնակիցների քաշի իջեցում։ Սակայն 16։8 կարգին հետեւող պացիենտները նշել են աւելի հեշտ ադապտացում սնւելու նոր ժամանակացոյցին եւ լրացուցիչ առաւելութիւններ են ստացել քնի որակի բարելաւման ձեւով։ Նրանք նաեւ նշել են ընտանիքի աջակցութեան եւ վաղ համատեղ ընթրիքի դրական էֆեկտի մասին։

Յատկանշական է, որ ժամանակային սահմանափակմամբ խմբի մասնակիցները աւելի կարգապահ են եղել դիետիկ խորհրդատւութեան խմբի համեմատ։ 16։8 ռեժիմը պահելու հիմնական խոչընդոտներ են դարձել սոցիալական միջոցառումները, մերձաւորների խնամքի պարտականութիւնները եւ աշխատանքային ժամանակացոյցը։ Այնուամենայնիւ, մեթոդի պարզութիւնը եւ բարդ դիետիկ հաշւարկների անհրաժեշտութեան բացակայութիւնն այն աւանդական մօտեցման հրապուրիչ այլընտրանք են դարձնում, մանաւանդ այն պացիենտների համար, որոնք սննդաբանի խորհրդատւութիւնների մշտական հասանելիութիւն չունեն։

News.am

Related Articles

Back to top button