Ամիր Աբդօլլահեան. «Սիոնիստների իրականացւած ցեղասպանութիւնը սպառնում է միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը»
«ԱԼԻՔ» – Իսլամական Հանրապետութեան ԱԳՆ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը ի վիճակի չեն ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը եւ զգուշացրել է, որ սիոնիստների կողմից իրականացւած ցեղասպանութեան հետեւանքները սպառնում են միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը։
ԻՌՆԱ-ի համաձայն՝ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպանի հրաւէրով Ժնեւ ժամանած Ամիր Աբդօլլահեանը, երէկ մասնակցելով աշխարհի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որի թեման էր «Պաղեստինի օկուպացւած տարածքներում մարդու իրաւունքների իրավիճակը, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը եւ միջազգային մարդասիրական իրաւունքները», ասել է. «Մենք այսօր Ժնեւում այն պայմաններում ենք մեր տեսակէտները միմեանց հետ կիսում, երբ նոյնութեամբ շարունակւում է Իսրայէլի ռեժիմի ռազմական յարձակումները եւ Գազայում ցեղասպանութիւնը՝ կանանց, երեխաների եւ քաղաքացիների սպանդի միջոցով»։
ԱԳ նախարարը նշելով, որ սիոնիստական ռեժիմի ագրեսիան խլել է շուրջ 18 հազար խաղաղ բնակիչների, այդ թւում՝ աւելի քան 12 հազար կանանց ու երեխաների կեանքը, յաւելել է. «Մարդասիրական հրադադարը խախտւել է Իսրայէլի ռեժիմի կողմից։ Իսրայէլի ռեժիմի գերիների փոխանակումը աւելի քան 9 հազար պաղեստինցի գերիների հետ դադարեցրել է։ ԱՄՆ-ը բացայայտ վետօ է կիրառել Արաբական Միացեալ Էմիրութիւնների առաջարկած բանաձեւի դէմ, որն ընդգծում էր պատերազմի դադարեցումը, հրադադարը, Ռաֆահի եւ Աբու Սալեմի սահմանների վերաբացումը, մարդասիրական օգնութիւնների առաքումը, այդ թւում՝ դեղորայքի, սնունդի եւ վառելիքի առաքումը եւ կասեցնել Գազայի բնակիչների պարտադիր տեղահանումը»:
Ամիր Աբդօլլահեանն ընդգծել է. «ԱՄՆ-ը այսօր բացայայտ ձեւով աջակցում է Իսրայէլի ռեժիմին, կանանց ու երեխաների սպանդի գործում: Մենք համոզւած ենք, որ Իսրայէլի ռեժիմը մի օկուպանտ ու ապարտէիդ ռեժիմ է, իսկ ՀԱՄԱՍ-ը օկուպանտ ուժերի դէմ, պաղեստինեան ազատատենչ մի շարժում է»: Իր ելոյթի այլ բաժնում նա ասել է. «Այսօր Արեւմտեան Ասիայում եւ տարածաշրջանում ամէն օր ականատես ենք լինում պատերազմի տարածմանը, մի պատերազմի, որն ամէն պահի կարող է վերածւել վերահսկողութիւնից դուրս մի պայթիւնի։ Մենք համոզւած ենք, որ պատերազմը լուծման ելքը չէ: Անտարակոյս ԱՄՆ-ը եւ Իսրայէլի ռեժիմը երբեւէ չեն կարողանալու ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, քանի որ ՀԱՄԱՍ-ը արմատներ ունի Պաղեստինի ժողովրդի մէջ»: Նա ընդգծել է. «Ապարտէիդի ռեժիմի պատերազմն ու ցեղասպանութիւնը պէտք է անյապաղ դադարեցւի: Բոլոր կառավարութիւնները պէտք է ակտիւօրէն գործեն Պաղեստինին հումանիտար օգնութիւն ուղարկելու համար»: