Իրան

Քերմանի գլխաւոր դատախազ. «Մինչեւ տարելիցի արարողութիւն շուրջ 16 ռումբ էր յայտնաբերւել եւ չէզոքացւել. ձերբակալւածներից 23-ի ԴԱԷՇ-ի հետ կապը հաստատւել է»

Քերմանի պայթիւնի հետքերով. Ձերբակալւել է 32 կասկածեալ

«ԱԼԻՔ» – Անդրադառնալով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչութեան վերջին մանրամասներին՝ Քերմանի գլխաւոր դատախազն յայտնել է, որ 24 ժամւայ ընթացքում այս ահաբեկչութեան մէջ ներգրաււած բոլոր գործակալները յայտնաբերւել եւ ձերբակալւել են:

«Թասնիմ»-ի համաձայն՝ Քերմանի գլխաւոր դատախազ Մեհդի Բախշին մեծ թւով ուխտաւորների զոհւելու կապակցութեամբ յաւելել է, որ առաջին պայթիւնից անմիջապէս յետոյ, ինքն այցելել է դէպքի վայր, որտեղ անձամբ երկրորդ պայթիւնի ականատեսն է եղել:

Անդրադառնալով այն փաստին, որ երկու մահապարտներից մէկն ունեցել է Տաջիկստանի քաղաքացիութիւն, Բախշին յաւելել է. «Արժէ յիշեցնել, որ ահաբեկչական գործողութեան նահատակների յուղարկաւորութեան օրը եւս յայտնաբերւել եւ ձերբակալւել են եւս երկու մահապարտ ահաբեկիչներ։ Այս գործով մինչ այժմ նրանց աջակցող խմբից կալանաւորւել է 32 անձ, որոնք հարցաքննւում են կամ գտնւում են հարցաքննութեան նախնական փուլում»։

Յայտարարելով, որ ահաբեկիչներին յայտնաբերելու գործողութիւնը իրականացւել է 3 փուլում նա նշել է, որ աշխատանքի հէնց սկզբում նահանգային Արդարադատութեան ղեկավարի հրամանագրով առաջին փուլում ուսումնասիրւել են Անվտանգութեան խորհրդի քննարկումները: «Երկրորդ փուլում իրականացւել է հետաքննութիւն ահաբեկչական գործողութեան պլանաւորման վերաբերեալ: Երրորդ՝ գործողութեան իրականացման փուլն է ուսումնասիրւել»,- յաւելել է գլխաւոր դատախազը։

Նշելով, որ ժողովուրդը բոլոր երեք ուղղութիւնների վերաբերեալ էլ հարցեր ունի, որոնց պէտք է տրւի լիարժէք պատասխան, նա յիշեցրել է. «Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան տարելիցի շտաբն իր աշխատանքներն սկսել էր երեք տարի առաջ, որի շրջանակներում կեանքի էր կոչւել անվտանգային հարցերով կոմիտէ։ Նախորդ տարիների միջոցառման բացթողումները լուծելու նպատակով եւ այս տարւայ միջոցառումների իրականացման համար տեղի է ունեցել չորս կարեւոր հանդիպումներ, որտեղ զեկուցաբերները յայտնել էին յայտնաբերւած եւ չէզոքացւած 16 ռումբերի մասին»:

Նա յաւելել է. «Իսրայէլը, դիմադրութեան ճակատից կրած պարտութեամբ, անցել էր վարձկանների հաւաքագրմանը, որպէսզի այս օրերի ընթացքում իրականացնի ահաբեկչական գործողութիւններ: Իսկ ԴԱԷՇ-ը եւս այն խմբաւորումներից էր, որին մեծ հարւած էր հասցւել նահատակ Սոլէյմանիի գլխաւորութեամբ»։

Դատախազը ընդգծւած նշել է, որ պայթիւնների նախորդ գիշերը միջոցառման ողջ տարածքը վերահսկւել եւ հետաքննւել է էլեկտրական սարքերով ու պայթուցիկ յայտնաբերող շներով, սակայն ոչինչ չի յայտնաբերւել։

Անդրադառնալով այն փաստին, որ վերջին երկու ամիսների ընթացքում Քերմանում Ազգային հետախուզութեան նախարարութեան եւ Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի հետախուզութեան կողմից բացայայտւել եւ ձերբակալւել են մեծ թւով մահապարտներ, դատախազը յաւելել է. «Վերջին երկու ամսում Քերման նահանգում ԴԱԷՇ-ի 23 անդամ է ձերբակալւել»։

Բախշին տեղեկացրել է, որ ապացոյցներից մէկը, որը ցոյց է տալիս, որ մահապարտ-ահաբեկչին չի յաջողւել մօտենալ ամբոխին, մեծ թւով զինւորականների եւ իրաւապահների նահատակութիւնն ու վիրաւորման դէպքերն են: «Իսկ Peugeot մակնիշի աւտոմեքենայի կապակցութեամբ եւս պէտք է յայտնել, որ մեքենան ունեցել է երթեւեկութեան արտօնագիր եւ եղել է երթն սպասարկող մեքենաներից։ Անցկացւած հետաքննութիւնների արդիւնքում պարզ դարձաւ, որ մեքենան ոչ միայն պայթիւնի աղբիւրը չէ, այլեւ այն պատնէշի օրինակով հաւաքել է ռումբի բեկորների զգալի մասը»:

«Մենք ոչ մի կերպ չենք եկել այն եզրակացութեան, որ պայթուցիկ փաթեթը տեղադրւած է եղել այդ կէտում, եւ երկու պայթիւններն էլ մահապարտ-ահաբեկչի կողմից է եղել»,-հաստատել է գլխաւոր դատախազը:

Անվտանգութեան եւ ԶՈՒ-ի ուժերի կողմից որեւէ բացթողում չի արձանագրւել:

Նշելով, որ անվտանգութեան կոմիտէն մտածել էր բոլոր անհրաժեշտ միջոցների մասին, նա յաւելել է, որ Անվտանգութեան խորհրդի նիստում եւս ուսումնասիրւել են գործի հանգամանքները, որտեղ բոլորը համակարծիք էին, որ այս միջադէպում չի նկատւել անվտանգային ուժերի կողմից անփութութեան որեւէ դրւագ»:

Related Articles

Back to top button